Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Յուրի Խաչատուրովի պաշտպանը, ի նշան բողոքի, չներկայացավ դատարան. դատախազն այս քայլը դեմոնստրատիվ որակեց

ArmPress
Մամուլի խոսնակ`
ArmPress
17:14, երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ.
Յուրի Խաչատուրովի պաշտպանը, ի նշան բողոքի, չներկայացավ դատարան. դատախազն այս քայլը դեմոնստրատիվ որակեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նիստի մեկնարկին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նիստից անմիջապես առաջ դիմում է հասցեագրել դատարանին, որում մասնավորապես ասվում է.

«Հաշվի առնելով, որ սույն գործի քննության ընթացքում չի ապահովվում մրցակցային դատավարության սկզբունքը՝ պաշտպանության կողմը գտնվում է խիստ անբարենպաստ պայմաններում, նրա հասցեին հնչեցրած սպառնալիքի վերաբերյալ որեւէ գործողություն չի իրականացվում, դատավարության որոշ մասնակիցներ իրենց արտահայտվելու իրավունքն օգտագործում են վիրավորանք հասցնելու համար, եւ պաշտպանության կողմը զրկվում է պաշտպանության իրական եւ ողջամիտ հնարավորությունից, սույն դիմումով հայտնում եմ, որ չեմ ներկայանալու այսօրվա դատական նիստին եւ հայցում եմ բոլոր այն անձանց ներողամտությունը, ովքեր նախորդ դատական նիստին դրսեւորել են պատշաճ վարքագիծ»:

Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին վիճաբանություն էր տեղի ունեցել կողմերի միջեւ: Տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանը, առարկելով պաշտպանների՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդության դեմ, ասել էր. «Թող հարգելի պաշտպանները հարգեն Մարտի 1-ը, այլապես կհայտնվեն մեր օրին»: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնել էր, որ իրենց հասցեին սպառնալիք է հնչել՝ խնդրելով տրամադրել դատական նիստի ձայնագրությունը: Անդրադառնալով վիճաբանությանը՝ Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հայտարարել էր, որ դատական նիստը վեր է ածվում քննարկումների և ռազբորկաների:

Ի պատասխան պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումի՝ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ուսումնասիրվել է նախորդ դատական նիստի արձանագրությունը, եւ որեւէ սպառնալիք՝ կապված սպանված ազգական ունենալու հետ, չի արձանագրվել, այդ իսկ պատճառով որեւէ հիմքեր չունի արձանագրելու, որ պաշտպանության կողմը գտնվում է անբարենպաստ պայմաններում, իսկ եթե պաշտպանության կողմը գտնում է, որ սպառնալիքներ, ամեն դեպքում, առկա են, ապա իրավասու է դիմել համապատասխան մարմինների»:

Աննա Դանիբեկյանն ամբաստանյալ Յուրի Խաչատուրովից հետաքրքրվեց՝ արդյոք հնարավո՞ր է՝ այսօրվա դատական նիստին ներգրավել այլ պաշտպան, ինչին ի պատասխան՝ Խաչատուրովը հայտնեց, որ չի ցանկանում փոխել իր պաշտպանին:

Միհրան Պողոսյանի այս դիմումի դեմ առարկեց մեղադրող կողմը: Մասնավորապես Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանն այս քայլը որակեց ակնհայտ ցուցադրական, դեմոնստրատիվ քայլ. «Մենք չենք ընդունում պաշտպանի հայցած ներողությունը, որովհետեւ նա չի ներկայացել առանց որեւէ հիմնավոր պատճառի: Պաշտպանի հայտարարությունը մերկապարանոց է, որովհետեւ եթե մանրամասն դիտարկենք միջնորդությունների քննարկման ընթացքը, կտեսնենք, որ պաշտպանության կողմին տրվում է արտահայտվելու հնարավորություն անգամ մեր առարկություններից հետո»: Գեւորգ Բաղդասարյանի խոսքով՝ հնչած սպառնալիքների վերաբերյալ հայտարարությունը եւս կեղծ է. «Պաշտպանության կողմը կարող էր վերցնել նախորդ դատական նիստի ձայնագրությունը եւ նախաձեռներ համապատասխան դատավարական ընթացակարգ»: Դատախազի պնդմամբ՝ արարքը, որի մասին հայտարարություն է արվում՝ հանցագործություն որակելով, ընդամենն օգտագործվել է դատական նիստին չներկայանալու համար:

Գեւորգ Բաղդասարյանը միջնորդեց դատական սանկցիա կիրառել պաշտպան Միհրան Պողոսյանի նկատմամբ:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատարանը որեւէ փաստ չունի պաշտպանի բացական հարգելի համարելու համար, սակայն սանկցիա կիրառելու հարցն անհրաժեշտ է համարում քննարկել նրա մասնակցությամբ: Դատավորը միաժամանակ տեղեկացրեց, որ պաշտպանի՝ երեք դատական նիստի չներկայանալու դեպքում կիրականացնի օրենքով իրեն վերապահված լիազորությունները:

Դատախազի առարկությանն ի պատասխան՝ ելույթ ունեցավ նաեւ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Վերջինս ընդգծեց, որ պաշտպան Միհրան Պողոսյանն իր դիմումով ներողություն է հայցում այն մասնակիցներից, ովքեր նախորդ դատական նիստին պատշաճ վարքագիծ են դրսեւորել. «Ես կարծում եմ, որ դատախազներն իրենց պաշտոնին հարիր վարքագիծ չեն դրսեւորել, ուստի Միհրան Պողոսյանը նրանցից ներողություն չի հայցել»:

Անդրադառնալով դիմումի մեջ նշված արտահայտությանը, որն իրեն թույլ է տվել տուժողի իրավահաջորդը՝ Հայկ Ալումյանն ասաց. «Նախքան որեւէ մեկը կգնահատի՝ այդ արտահայտությամբ սպառնալիք թույլ է տրվել, թե ոչ, պետք է մտածի՝ իսկ եթե իր նկատմամբ դա հնչեր, ինքն սպառնալիք կհամարե՞ր, եթե դատարանը գտնի, որ իր հասցեին հնչելու դեպքում սպառնալիք չէր համարի, այդ ժամանակ ես պետք է ենթադրեմ, որ դա թույլ կտաք նաեւ ձեր նկատմամբ, որովհետեւ դատարանը չի կարող ավելի պաշտպանված լինել, քան նույն դատավարության մասնակիցները»:

Այսպիսով, Միհրան Պողոսյանի բացակայության պայմաններում դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 21-ին՝ ժամը 13: 00-ին:


    
Աղբյուրը` ArmPress Լրատվական
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2139 | 0 | 0
Facebook