Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Հուստինիանոսյան ժանտախտ»

16:48, չորեքշաբթի, 18 մարտի, 2020 թ.
«Հուստինիանոսյան ժանտախտ»

«Հուստինիանոսյան ժանտախտ» -ը եղել է այս հիվանդության՝ պատմությանը հայտնի առաջին աշխարհավարակը (պանդեմիա) , որը բռնկվել է Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս 1-ինի գահակալության տարիներին, ընդգրկել է ժամանակի քաղաքակիրթ աշխարհի ամբողջ տարածքը և առանձին համաճարակների տեսքով շարունակվել է ավելի քան երկու դար (541 - 750) :

Պահպանված տարեգրությունների շնորհիվ՝ գիտնականները պարզել են, որ ժանտախտի բռնկումը տեղի է ունեցել 540 – 541 թվականների միջակայքում, Եթովպիայում կամ Եգիպտոսում: Հետո այն առևտրական նավերը «հասցրել են» Կոստանդնուպոլիս, ապա այստեղից այն տարածվել է Բյուզանդիայի բոլոր նահանգներ, այնուհետև ներթափանցել է հարևան երկրներ: Ավելի ուշ համաճարակը Հյուսիսային Աֆրիկայով անցել է Եվրոպա, Հարավային Ասիա և Արաբիա: Բայց տարածման ամբողջ ընթացքում համաճարակն Արելյան Ասիա չի ներթափանցել: Բյուզանդական կայսրությունում համաճարակն իր գագաթնակետին է հասնում մոտավորապես 544 թվականին. Այդ թվականին Կոստանդնուպոլսում օրական 5000 մարդ է մահացել, իսկ առանձին օրերի մահացել է շուրջ 10 հազար մարդ:

Բյուզանդացի նշանավոր պատմագիր Պրոկոպիոս Կեսարացին համաճարակի մասին հետևյալ վկայությունն է սերունդներին թողել.

«Ժանտախտից մարդուն փրկություն չկար՝ որտեղ էլ նա ապրելիս լիներ՝ ո՛չ կղզում, ո՛չ քարանձավում, ո՛չ լեռան կատարին...Շատ տներ ամայացան, և պատահեց, որ շատ մահացածներ, հարազատներ կամ ծառաներ չունենալու պատճառով, մի քանի օր շարունակ չէին այրվում: Այդ ժամանակ շատ քչերին կարելի էր աշխատելիս տեսնել: Մարդկանց մեծ մասը, որոնց հնարավոր էր դրսում հանդիպել, այն մարդիկ էին, որոնք դիակներ էին տեղափոխում: Ամբողջ առևտուրը մեռավ, բոլոր արհեստավորները լքեցին իրենց արհեստը...»:

Հիվանդության ընթացքի մասին գրառում է կատարել այս հիվանդությամբ անձամբ վարակված Եվագրիուս Սքոլաստիկուսը.

«Այս ժանտախտը դրսևորվում էր տարբեր հիվանդություններով. ոմանց մոտ այն սկսվում էր գլխից՝ ընդ որում աչքերն արնակալում էին, դեմքն ուռչում էր, հետո հիվանդությունը հասնում էր կոկորդին և մարդուն զրկում էր կյանքից: Ուրիշների մոտ փորլուծություն էր սկսվում, երրորդները ուռուցք էին հայտնաբերում աճուկում, որից հետո արտասովոր տենդ էր սկսվում, և նրանք հաջորդ կամ երրորդ օրը մեռնում էին՝ ամենևին չզգալով, որ իրենք հիվանդ են...ուրիշները խելքները թռցրեցին ու այդ վիճակում մահացան: Ոմանց ժանտախտը մեկ կամ երկու անգամ պատուհասեց և, դրանից բուժվելով, նորից դրանով հիվանդացան ու մեռան: Հիվանդության փոխանցման եղանակներն այնքան բազմազան են, որ դրանք հաշվել չի լինի. ոմանք մեռան միայն նրանից, որ շփվեցին կամ կերան հիվանդների հետ, ուրիշները՝ ընդամենը մեկ անգամ նրանց դիպչելով, երրորդները՝ միայն տանը մնալով, մյուսները՝ հրապարակում: Ոմանք, փախչելով վարակված քաղաքներից, անվնաս մնացին, բայց հիվանդությունը փոխանցեցին առողջներին. և եղան այնպիսիները, որոնք ապրելով հիվանդների հետ հպվեցին ոչ միայն վարակվածներին, այլև մահացածներին, բայց հիվանդությունից կատարելապես զերծ մնացին. ուրիշներն էլ, զրկվելով իրենց երեխաներից ու ընտանիքի անդամներից, թեկուզ ցանկացան մեռնել ու դիտմամբ շփվեցին հիվանդների հետ, սակայն չվարակվեցին՝ ասես այն նրանց ցանկությանը հակառակ գործելիս լիներ...»:

Տարածված են եղել հիմնականում բուբոնային (ելունդային, որի դեպքում ուռչում են աճուկային շրջանի ավշահանգույցները) կամ սեպտիկ (նեխում առաջացնող) ձևերը: Ժամանակակիցներից ոչ մեկը չի գրել հիվանդության թոքային ձևի այնպիսի ակնառու հատկանիշի մասին, ինչպիսին է արյուն թքելը: Ժամանակակիցներին հատկապես սարսափեցրել է նախնական սեպտիկ ժանտախտը, որի դեպքում արտաքուստ առողջ մարդը մեկ օրում, երբ հիվանդացության մասին վկայող որևէ նշան չի եղել, հանկարծակի մեռել է:

Կայսրության արևելքում այս ժանտախտի զոհ է դարձել 66 միլիոն մարդ (մահացել է Կոստանդնուպոլսի բնակչության 66 տոկոսը), իսկ Եվրոպայում մահացել է 25 միլիոն մարդ:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2639 | 0 | 0
Facebook
COMMENT.am