Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայ երգչուհու հետ հանդես չգալը նրա ազգային պատկանելիության հետ կապ չունի, իմ ելույթը սոլո է. ադրբեջանցի երգիչը հերքում է

ArmPress
Մամուլի խոսնակ`
ArmPress
17:15, երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ.
Հայ երգչուհու հետ հանդես չգալը նրա ազգային պատկանելիության հետ կապ չունի, իմ ելույթը սոլո է. ադրբեջանցի երգիչը հերքում է

Ադրբեջանցի օպերային երգիչ, տենոր Յուսիֆ Էյվազովը հերքում է այն տեղեկությունները, թե ազգային պատկանելության պատճառով հրաժարվել է ելույթ ունենալ հայ երգչուհի, սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: Այս մասին հայտնում է Հայկական Ժամանակը: Յուսիֆ Էյվազովը հերքել է տեղեկությունները իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ երկու արտիստները փետրվարի 7-ին պետք է հանդես գային Դրեզդենի օպերային թատրոնում ամենամյա «Օպերային բալի» բացմանը:

Երեկ երգիչն իր էջում տեղադրել է հայտարարություն, որտեղ միջոցառումը՝ «SemperOperaball» -ը, կազմակերպած ասոցիացիայի ներկայացուցիչները եւս կտրականապես հերքում են այն տեղեկությունները, թե ադրբեջանցի տենորը քաղաքական դրդապատճառներից ելնելով է հրաժարվել հանդես գալ սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: Տենորի էջում տեղադրված է նաեւ Semper Operaball-ի գեղարվեստական ղեկավար Հեմ-Յոահիմ Ֆրեյի արձագանքը, որտեղ նա խստորեն դատապարտել է Յուսիֆ Էյվազովի մասին այդ հայտարարությունները՝ որակելով դրանք զրպարտություններ:

«Օպերայի թատրոնը երբեք պայմանագիր չի կնքել Ռուզան Մանթաշյանի հետ՝ 2020 թվականի փետրվարի 7-ին «Semper Operaball» -ում ելույթ ունենալու համար: Բացի այդ՝ Յուսիֆ Այվազովը գործընկերների հետ հարաբերությունները երբեք չի կառուցել՝ ելնելով նրանց ծագումից: «Semper Operaball-ի յուրահատկություններից մեկն էլ հենց այն է, որ տարիներ շարունակ ծրագիրն ընդգրկել է տարբեր երկրների արվեստագետների ամենալայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանից», - ասված է Հանս-Յոահիմ Ֆրեյի խոսքում:

Դրան կից հետգրությամբ իր խոսքն է մեջբերել Յուսիֆ Էյվազովը, որտեղ նա եւս հերքել է հայ երգչուհու հետ ազգության պատճառով հանդես չգալու հայտարարությունները:

Նա մասնավորապես գրել է. «Հարգելի ընկերներ, ես ադրբեջանցի եմ եւ իմ հստակ տեսլականն ու կարծիքն ունեմ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տեղի ունեցողի վերաբերյալ: Բայց իմ քաղաքական հայացքները երբեք չեն ազդում բեմում իմ մասնագիտության եւ գործընկերներիս հետ շփման վրա: Դրա մասին է վկայում նաեւ այն, որ «Մեծ թատրոնում» ես բազմիցս բեմ եմ բարձրացել Մարիա Գյուլղինայի եւ Գեւորգ Հակոբյանի հետ: Հետեւաբար վստահեք ճշտված տեղեկությանն ու հետագայում մի տարածեք սադրանքը»:

Նա նաեւ հավելել է, որ, ինչպես նախապես էր պլանավորված «SemperOperaball 2020» -ում, իր ելույթը սոլո է եւ չի ընդգրկում այլ երգիչների:

Հիշեցնենք՝ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը երեկ գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում եւ հայտնել, որ օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ:

Նշենք նաեւ, որ «Հետքը» միջադեպի հետ կապված երեկ զրուցել է Ռուզան Մանթաշյանի գործակալի՝ Ռենե Մասիսի հետ: Նա հայտնել է, որ հունվարի 12-ին իր հետ կապ են հաստատել պարահանդեսը կազմակերպող Semper Opernball ասոցիացիայից եւ խնդրել, որպեսզի Ռուզան Մանթաշյանը, չնայած իրենց հրավերին, ելույթ չունենա։ Երգչուհու գործակալի խոսքով՝ պատճառը Յուսիֆ Էյվազովի հրաժարումն է։ Այլ հիմնավորում Ռենե Մասիսին չի ներկայացվել:


    
Աղբյուրը` ArmPress Լրատվական
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1889 | 0 | 0
Facebook