Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դետեկտիվը

10:06, կիրակի, 26 հունվարի, 2020 թ.
Դետեկտիվը
    
    
    

- Որ գրիչիդ կոթը այդքան կրծում ես, մի բան կստացվի՞:

Այսօր երրորդ գրիչն ես փչացնում, համ էլ բազմոցը մեղք է, վե՛ր կաց, ման արի: Ի՞նչքան կարելի է պառկած մնալ:

- Լա՜վ էլի, հավեսդ չունե՜մ, չի՛ ստացվում, հա գրո՜ւմ եմ, տանո՜ւմ եմ, չեն տպում, որ մի քանի կոպեկ փող տան:

- Ինչո՞ւ, լավ էլ գրում ես, քեզ ի՞նչ է եղել, Վրեժ ջան, ինձ նման կին ունես, եփո՜ւմ եմ, թափո՜ւմ եմ, հավաքո՜ւմ եմ, լվանո՜ւմ եմ, գնո՜ւմ եմ, առնո՜ւմ եմ, գալի՜ս եմ…հետո նորի՜ց:

Իսկ դու սիրային պատմություններ ես գրում, առանց իմանալու, որ քեզնից առաջ բոլոր սիրային պատմությունները արդեն վաղո՜ւց գրվել են…

- Է՜, դեդեկտիվ են ուզում, ես էլ չե՛մ կարողանում, չի՛ ստացվում:

- Դրանից հեշտ բա՞ն, ուզո՞ւմ ես թելադրեմ գրես:

- Դո՞ւ, Մերի ջան կատակի ժամանա՞կ է, թե՞ ձեռք ես առնում:

- Չէ՜, լո՛ւրջ եմ ասում, վերցրու նոր թուղթ, այդ խզբզածը գցի մի կողմ, քեզ էլ նոր մատիտ, նոր եմ առե՜լ, սրե՜լ, պատրաստե՜լ, Վրեժ ջան, դե սկսի՛ր, միայն արագ-արագ գրի, որ մտքիս թելը չկտրվի:

Վրեժը կնոջ խոսելու տոնից զարմացած, անխոս վերցրեց մատիտը:

Սկզբից փորձ արեց կոթը դնել բերանը, հետո նայելով կնոջը հասկացավ, որ ավելորդ շարժում է:

- Գրի՛ր, ես հիմա միայն միտքը կասեմ, դե իսկ դու գեղարվեստորեն կարող ես շարադրել, դրանում կասկած չունեմ:

- Լուրջ գրե՞մ, թե՞…

- Հա՛, հա լո՛ւրջ, սկսի՛ր, ասենք…երբ կինը պատահմամբ ամուսնու հեռախոսի մեջ տեսնում է «Լյովիկ-2» անունը, զանգահարում է այդ համարով ու լսում Լուսինե Մարկոսյանի ձայնը, կամ «Մարտին-12», զանգահարում է ու լսում Մարինե Վարդանյանի զանգը, կամ «Արմինե-գործակալություն», որը կնոջ ընկերուհու համարն է ու նա գործակալ չէ, այլ ՛՛Գեղեցկության Սալոնի՛՛ մերսող, կինը խանդից ձվածեղի մեջ մկան դեղ է լցնում ու տալիս է ամուսնուն ուտելու:

- Մե՜րի, բայց…

- Դու գրի՛, գրի՛… մաս երկրորդ, մի անգամ կինը պատահմամբ լողասենյակում, սափրվելու կրեմի տուփում, հայտնաբերում է պահպանակներ, տարբեր գույների ու որակի, չի ալարո՛ւմ, վերցնում է ասեղը ու մեկ մեկ բոլորի վրա անցք է անում ու խանդից կատաղած ձվածեղի մեջ մկան դեղ է լցնում, տալիս է ամուսնուն ուտելու:

- Դու ի՞նչ է գժվե՞լ ես, Մերի ջան, ա՜խր..

- Դու գրի՛, գրի՛…մաս երրորդ, երբ կինը, որը դեռ օգտագործում էր 4 տարի առաջ, հարսանիքի ժամանակ սկեսուրի կողմից նվիրված հնաոճ ներքնաշորերը, գումարն ափսոսում էր իր համար նոր բան գնելու, հանկարծ ամուսնու գործիքների մեջ հայտնաբերում է երեք հատ 100 դոլարանոց թղթադրամներ, հենց այդ վիճակով էլ, տնային շորերով վազում է խանութ ու գնում ակկումլյատորի համար նախատեսված աղաթթու, բերում է ու լցնում լոբու ճաշի մեջ՝ հրամցնում ամուսնուն:

- Դու ցնդե՞լ ես, Մերի՜…

- Հաստա՛տ կտպեն Վրեժ ջան, դե ես գնացի խոհանոց, իսկ դու այդ բոլորը գեղարվեստորեն ձևակերպիր ու կտեսնես ինչ լավ է լինելու: Ես գնամ նախաճաշ պատրաստեմ, ժամը 12 եղավ:

Կինը գնաց խոհանոց:


    

Մատիտը ձեռքից ընկավ ու ընկնելու ձայնը արձագանքեց սենյակով մեկ:

«Արձագանք լինում է միայն այն ժամանակ, երբ լսող ունի» մտածեց Վրեժն ու բարձրացավ բազմոցից:


    

- Լվացվի՛ր, ձվածեղը բերում եմ, կներես, որ ընդամենը երկու ձվից է, էլ չկա՛, վերջինն է:

- Ո՛չ, ո՛չ, չեմ ուզում ձվածեղ - բղավեց Վրեժն ու դուրս փախավ տանից:

Ո՞ւր…

Լուսինե Մարկոսյանի, Մարինե Վարդանյանի թե «Արմինե» գործակալության Արմինեի մոտ…


    

Դռան փակվելու ու Մերիի ծիծաղը ռեզոնանսի նման տատանվեցին ու հանգան վարագույրների վրա:

Սենյակ գնալու իմաստը կորավ, աջ ձեռքի ճկույթով ականջի ետևը գցեց կախված մազափունջն ու առանց պատառաքաղի, հացի կտորը մտցրեց ձվածեղի մեջ ու տարավ բերանը:


     Ս.Ումառ-Հարությունյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3064 | 0 | 0
Facebook