Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ֆանտաստիկայի ժանրի ամենահին ինքնակենսագրական ստեղծագործություններից մեկը՝ Դանիելի գիրքը

18:34, ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.
Ֆանտաստիկայի ժանրի ամենահին ինքնակենսագրական ստեղծագործություններից մեկը՝ Դանիելի գիրքը

Հին կտակարանի Դանիելի գրքի երկրորդ գլուխն սկսվում է այն պատումով, թե Երուսաղեմը գրաված և հրեաներին գերի տարած Նաբուքոդոնոսորը՝ Բաբելոնի արքան, իբր թե հանձնարարել է երեք տարի սնել, դաստիարակել, քաղդեացիների լեզուն ու դպրությունը սովորեցնել ազնվական ծագմամբ, առավել գեղեցիկ ու անարատ չորս պատանի հրեաների: Ասփանեզը՝ Նաբուքոդոնոսորի ներքինապետը, այդ չորս պատանիներին՝ Դանիելին, Անանիային, Միսայելին և Ազարիային նախ անվանափոխում է. Դանիելին Բաղդասար է անվանում, Անանիային՝ Սեդրակ, Միսայելին՝ Միսակ և Ազարիային՝ Աբեդնագով: Դանիելը որոշում է չճաշակել թագավորի սեղանից և չխմել այն գինուց, որը թագավորն էր խմում ու ներքինապետին խնդրում է թույլ տալ, որ ինքը չուտի: Այստեղ Աստված, իր բան ու գործը թողած, այնպես է անում, որ Դանիելը ներքինապետի գութին ու շնորհին արժանանա: Եվ ներքինապետը, հասկանալով, որ եթե Դանիելը չսնվի, կնիհարի ու թագավորը նրա դալուկ դեմքից կկռահի, որ նա քաղցած է մնացել, ուստի, Դանիելի խորհրդով, հանձնարարում է իր վերակացու Ամելասադին՝ նրանց միայն ընդեղենով կերակրել: Արդյունքը գոհացուցիչ է լինում. Տասն օր անց նրանց դեմքի գույնը ոչ միայն չի փոխվում, այլև մարմնով ավելի հզոր են դառնում, քան ներքինացված մյուս բոլոր մանուկները; Այստեղ չի ասվում, որ նրանց ամորձատել են, բայց տեքստից բավականին թափանցիկորեն նկատելի է:

Պատանիների դաստիրարակությունը օգտակար է լինում, և Նաբուքոդոնոսորը նրանց իր թագավորության բոլոր իմաստուններից ու աստղաբաշխներից տասն անգամ ավելի խելացի ու գիտուն է հռչակում:

Մի գիշեր էլ Նաբուքոդոնոսորը երազ է տեսնում, որն այնքան է նրան տագնապեցնում, որ, արթնանալով, չի կարողանում հիշել այդ երազը: Կանչում է բոլոր իմաստուններին ու կարգադրում է ասել, թե ինչ է ինքը երազում տեսել ու մեկնաբանել այն: Իմաստունները պատասխանում են, թե անհնար է կատարել պահանջի առաջին մասը, բայց եթե թագավորը կարողանա հիշել իր երազը, ապա իրենք այն հեշտությամբ կմեկնաբանեն: Նաբուքոդոնոսորը կատաղում է ու հրամայում է բոլոր իմաստուններին կոտորել: Չգիտես ինչու՝ փնտրում են նաև Դանիելին ու իր ընկերներին, որպեսզի սպանեն, այն դեպքում, երբ նրանք չէին կանչվել թագավորի երազը բացահայտելու: Եվ հանկարծ Դանիելը հայտարարում է, թե հանձն է առնում Նաբուգոդոնոսորին հիշեցնել իր տեսած երազի բովանդակությունն ու այն ամենաճշգրիտ ձևով մեկնաբանել: Դանիելը թագավորին հայտնում է, թե նա երազում ոսկե գլխով, արծաթյա կրծքով ու ձեռքերով, պղնձյա մեջքով ու ազդրերով, երկաթյան սրունքներով, կես երկաթից, կես խեցուց կազմված ոտքերով մի վիթխարի արձան է տեսել: Հարևան սարից պոկված մի քարի կտոր հարվածել է արձանի ոտներին, փշրել է դրանք, ու արձանը տապալվել է, երկաթը, պղինձը, արծաթն ու ոսկին փոշիացել են, իսկ քարի կտորը մեծ սար է դարձել ու ծածկել է ամբողջ երկիրը:

Մեկնաբանելով իր իսկ «բացահայտած» երազը՝ Դանիելն ասում է, թե ոսկե գլուխը դա Նաբուքոդոնոսորն է, թե Նաբուքոդոնոսորից հետո արծաթե թագավորություն է բարձրանալու՝ համեմատաբար փոքր, ապա՝ պղնձե թագավորություն, պղնձե թագավորությանը հաջորդելու է չորրորդ՝ առավել վիթխարի թագավորությունը, որը կիսով չափ երկաթից և կիսով չափ կավից, այսինքն կիսով չափ ուժեղ, կիսով չափ թույլ է լինելու: Եվ այդ ժամանակ Աստված բարձրացնելու է հինգերորդ թագավորությունը, որը ոչնչացնելու է մյուս բոլոր թագավորություններ ու հավերժ մնալու է: Լիովին ապշած այդ «խորաթափանց» իմաստունությամբ, Նաբուքոդոնոսորը երիտասարդ Դանիելի ոտներն է ընկնում, նրան ողողում է ընծաներով ու նշանակում է իր երկրի նահանգներից մեկի նահանգապետ: Գիտնականները, սակայն, ասորական գրություններում այս փուչ հորինվածքին գոնե մի քիչ նմանվող պատմություն չեն գտել:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2985 | 0 | 0
Facebook