Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խրատ՝ ծովախեցգետինների վարքի օրինակով

10:19, չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ.
Խրատ՝ ծովախեցգետինների վարքի օրինակով

Հայրն իր տասնչորսամյա որդուն իր հետ տանում է ծովախեցգետինների որսի: Մի քանի ժամ անց որդին հորն ասում է. «Հայրի՛կ, հայրի՛կ, զամբյուղը պետք է մի բանով ծածկել. այն շուտով կլցվի, և խեցգետինները դուրս կգան»:

«Մի՛ անհանգստացիր, որդի՛ս, - պատասխանում է հայրը, - ոչինչ էլ չի լինի»:

Տասը րոպե անց որդին, արդեն տագնապած, նորից դիմում է հորը. «Հայրի՛կ, հայրի՛կ, հարկավոր է զամբյուղը մի բանով ծածկել. այն արդեն լիքն է ծովախեցգետիններով, և դրանք ուր որ է դուրս կգան»:

«Հանդարտվի՛ր, որդի, ս: Ոչինչ էլ պետք չէ անել: Անհանգստանալու կարիք չկա: Հիմա ես քեզ կբացատրեմ. երբ ծովախեցգետիններից որևէ մեկը փորձում է զամբյուղից դուրս գալ, մյուսները նրան իրենց աքցաններով բռնում են ու թույլ չեն տալիս: Այնպես որ ոչ մի վտանգ չկա:

Քանի որ առիթը ներկայացել է, ուզում եմ, որ քո կյանքի գլխավոր դասն այս ծովախեցգետինների օրինակից առնես: Տարիներ անց դու էլ, այս ծովախեցգետինների նման, փորձելու ես զամբյուղից դուրս գալ, փորձելու ես իրագործել քո երազանքները, հավանաբար հեռանալով ձկնորսությամբ ապրող մեր գյուղից ու համագյուղացիներից, համալսարան ես ընդունվելու ու միգուցե քաղաքում մեծ առաջընթաց ես ունենալու: Բայց նկատի առ, որ մարդկանցից ոմանք, որոնց հետ դու հաճախակի շփումներ ես ունենալու, ծովախեցգետինների նման, փորձելու են խոչընդոտել քո առաջընթացը, քո վերելքը: Նրանք փորձելու են քո առաջընթացը խոչընդոտել ոչ միայն իրենց, այլև՝ ուրիշների չանչերով, փորձելու են խոչընդոտել հուսալքության մատնող խոսքերով: Նրանք քեզ մոտավորապես այս խոսքերն են ասելու. «Դա անհնարին է», «Դու այդ կարողությունը չունես», «Դու բավականաչափ տաղանդավոր չես», «Դու պատշաճ կրթություն չունես», «Դու դեռ շատ երիտասարդ ես», «Դու արդեն շատ մեծ ես», և այլն, և այլն:

Իսկ գիտե՞ս, թե նրանք ինչու են քեզ խորընդոտելու: Քանի որ նրանք վախենալու են, թե իրենք քո կողքին նսեմ են երևալու, եթե իրականացնես երազանքներդ: Ոչ մեկը չի համակերպվում իր փոքրության, իր չնչինության հետ»:

Պատանին այդ օրը կարևոր դաս առավ: Նա հասկացավ, որ պետք է ընտրողաբար ձևավորի իր ներկա ու ապագա շրջապատը, որ ինքը չպիտի իր երազանքներին հաղորդակից դարձնի չարակամներին:

Հանրահայտ ասացվածք կա. «Ասա՛, թե ովքեր են ընկերներդ, և ես կասեմ, թե ով ես դու»: Այս ասացվածքը կարելի է հետևյալ կերպ փոխել. «Ասա՛ ինձ, թե ում հետ ես ընկերություն անում, և ես կասեմ, թե դու ինչ ես դառնալու»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2907 | 0 | 0
Facebook