Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

Հոդվածներ

Պարելու անզուսպ ցանկությունը՝ ժանտախտի հարուցած զանգվածային փսիխոզի դրսևորում ու համաճարակի հետ կապված ժողովրդական սնահավատությունը

21:29, երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ.
Պարելու անզուսպ ցանկությունը՝ ժանտախտի հարուցած զանգվածային փսիխոզի դրսևորում ու համաճարակի հետ կապված ժողովրդական սնահավատությունը

Այս երևույթի միջնադարյան զոհերն սկսել են ցատկել, ճչալ, անհեթեթ շարժումներ կատարել, որոնք նմանվել են խելակորույս պարի: Այս վիճակում գտնվող հազարավոր մարդիկ են մեկտեղվել, ու պատահել է, որ նրանց մոլոպարին հետևողները մեկ էլ հանկարծ միացել են պարողների խառնամբոխին ու նոր թափ հաղորդել զանգվածային փսիխոզին: Մոլագարության վիճակի հասածներն ինքնուրույն չեն կարողացել պարը դադարեցնել ու գոռոմ-գոչյուններով մի բնակավայրից մեկ այլ բնակավայր են հասել: Հետո, լրիվ ուժասպառված, գետնին են փռվել ու քնել են: Դրանից հետո փսիխոզը մարել է, բայց երբեմն էլ այն մի քանի օր և նույնիսկ մի քանի շաբաթ է տևել: Մոլագարության վիճակի հասած պարողներին եկեղեցիներում փորձել են սուրբ ջրով բուժել, պատահել է, որ երբ բուժման բոլոր միջոցները սպառվել են, քաղաքային իշխանությունները երաժիշտներ են վարձել, որպեսզի նրանք նվագակցեն խելահեղ պարերին և դրանով իսկ այդ հիվանդներին հասցնեն ուժասպառության ու քնի:

Այդպիսի դեպքեր եղել են նաև համաճարակից առաջ, բայց եթե նախկինում այդպիսի դեպքերը եզակի են եղել, ապա «սև մահ» -ի տարիներին այս երևույթը սարսափազդու տարածում է ստացել, երբեմն պարող ամբոխը բաղկացած է եղել մի քանի հազար մարդուց: Ենթադրվում է, որ պարելով՝ մարդիկ փորձել են իրենց միջից դուրս մղել համաճարակի հարուցած վախը: Այս երևույթը Եվրոպայում փոթորկել է 14 – 15-րդ դարերում, ապա մարել է:

Ամեն օր մահվան սպառնալիքի ներքո ապրող մարդկանց խաթարված երևակայության մեջ ուրվականները, տեսիլքները և, ի վերջո, «նշանները» հայտնվել են ցանկացած իրադարձության ժամանակ: Օրինակ՝ պատմել են երկնքից իջած լույսի սյան մասին, որը հայտնվել է 1347 թվականի դեկտեմբերին: Այդ սյունը մայրամուտից հետո մեկ ժամ շարունակ կախված է եղել պապական պալատի վրա: Ինչ-որ մեկն էլ տեսել է, որ նոր կտրված հաղորդության հացից արյուն է կաթում՝ նախազգուշացնելով վերահաս դժբախտության մասին: Ժանտախտի բռնկման համար մեղադրել են գիսաստղերին, որոնց Եվրոպայում տեսել են վեց անգամ՝ սկսած 1300 թվականից: Իսկ արդեն համաճարակի ժամանակ մարդկանց խաթարված երևակայությունն անհավանական բաներ է նկատել: Օրինակ՝ սիցիլիական ժանտախտի տարեգիր Միքելե Պյացցան լիակատար վստահությամբ վերապատմել է սուր բռնած սև շան մասին, որը ներխուժել է Մեսսինայի եկեղեցի, ջարդ ու փշուր է արել սուրբ անոթները, մոմերն ու խորանի լուսատուները: Հիասթափությունը բժշկությունից ու պաշտոնական եկեղեցուց հանգեցնում է նրան, որ հասարակ ժողովուրդն սկսում է օգնություն ակնկալել այնպեսի ծեսերում, որոնց արմատները հեթանոսության մեջ էին:

Ժանտախտի դեմ փորձել են պայքարել հմայիլներով ու նզովքի խոսքերով, ընդ որում այսպիսի սնահավատությունների դիմել են նույնիսկ հոգևորականները՝ իրենց պարանոցից կախելով սնդիկով լցված արծաթյա գնդիկներ կամ մկնդեղով լցված քսակներ: Ժանտախտի հարուցած սարսափը հանգեցնում է նրան, որ ժողովրդական սին հավատալիքները ներթափանցում են նույնիսկ եկեղեցի՝ պաշտոնական հավանություն ստանալով հոգևոր իշխանությունից: Օրինակ՝ Ֆրանսիայի որոշ քաղաքներում հետևյալ հետաքրքրական ծեսն է կատարվել. Երկար թելով չափել են քաղաքային պարիսպը, հետո այդ թելն օգտագործվել է որպես պատրույգ այն հսկա մոմին, որը վառել են եկեղեցու խորանին:

Ժանտախտը պատկերվել է տների շեմը ցախավելով ավլող կույր պառավի, սևազգեստ հեծյալի, մի գյուղից մյուս գյուղը մեկ ոտք գցելով հասնող հսկայի և նույնիսկ երկու՝ չար ու բարի ոգիների տեսքով. բարի ոգին մահակով մի քանի անգամ թակել է տան դուռը, և քանի անգամ որ թակել է, այդքան մարդ պիտի մեռնի այդ տանը: Ժանտախտին նույնիսկ տեսնողներ են եղել. նա մասնակցել է հարսանիքների՝ խղճացել է ոմանց ու խոստացել է նրանց փրկել: Ժանտախտին պատկերել են նաև իր պատանդի ուսերին նստած. նա պատանդին պարտադրել է իրեն գյուղերում ու քաղաքներում ման ածել:

Եվ, ի վերջո, ենթադրվում է, թե հենց համաճարակի ժամանակ է ձևավորվել «Ժանտախտ Կույս» -ի կերպարը, որը նույնիսկ 18-րդ դարում դեռ կենսունակ է եղել: Ըստ տարբերակներից մեկի, որ գրի է առնվել այդ ժամանակներում, Ժանտախտ Կույսը մի քաղաք է պաշարում, ընդ որում, եթե ցանկացած մեկն անզգուշաբար դուռ կամ պատուհան է բացել, տանը հայտնվել է թռչող կարմիր շարֆ, և շատ շուտով տանտերն հիվանդությունից մեռել է: Քաղաքի բոլոր բնակիչները պինդ փակել են դռներն ու պատուհանները և այլևս չեն համարձակվել տնից դուրս գալ: Բայց ժանտախտը համբերատար է եղել ու հանգիստ սպասել է, որ քաղցն ու ծարավը նրանց ստիպեն բացել իրենց տների դռներն ու պատուհանները: Այդժամ մի ազնվական որոշում է զոհաբերել իրեն հանուն մյուսների փրկության և, իր թրի վրա փորագրելով «Հիսուս, Մարիամ» անունները, բացել է դուռը: Անմիջապես շեմին մի թափանցիկ ձեռք է երևացել ու դրանից հետո կարմիր շարֆի ծայրը: Իրեն չկորցնելով՝ քաջ ազնվականը թրատել է այդ ձեռքը. շատ շուտով քաջն ու իր ընտանիքի անդամները հիվանդությունից մահացել են: Ահա այդքան թանկ է նա հատուցել իր հանդգնության համար: Վիրավորված Ժանտախտը նախընտրում է հեռանալ ու դրանից հետո խուսափում է այցելել այդ անհյուրընկալ քաղաքը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1630 | 0 | 0
Facebook
COMMENT.am