Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպես պիտի կառավարի բռնապետը, որպեսզի իրեն ապահով զգա

20:17, ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ.
Ինչպես պիտի կառավարի բռնապետը, որպեսզի իրեն ապահով զգա

Հին Հունաստանի քաղաք-պետություններից շատերը մ.թ.ա. 7-րդ -6-րդ դարերում բռնակալների ձեռամբ են կառավարվել: Բնակալներ է ունեցել նաև Կորնթոսը: Այդ բռնակալներից մեկը՝ Կյուպսելոսը, զավթելով իշխանությունը, իրեն ընդդիմադիր կորնթացիներից շատերին արտաքսում է, շատերին՝ ունեզրկում, իսկ առավել շատերին էլ կյանքից է զրկում: Երեսունհինգ տարի իշխելուց հետո սա մեռնում է, և իշխանությունը ժառանգում է նրա որդին՝ Պերիանդրոսը: Կառավարման սկզբում այս Պերիանդրոսը համեմատաբար մեղմ է լինում, բայց հետագայում, Միլեթի բռնապետ Թրասիբուլոսի հետ բանակցելուց հետո, իր հորից առավել արյունարբու է դառնում: Նա բանբեր էր ուղարկել Թրասիբուլոսի մոտ՝ հանձնարարելով հարցնել, թե ինքն ինչպես պետք է կառավարի, որպեսզի առավելագույնս ապահով զգա իրեն:

Թրասիբուլոսը Պերիանդրոսի ուղարկած բանբերին քաղաքից դուրս է տանում ու մտնում է ցանած արտը: Արտի միջով քայլելիս՝ նա անընդհատ հարցնում է բանբերին՝ Կորնթոսից գալու պատճառների մասին՝ հընթացս մյուսներից ավելի բարձրացած հասկերը պոկելով ու դեն նետելով՝ մինչև որ ոչնչացնում է արտի ամենալավ ու ամենախիտ մասը: Ամբողջ արտի միջով բանբերին տանելուց հետո էլ Թրասիբուլոսը որևէ պատասխան չի տալիս ու նրան ետ է ուղարկում:

Երբ բանբերը վերադառնում է Կորնթոս, Պերիանդրոսն ուզում է իմանալ, թե ինչ խորհուրդ է տվել Թրասիբուլոսը: Բանբերը պատասխանում է, թե ոչ մի խորհուրդ էլ չի տվել ու նաև հավելում է, թե Պերիանդրոսն ինչպե՞ս կարող էր իրեն ուղարկել խորհուրդ հարցնելու մի մարդուց, որն անմիտ է և ոչնչացնում է իր իսկ ունեցվածքը, ու պատմում է իր տեսածը:

Բայց Պերիանդրոսը կռահում էԹրասիբուլոսի կատարածի իմաստը, և ենթադրելով, որ նա իրեն խորհուրդ է տվել սպանել Կորնթոսի երևելի քաղաքացիներին, իսկույն սկսում է ամեն տեսակ դաժանություն գործադրել իր համաքաղաքացիների նկատմամբ: Բոլոր նրանց, ովքեր խուսափել էին իր հոր հալածանքներից, սկսում է ինքը սպանել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3568 | 0 | 0
Facebook