Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ախթալայի Սուրբ Երրորդություն եկեղեցին

21:24, հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ.
Ախթալայի Սուրբ Երրորդություն եկեղեցին

Ախթալայում, բացի Ս․ Աստվածածին վանքից պահպանվել է Ս․ Երրորդություն եկեղեցին։ Վանքը գտնվում է Ախթալայի հյուսիս-արեւելյան մասում, վանքից դեպի հյուսիս-արեւելք, ձորալանջին: Բաղկացած է երկու եկեղեցուց, երկու մատուռից, կից կան մի քանի գերեզմաններ:
     Պատմական աղբյուրները ոչ մի հիշատակություն չեն պարունակում այս եկեղեցու մասին: Միակ հիշատակությունը եկեղեցիների ներսում եղած մի խաչքարի վրա փորագրված վրացերեն հետեւյալ արձանագրությունն է, որը մեջ ենք բերում ըստ Տակայշվիլու՝ ռուսերենից հայերենի՝ մեր թարգմանությամբ. «Տեր աստված, ողորմի սրա կառուցողներ Գեւորգին եւ Սիմոնին»:
     Չնայած արձանագրությունը փորագրված է խաչքարի վրա եւ կարող է վերաբերել նրա կառուցմանը։ Արձանագրության մեջ հիշատակված անձնավորություններից, մեր կարծիքով, Գեւորգը պետք է լինի Ս. Երրորդության վանքի առաջնորդը, իսկ Սիմոնը՝ Պղնձահանից վանքի առաջնորդը:
     Այդ Սիմոնի մասին, որպես Պղնձահանից վանքի առաջնորդի, հիշատակություն կա նաեւ Ախթալայից քիչ դեպի արեւելք, ճանապարհի ձախ կողմում եղած հին գյուղատեղում գտնվող եկեղեցու վրա փորագրված հայերեն հետեւյալ արձանագրության մեջ. «Կամաւք բարերարին Աստուծոյ, յամս աստուածազաւր արքայութեան Դեմետրի, առաջնորդութեան տեր Յովհանիսի, ծինամծղատութեան Սիմոնէ...»:
     Ախթալայում եղած վրացերեն արձանագրություններում Պղնձահանից վանքի առաջնորդների հետ հիշատակվում են նաեւ Հաղբատի վանքի առաջնորդները: Այս հայերեն արձանագրության մեջ նույնպես Սիմոնի հետ հիշված տեր Հովհաննեսը Հաղբատավանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսն է՝ Զաքարեի եւ Իվանեի քրոջ որդին։
     Սրա մասին Հաղբատավանքի արձանագրությունների մեջ հիշատակվում է 1227 եւ 1233 թթ․: Դրանից էլ հետեւում է, որ Ս. Երրորդության վանքը պետք է կառուցված լինի ԺԳ դ․ երկրորդ քառորդում:
     Եկեղեցիները կից են իրար՝ միմյանցից բաժանվում են մի ընդհանուր միջնորմով եւ հաղորդակցվում են այդ միջնորմի մեջ եղած կամարակապ մի բացվածքով: Երկու եկեղեցիներն էլ ունեն երկարաձիգ ուղիղ քառանկյունի հատակագիծ, թաղակապ ծածկ եւ մեկական մուտք՝ արեւմտյան կողմից: Հարավային կողմի եկեղեցին համեմատաբար լայն է, արեւելյան կողմից ունի կիսակլոր լայն աբսիդ՝ եկեղեցու ամբողջ լայնությամբ, որի կողերի պատերի մեջ կան մեկական խորշեր՝ դարակների ձեւով: Ցածրադիր խորանի կենտրոնում դրված է խոշոր Ս․Սեղանը: Չորս լուսամուտներից մեկական հատ բացվում են արեւելյան եւ արեւմտյան պատերից եւ երկու հատ՝ հարավային պատից, որոնցից արեւմտյան կողմինը համեմատաբար շատ մեծ է: Հյուսիսային կողմի եկեղեցին նույնպես արեւելյան կողմից ունի կիսակլոր աբսիդ՝ եկեղեցու ամբողջ լայնությամբ, առանց խորանի ու Ս․Սեղանի: Հյուսիսային, արեւելյան եւ արեւմտյան պատերից բացվում են մեկական փոքր լուսամուտներ: Եկեղեցիները արեւմտյան կողմից ունեն ընդհանուր սրահ՝ դրանց արեւմտյան պատերի ամբողջ երկարությամբ: Սրահի ծածկը նույնպես թաղակապ է, սակայն բավականին ցածր է եկեղեցիների տանիքից: Արեւմտյան կողմից ունի երկու եւ հարավային ու հյուսիսային ծայրերից՝ մեկական կամարակապ լայն բացվածքներ, ըստ որի հարավային ծայրի կամարակապ բացվածքը համեմատաբար ավելի մեծ է: Երկու եկեղեցիներն էլ, ինչպես եւ սրահը շարված են կապտագույն ծակոտկավոր բազալտի մաքուր տաշված քարերով՝ կրաշաղախի միացությամբ: Հենց այդ ծակոտկավոր լինելու հանգամանքն է, ըստ երեւույթին, կառուցմանը վերաբերող արձանագրությունը հնարավոր չի եղել փորագրել եկեղեցիների պատերի վրա, այլ փորագրել են խաչքարի վրա ու կանգնեցրել եկեղեցու ներսում: Թե եկեղեցիները եւ թե սրահը սալահատակված են եղել, բոլորի տանիքներն էլ պատած է եղել սալքարերով:
     Այժմ՝ եկեղեցին կանգուն վիճակում է՝ քայքայված է սալահատակի մեծ մասը, թափված են տանիքների բոլոր սալաքարերը, քայքայված է ծածկի երեսի շերտը, թափված են քիվերի մի մասը, մասամբ քանդված է պատերի վերի քարաշարքը:
     Ս. Երրորդության վանքի շուրջը եւ սրահում կան մի շարք գերեզմաններ՝ հարթ երես ունեցող տապանաքարերով, որոնցից մի քանիսն ունեն վրացերեն լեզվով փորագրված տապանագրություններ, որոնք մեջ ենք բերում թարգմանաբար․

«Աստված ողորմի Հոհաննին» .
     «Աստված ողորմի Մովսես քահանային» .
     «Աստված ողորմի դեկանոգ Նիկոլային» .
     «Տեր Աստված ողորմի Սիմոնին»:

Հավանական է, որ այս վերջինս Պղնձահանից վանքի առաջնորդ Սիմոնը եղած լինի, որի մասին հիշվում է Ախթալայից դեպի արեւելք, ճանապարհի եզրին գտնվող հին գյուղատեղիում եղած եկեղեցու վրա փորագրված հայերեն արձանագրության մեջ: Մի վրացերեն արձանագրություն էլ փորագրված է Ս. Երրորդության վանքի վրա, որը հետեւյալն է. «Սուրբ հայրեր, աղոթեցեք յանուն Աստուծոյ մեղուցեալ Մօսէ (Մովսէս) Կանդալակիի համար»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4174 | 0 | 0
Facebook