Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սկյութների ծագման մասին երկրորդ ավանդապատումը

22:48, հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ.
Սկյութների ծագման մասին երկրորդ ավանդապատումը

Սկյութների ծագման մասին իրենց տարբերակն են ունեցել Պոնտոսի հելլենները: Ըստ նրանց ավանդապատումի, որը գրի է առել Հերոդոտոսը, երբ Հերակլեսը, հսկա Գերյուոնեսի կարմիր եզների հոտը փախցնելիս հասել է այն երկիրը, որն իրենք Սկյութիա են անվանել և որն այն ժամանակ ամայի է եղել, ամպրոպն ու սառնամանիքն է նրան պատուհասել: Նա ծածկվել է առյուծի մորթով ու քնել է: Քնելուց առաջ նա արձակել է իր կառքին լծած ձիերին, որպեսզի հանգիստ արածեն:


    

Զարթնելով խորը քնից ու նկատելով, որ ձիերն անհետացել են՝ Հերակլեսն սկսում է փնտրել դրանց: Փնտրտուքը նրան հասցնում է Հյուլայա (անտառապատ) երկիր, որտեղի քարանձավներից մեկում հանդիպում է մի հրեշի, որը գոտկատեղի տակից վերև կին է եղել, իսկ գոտկատեղի տակից ներքև՝ օձ: Տեսնելով այս տարօրինակ արարածին՝ Հերակլեսը զարմանում է ու հարցնում, թե տեսե՞լ է արդյոք իր կորած ձիերին: Վերջինս պատասխանում է, թե ձիերն իր մոտ են, բայց ինքը չի վերադարձնի դրանց, եթե Հերակլեսը չկենակցի իր հետ: Հերակլեսը ճարահատյալ կատարում է այս պահանջը և կենակցում է նրա հետ: Բայց օձ կինը հավանաբար չի գոհանում մեկանգամյա կենակցությամբ ու երեք տարի ձգձգում է ձիերին վերադարձնելը՝ ցանկանալով Հերակլեսին հնարավորինս երկար ժամանակ իր մոտ պահել:

Բայց քանի որ Հերակլեսն անպայման ուզում էր ստանալ իր ձիերն ու հեռանալ, օձ կինը, ի վերջո, ստիպված է լինում վերադարձնել ձիերին՝ ասելով.

«Ինձ մոտ եկած այս ձիերին ես փրկեցի քեզ համար, և դու փոխարենը փրկագին տվեցիր: Հիմա ես քեզնից երեք տղա ունեմ: Ասա՛ ինձ, թե ինչ անեմ, երբ նրանք մեծանան. նրանց թողնե՞մ այստեղ, քանզի ես այս երկրի տերն եմ, թե՞ ուղարկեմ քեզ մոտ»:

Հերակլեսն այսպես է պատասխանել. «Երբ նկատես, թե տղաներն առնականացել են, պարզի՛ր, թե նրանցից ո՞ր մեկը կկարողանա իմ աղեղը ձգել և իմ գոտին կապել այնպես, ինչպես ես հիմա ցույց եմ տալիս քեզ, նրան էլ դարձրու այս երկրի բնակիչ: Իսկ նրան, ով հրահանգներս չկարողանա կատարել, երկրից վտարիր: Այդպես վարվելով՝ և՛ դու գոհ կլինես, և՛ կատարած կլինես իմ ցանկությունը»:

Հերակլեսը ձգում է իր երկու աղեղներից մեկը և ցույց է տալիս իր օձ կնոջը, թե ինչպես պետք է գոտևորվել: Այնուհետև նա իր երկու աղեղներից մեկն ու գոտին, որի ճարմանդի ծայրին ոսկե գավաթ է կախված եղել, հանձնում է կնոջն ու հեռանում:

Երբ տղաները հասունանում են, մայրը նրանց անվանակոչում է. մեկին անվանում է Ագաթյուրսոս, Մյուսին՝ Գելոնոս, իսկ ամենակրտսերին՝ Սկյութես: Հիշելով Հերակլեսի պատվերը՝ նա պահանջում է, որ որդիները ձգեն իրենց հոր թողած աղեղն ու կապեն նրա գոտին: Ագաթյուրսոսը և Գելոնոսը չեն կարողանում հոր պահանջը կատարել, ուստի մայրը նրանց վտարում է երկրից: Միայն Սկյութեսն է կարողանում աղեղը ձգել և գոտին կապել, և նա մնում է այդ երկրում:

Պոնտոսի հելլենների միջավայրում ծնունդ առած ավանդազրույցի համաձայն՝ ահա՛ այս Սկութեսից են սերվել սկյութների բոլոր թագավորները, և այս ոսկե գավաթի պատճառով է, որ սկյութներն իրեն գոտիներից գավաթ են կախում:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2706 | 0 | 0
Facebook
COMMENT.am