Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ով փրկեց Սևանի ավազանի բնակչությանը կոտորածից, փաստեր որոնց մասին չգիտեն շատերը

23:19, ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ.
Ով փրկեց Սևանի ավազանի բնակչությանը կոտորածից, փաստեր որոնց մասին չգիտեն շատերը

Աղաբեկ Մելքոնյան- Տաղլարի Աղաբեկ

Խորհրդային տարիներին հայ իրականությունից օտարվել եւ մերժվել են Հայաստանի առաջին Հանրապետության գոյության 2, 5 տարիները: Մինչդեռ, եթե չլիներ առաջին հանրապետությունը, ժամանակակից ՀՀ-ի տարածքը ինքնավար մարզերի, անգամ ոչ ինքնավար հանրապետությունների կարգավիճակով բաժան-բաժան էր արվելու Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ: Հայաստանի առաջին Հանրապետության գոյամարտի տարիներին ժողովրդի ծոցից ելան մի շարք փայլուն զորահրամանատարներ, ովքեր վճռորոշ դեր խաղացին հայ ժողովրդի փրկությունն ու ինքնապաշտպանությունը կազմակերպելու գործում: Խորհրդային տարիներին փորձ արվեց մոռացության տալ նրանց անունն ու գործը, անգամ նրանց որպես ազգի դավաճաններ ներկայացնել, բայց ժողովուրդն իր հիշողության մեջ պահեց ու սերունդներին փոխանցեց նրանց ազգափրկիչ գործունեությունը: Այդպիսի քաջերից մեկն էր վարդենիկցի Տաղլարի Աղաբեկը, ում քաջության ու ռազմական տաղանդի շնորհիվ կոտորածներից զերծ մնաց Սեւանի ավազանի հայությունը: Սակայն նրա կյանքն ու գործունեությունը դեռեւս շատ քիչ է ուսումնասիրված եւ քչերին է հայտնի: Տաղլարի Աղաբեկը ստացել է տարրական կրթություն, սակայն ինքնակրթությամբ լրացրել է գիտելիքների պակասը` փայլուն յուրացնելով հայ ժողովրդի պատմությունն ու հայ գրականությունը: Իմացել է մի քանի լեզուներ: Հոր վաղաժամ մահից հետո մի խումբ բախտակից համագյուղացիների հետ, դեռ 17 տարին չբոլորած, մեկնել է Բաքու, 7 տարի բանվոր աշխատել Կովկասի նավթային մագնատ Ալ.Մանթաշյանի հանքահորերում` միաժամանակ զբաղվելով ինքնակրթությամբ: Բաքվում եղած տարիներին 20 հոգանոց ջոկատ է կազմել, որի խնդիրն էր պայքարել Կովկասի թաթարների բռնությունների դեմ: Աղաբեկի ջոկատը հատկապես գործել է Բաքվի մոտակա շրջաններում` Եվլախում, Բարդայում, Խանլարում, Շաքիում, որտեղ հայերը Կովկասի թաթարների (Կովկասի թուրքերի կամ ներկայումս ադրբեջանցի հորջորջվողների) կողմից հաճախակի էին բռնությունների ենթարկվում: Երբ Արցախը հայտնվեց ազերիաթուրքական հարձակման կիզակետում, Աղաբեկն արդեն հայտնի խմբապետի եւ քաջ զորավարի անուն ուներ: Իր ջոկատը համալրելով` նա անցել է Արցախ, օգնել տեղի հայությանը` փայլուն կատարելով այդ առաքելությունը: 1919-թվականին մեծն Գարեգին Նժդեհի խնդրանքով նա տեղափոխվել է Զանգեզուր` օգնելու տեղի հայությանը: Օգտվելով Հայաստանի առաջին Հանրապետության համար ստեղծված անբարենպաստ ներքին եւ արտաքին պայմաններից` Սեյիդ Իսայի 15 հազարանոց զորքը, որին միացել էր նաեւ Բասարգեչարի տարածաշրջանի թուրք ազգաբնակչությունը, շրջապատել էր Բասարգեչարը` ներկայիս ՀՀ Վարդենիս քաղաքը: Մահվան օղակի մեջ գտնվող Բասարգեչարի ինքնապաշտպանությունը ղեկավարում էին հայտնի բարերար ու մեծահարուստ Բոյախչու Ղարիբ աղան ու Արզոյ Հովհաննեսը: Վիճակն օրհասական էր. բասարգեչարցիները գումարում են ռազմական խորհուրդ եւ որոշում դիմել 30 հազար գաղթականների հետ Նոր Բայազետում գտնվող Զորավար Անդրանիկի օգնությանը, մինչեւ Սյունիքում գտնվող Աղաբեկի զորաջոկատն օգնության կհասներ, ով իր բանագնաց վարդենիկցի Փաշի Ներսեսի միջոցով արդեն տեղյակ էր ստեղծված ծանր իրավիճակին: Շրջապատված Բասարգեչարից Զորավար Անդրանիկին խնդրագիրը հասցնելու որոշումը հանձն է առնում հայտնի հետախույզ Սահակ Պողոսյանը, որը, հրաշալի տիրապետելով թուրքերենին, բազմիցս անցնելով շրջափակման օղակը, զենք ու զինամթերք էր հասցրել յուրայիններին: Առաքելությունն իրականացնելիս Սահակը փայլուն հնարամտություն է դրսեւորում. հաստ գերան փորել տալով՝ մտնում է մեջը, որը գիշերով նետում են Սեւանա լիճը թափվող Մասրիկ գետը: Դուրս գալով բաց լճում` նա լողալով հասնում է ափ` Զորավարին հասցնելով շրջափակման լուրը: Լուռ լսելով Սահակին, Անդրանիկը հարցնում է Աղաբեկի մասին, սակայն տեղեկանալով, որ խմբապետը գտնվում է Զանգեզուրում, ասում է. «Չոջուղ, անտուն ու անտեր, մերկ ու անոթի ասքան գաղթականներուն ես որո՞ւն ձգեմ»: Բասարգեչարցիները որոշում են ինչ գնով էլ լինի պաշտպանվել, մինչեւ օգնության կհասնի Տաղլարի Աղաբեկը: Կովկասի թաթարները, կորցնելով գրոհով Բասարգեչարը գրավելու հույսը, բնակավայրը խուլ շրջափակման են ենթարկում: Նրանք որոշում են իրենց զորաբանակից առանձնացնել 2000 հոգանոց մի զորախումբ եւ սարերով հարձակվել տարածաշրջանի հայկական մյուս գյուղերի վրա: Այդ գաղտնի որոշումը զոդեցի Սամանդ աղայի միջոցով, որը դեմ էր ազգամիջյան կռիվներին, հայտնի է դառնում Աղաբեկի կնոջը` Սուսանին, որը ժամանակի կրթված կանանցից էր, ամուսնու զինակիցն ու համախոհը: Սուսանը ոտքի է հանում Գյոզալդարայի (այժմ գ. Վարդենիկ), Քոլակռանի (այժմ գ. Ծովինար), Ալիչալուի (այժմ գ. Արծվանիստ), Գյադաբուլաղի (այժմ գ. Կարճաղբյուր, բոլորն էլ այժմ Գեղարքունիքի մարզում) զենքի ընդունակ 300 երիտասարդների եւ նրանց գլուխն անցած` դիրքավորվում է այժմյան Վարդենիսի տարածաշրջանի Ակունք գյուղի բլուրների վրա: Նման դարանի չսպասելով` թուրքերն ընդհուպ մոտենում են Սուսանի դիրքերին, սակայն դիմահար կրակոցներից անակնկալի գալով` գցում են զենքերն ու անձնատուր լինում: Կովկասի թաթարների մի մասին հաջողվում է սարերով փախչել եւ թաքնվել թուրքաբնակ գյուղերում: Նրանք, նոր համալրում ստանալով, հարձակվում են հայկական գյուղերի վրա: Շուտով տեղ է հասնում Աղաբեկի ջոկատը, որը, համալրելով Վարդենիկի եւ Ծովինարի ավելի քան 500 երիտասարդներով, ինչպես նաեւ Արծվանիստի 150-ից ավելի կամավորներով, անցնում է հարձակման` մոտ տասն անգամ կենդանի ուժով իր զորքը գերազանցող թշնամու վրա: Կիրառելով փայլուն ռազմավարություն` Սեւանի ավազանի արծիվ, քաջ ֆիդայապետ Տաղլարի Աղաբեկը ոչ միայն հիմնովին ոչնչացնում է Սեյիդ Իսայի մոտ 20-հազարանոց բանակը, այլեւ բռնում ու մահապատժի ենթարկում բոլոր կազմակերպիչներին, իսկ Աբասալի բեկը փախչում է Պարսկաստան, այնտեղից էլ` Թուրքիա: Փայլուն կերպով վերացնելով Բասարգեչարի շրջափակումը` Աղաբեկը կրկին վերադարձավ Լեռնահայաստան` շարունակելով պայքարը թշնամու դեմ, որտեղ մնաց մինչեւ 1922թ.: Սակայն բոլշեւիկները, խաբեությամբ հետ կանչելով նրան, կազմակերպեցին Աղաբեկի սպանությունը: Այսպիսի վախճան ունեցավ Սեւանի ավազանի արծիվ Աղաբեկ Օհանի Մելքոնյանը, որի փայլուն ռազմավարության շնորհիվ Սեւանի ավազանի ողջ հայությունը բախտակից չդարձավ Արեւմտյան Հայաստանի իր ազգակիցների ճակատագրին: Սակայն, ցավոք սրտի, մինչ օրս ըստ արժանվույն չի գնահատված մեծ հայրենասերի կյանքն ու գործունեությունը:
    
    
    

Աղբյուրը` Գագիկ Արծրունի
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
14265 | 0 | 0
Facebook