Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայը և հայկականությունը ադրբեջանցի գրողի տեսադաշտում. իրականությանը ՝ ճշմարիտ հայացք

12:46, երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ.
Հայը և հայկականությունը ադրբեջանցի գրողի տեսադաշտում. իրականությանը ՝ ճշմարիտ հայացք

Հայոց պատմության կեղծարարությունն ու խեղաթյուրումներն Ադրբեջանի կողմից ու վերախմբագրված տարբերակով հանրությանը մոլորության մեջ գցելը փաստեր են, որոնք խրախուսվում և հովանավորվում են այդ երկրում ամենաբարձր մակարդակով։

Ասվածի վկայությանը բազմիցս ենք հանդիպել և շարունակում ենք հանդիպել։ Այն, որ ազատ խոսքն ու մտածողությունը ադրբեջանական բռնատիրական հասարակարգում կաղապարված ու բանտված են հազար շղթաներով, ակնհայտ է։ Անհերքելի փաստ է նաև այն, որ ասվածը չի շրջանցում նաև գեղարվեստական գրականությունը։ Պատվերով գրքեր գրելն ու խեղաթյուրված պատմությամբ դասագրքեր հրատարակելը վաղուց Ադրբեջանի իշխանության ու հանրույթի ամենատիպական գործելաոճն են։

Մեծ խիզախություն է Ադրբեջանի նման բռնատիրական երկրում ճշմարտությունն ասելը, առավել ևս՝ գրելը, ինչը ծանր հետևանքներով է հղի հեղինակի համար։ Այս երևույթը բնորոշ է նաև Ադրբեջանի մեծ եղբորը՝ Թուրքիային, երբ ճշմարիտ խոսքի համար անգամ պետական ամենաբարձր պարգևի արժանացած մտավորականին զրկում են բոլոր պարգևներից և ենթարկում ամենադաժան հալածանքների։ Սակայն ճշմարիտ մտավորականն անզոր է իրականության առջև աչքերը փակելու, որքան էլ որ այն հղի լինի վտանգներով։ Այդպիսի մտավորականներից են Օրհան Փամուքը, Սերքան Էնգինը, Ֆեթիե Չեթինը։ Իրականությունը ճշմարիտ հայացքով տեսնող այս խիզախների շարքը կարելի է դասել ազգությամբ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին, ով խիզախեց գրել իր «Քարակերտ երազներ» վեպ-ռեքվիեմը, որը դարձավ յուրահատուկ ապաշխարություն-կոթող՝ իր ազգի կողմից հայության հանդեպ իրագործած ոճիրների համար։

Աքրամ Այլիսլին (Աքրամ Նաջաֆ օղլի Նաիբով) ծնունդով Ագուլիսից է, որը ադրբեջանցիներն աղավաղել են՝ վերանվանելով Այլիս (այստեղից էլ գրողի ազգանունը՝ Այլիսլի, այսինքն՝ Ագուլիսցի) ։ Այլիսլին Ադրբեջանի ժողովրդական գրող էր, ճանաչված մտավորական, արվեստի վաստակավոր գործիչ, այդ երկրի բարձրագույն՝ «Իստիգլալ» և «Շոհրաթ» շքանշանների ասպետ։ Նրա գործերը ժամանակին թարգմանվել են ԽՍՀՄ ժողովուրդների լեզուներով, նաև անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն։ Հեղինակ է պիեսների և կինոսցենարների։ «Քարակերտ երազներ» վեպ-ռեքվիեմը հեղինակային թարգմանությամբ առաջին անգամ հրապարակվել է ռուսական «Դրուժբա նարոդով» ամսագրում, որտեղ հեղինակը դրական է խոսում հայ ժողովրդի և հայոց մշակույթի վերաբերյալ՝ միաժամանակ նկարագրելով նաև Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի հանդեպ իրականացված ջարդերը՝ 1919թ. Նախիջևանում, 1980-ական թթ. վերջերին և 1990թ. Բաքվում, Սումգայիթում։ ՙՔարակերտ երազներ՚-ի լույսընծայումից հետո Աքրամ Այլիսլիին սեփական երկրում սկսեցին մեծ բռնաճնշումների ենթարկել, գործող նախագահի կողմից զրկվեց բոլոր պետական պարգևներից, պառլամենտում քննարկեցին նրա հարցը, իսկ ազգայնամոլական հիստերիայի մեջ ՙԵնի մուսավաթ՚ կուսակցության առաջնորդ Հաֆիս Հաջիևը հայտարարեց, որ 10 հազար եվրո կպարգևի նրան, ով կկտրի գրողի ականջը։

Վեպը, որը կարելի է անվանել փաստագեղարվեստական ստեղծագործություն, ոչ միայն գեղարվեստական, այլ նաև հասարակական-քաղաքական մեծ նշանակություն ունի։ Հեղինակի խոսքով՝ հարևան երկրների ու ժողովուրդների միջև պետք է լինեն բնականոն հարաբերություններ, և այդ գիրքը նա գրել է ոչ թե հայերի, այլ ադրբեջանցիների համար։ «Եթե ներկայումս Ադրբեջանում ռեֆերենդում անցկացնեն, ապա մեծամասնությունը կողմ կլինի հայության հետ հարաբերությունները կարգավորելուն։ Նրանք, ովքեր երբեք հայ չեն տեսել և չեն շփվել հայերի հետ, նրանք ավելի ազգայնամոլ են», -ասել է Ա. Այլիսլին՝ նշելով, որ ինքը մանկուց շփվել է հայերի հետ և միայն լավն է տեսել նրանցից։ Իսկ պետական մակարդակով տարվող հակահայ գաղափարախոսությունը ծնունդ է տալիս իշխող հայատյաց տրամադրությունների և գործողությունների, ինչն անթաքույց ճշմարտություն է, որը հաստատում է նաև վեպի գլխավոր հերոսի կինը՝ Ազադա խանումը. «-Ուշքի եկ։ Վաղուց արդեն ոչ մի իշխանություն չկա։ Իսկ եթե կա՝ հենց ինքն է ամենուր թշնամանք սերմանում։ Կարծում ես՝ ժողովո՞ւրդն է Սումգայիթի դժոխային մղձավանջը կազմակերպել։ Ո՜ չ, թանկագինս, ո՜ չ։ Դա ՊԱԿ-ի կամ, հավանաբար, այլևայլ մաֆիոզ խմբավորումների վերածված իշխանության մնացորդների կազմակերպածն էր։ Երբեք չեմ հավատա, Սադայ, որ ադրբեջանցիներն առանց իրական կազմակերպչի կարող էին դիմել այդպիսի խելագար գազանության» ։

Ադրբեջանում բնակվող հայերի հանդեպ անհանդուրժողականության և մարդատյացության պատկերը իրական լույսի ներքո բացում է գրողը հենց վեպի առաջին գլխում՝ նկարագրելով ծեր հանդերձապահ հայուհու առեղծվածային մահը, որը հանրությունը ներկայացնում է իբրև ինքնասպանություն, բայց իրականում ադրբեջանցիների զոհն է դառնում, որին ցած են նետում պատշգամբից՝ տիրանալով նրա ինչքին։ Ադրբեջանցի գրողն անվարան շարադրում է վեպի հետևյալ տողերը. «Միանգամայն հնարավոր է, որ հենց ինքը՝ Շահղաջար Արմաղանովն է անձամբ ցած նետել Գրետա Սարկիսովնային։ Այդպիսի ժամանակներ են հիմա։ Ամեն օր վերցրու և պատշգամբից ցած նետիր թեկուզ հարյուր հայի…» ։ Եվ սա 1980-ականների վերջերն են Բաքվում։ 1990 թ. հունվարին ադրբեջանցիները հերթական ցեղասպանությունն իրականացրին Ադրբեջանում բնակվող հայերի հանդեպ` ի պատասխան Արցախի հանդեպ պատմական արդարության վերահաստատման համար ոտքի ելած հայ ժողովրդի խաղաղ և արդար պահանջի:

Վեպի գլխավոր հերոսը Սադայ Սադըղլին է, մի ճշմարիտ մտավորական-դերասան, որն ունի փխրուն հոգի և խղճմտանք, հավանաբար հեղինակի նախատիպն է։ Նա ականատեսն է լինում հայերի հանդեպ կատարվող անմարդկային գազանությունների, և այդ ամենը նրա փխրուն ներաշխարհը փոթորկում է՝ հասցնելով նրան հոգեկան ծանր վիճակի։

Սադայ Սադըղլին մահացու ծեծի է ենթարկվում իր հայրենակիցների կողմից և անգիտակից վիճակում ընկնում հիվանդանոց լոկ այն պատճառով, որ փորձել էր պաշտպանել մի անպաշտպան հայի։ Սադայը հիվանդանոցում, անգիտակից վիճակում պառկած, երազատեսիլով վերապրում է այլիսյան իրականությունը, որը նրա մանկությունն է՝ լի ագուլիսյան հայերով ու հայկականությամբ։ Գլխավոր հերոսը գիտակցում է իր ժողովրդի գործած մեղքի ծանրության չափը և իր կյանքի նպատակն է դարձնում ապաշխարությունը։ Մեղքի ծանրությունը նրան գրեթե խելագարության շեմին է հասցրել և ամբողջ օրերով դեգերում է կայարանում, որպեսզի դիմավորի և ճանապարհի մանկուց իրեն ծանոթ «Բաքու-Երևան» գնացքը, որով նա ամեն օր մտովի ճամփորդում էր, «փայփայում նոր զառանցագին երազանք Էջմիածնի մասին, ուր պատրաստվում էր քրիստոնեություն ընդունել» ։ Եվ այդ ապաշխարանքը առաջին հերթին պետք է ադրբեջանցուն, իր խղճի հանգստությանը։ Այլիսլիի հերոսի նման հոգեկերտվածքը մեզ հիշեցնում է ապաշխարած թուրք գրող, իրավաբան Սերքան Էնգինին, որ մի առիթով ասել է. ՙԵս խոսում եմ հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունների մասին, քանի որ դա պարտավորություն եմ համարում իմ խղճի առաջ։ Որպես ազնիվ և պատվավոր մտավորական՝ սա բարոյական պարտավորություն է ինձ համար։ Սա իմ պարտքն ու պարտավորությունն է նաև մարդկության առաջ։ Ես ցանկանում եմ խոսել այս ցեղասպանությունների մասին, որոնք նախապատրաստվել են իմ թուրք նախնիների կողմից, քանի որ Թուրքիայում պետք է խոսել ճշմարտության մասին բարձրաձայն՝ ընդդեմ այսպես կոչված պաշտոնական պատմության՚։ Այս մտածողությունը բնորոշ է նաև Աքրամ Այլիսլիին։ Եվ պատահական չէ, որ Էջմիածին մեկնելու, անձամբ կաթողիկոսի օրհնությամբ քրիստոնեություն ընդունելու, այնտեղ ընդմիշտ վանական լինելու և հայերի հանդեպ մահմեդականների գործած աղոթքով Աստծուց ներում խնդրելու ցանկությունը Աքրամ Այլիսլիի հերոսի՝ Սադայ Սադըղլի հոգում արթնացել է Սումգայիթյան ոճրագործություններին հաջորդած մի գիշեր։

Այլիսլին համարձակորեն իր վեպում ցույց է տալիս թե՜ ադրբեջանցիների բռնարարքները ժամանակային տարբեր շրջաններում, թե՜ հայի հումանիզմը և թե՜ հայկականությունը ներկայումս Ադրբեջանի կազմում գտնվող տարածքների, մասնավորապես՝ Ագուլիսի, որը մի առանձնակի հմայքով ու լույսով է նկարագրում՝ համարելով այն աստվածային. «Ով Աստված ամենակարող, բարի եղի՜ ր, ասա՜ ինձ, Դու՞ ես երկնել Այլիսն իմ, թե՞ իմ Այլիսն է երկնել Քեզ» ։

Գեղանկարչի վարպետությամբ և հոգեբանի խորաթափանցությամբ է Աքրամ Այլիսլին իր վեպում կերտել ագուլիսյան հայուհիների կերպարները՝ լի հումանիզմով ու քրիստոնյայի գթառատությամբ` անգամ մահմեդադավանի հանդեպ։ Այս կերպարները, ինչպես նշել է վեպի հերոսներից մեկի՝ Լյուսիկի նախատիպը՝ հայտնի ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին, իրական են, որոշ դեպքերում՝ անունները փոխված։ Այլիսլին իր ծննդավայր Ագուլիսի մասին պատմում է նույնքան հիացմունքով, որքան հայուհիների մասին։ Հիշում է, որ ամեն ամառ Լյուսիկ անունով մի աղջիկ էր գալիս Ագուլիս, նրան հաճախ կարելի էր տեսնել եկեղեցու բակում, եկեղեցիներ նկարելիս։ Այդ փոքրիկ աղջիկը հենց Լուսիկ Ագուլեցին է, որ իր տատի՝ Հայկանուշի մոտ էր գնում ամառները։

Յուրաքանչյուր մեծ գրող իր ծննդավայրը, աշխարհագրական ամենահարազատ տարածքը՝ մարդկանցով ու բնավորություններով, ավելի ճանաչելի է դարձրել իր ստեղծագործություններով. Թումանյանը՝ Լոռին, Բակունցը՝ Կյորեսը, Չարենցը՝ Կարսը, Մաթևոսյանը՝ Ծմակուտը, Տոլստոյը՝ Յասնայա Պոլյանան, Մարկեսը՝ Կոլումբիայի Արակատական, շարքը կարելի է երկա՛ր շարունակել։ Սակայն Ագուլիսը ճշմարիտ գրողի գրչի պրիզմայով, որպես ադրբեջանցի գրողի ծննդավայր, մնաց նույնքան հայեցի, որքան պատմական ճշմարտությունն է փաստում։ Ճշմարիտ գրողի դավանանքին հավատարիմ Այլիսլին, պատկերելով իր դրախտավայր ծննդավայր Այլիսը, ինչպես ինքն է անվանում, պատկերում է իրական, հայկական Ագուլիսը՝ բերելով նաև պատմական փաստարկներ, որոնք տարբեր ժամանակաշրջանների ադրբեջանական վայ-պատմաբաններ խեղաթյուրել են։ Հայկականության դարավոր պատմությունն են փաստարկում Ագուլիսի հայ ճարտարապետական կոթողները՝ քարակերտ եկեղեցիները։ Վեպում հետաքրքիր կերպար է նաև Ագուլիս-Այլիսլիի մեկ այլ երկրպագու՝ Սադայի աները՝ բժիշկ Աբասալիևը, որի շուրթերով հեղինակը խոստովանում է. «Եթե յուրաքանչյուր սպանված հայի համար գեթ մեկ մոմ վառվի՝ այդ մոմերի ցոլքը լուսնի լույսից վառ կլինի» ։

Հոգեբույժ Աբասալիևը համոզված է, որ ոճրագործ անցյալը երբեք չի թույլատրում խաղաղ ներկա։ Նրա համոզմամբ՝ Այլիսում հայերին կոտորելով և հափշտակելով նրանց գույքն ու տները, ադրբեջանցիները չեն վայելելու։ Չարագործությամբ հայերի տներին տիրացած ընտանիքներում անհնար է խաղաղ կենսագործունեությունը. «-Այլիսի յուրաքանչյուր ընտանիքում, -սկսեց նա գրգռված, մի տեսակ տարօրինակ ձայնով, -որը հայի տուն է հափշտակել, հոգեկան հիվանդներ կան. ես սա իբրև բժիշկ եմ ասում քեզ։ Այդ ընտանիքներից գեթ մեկում դու երբևէ խաղաղություն տեսե՞լ ես», -մտահանգում է ադրբեջանցի բժիշկը։

Ճշմարիտի հանդեպ մարդու յուրատիպ հավատարմությունն է ընկած բժիշկ Աբասալիևի սկզբունքների հիմքում և հենց դրանով է պայմանավորվում նրա սերը Այլիսի հանդեպ, ում համոզմամբ՝ «Աստծո 1001 անուններից մեկը հենց Այլիս է» ։ Վեպում հեղինակը ծեր հոգեբույժ Աբասալիևի միջոցով ստվարածավալ մեջբերումներ է անում «Զաքարիա Ագուլեցու օրագրից», որը ևս մեկ ծանրակշիռ պատմական փաստարկ է Ագուլիսի հայկականության։ 340 տարի առաջ Ագուլիսում ծնված և աշխարհով մեկ շրջած հայ վաճառականի օրագիրն առանձնակի ոգևորությամբ է ընթերցում Աբասալիևը և պատմական փաստարկներով ցույց տալիս, որ Ագուլիսը հայկական է, և հայերն են այնտեղ ապրել անհիշելի ժամանակներից՝ ստեղծելով հայկական մշակութային կոթողներ։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ վեպում հեղինակն անթաքույց հիացմունքով է խոսում աշխատավոր ու արարող հայի հանդեպ. ահա պրոֆեսոր Աբասալիևի կարծիքը. «Այլիսում այն ժամանակներում ապրել են աստվածներին հավասարազոր մարդիկ։ Նրանք ջրմուղ են սարքել, այգի տնկել, քար տաշել։ Այդ հայերը՝ թե՜ արհեստավորները և թե՜ վաճառականները, շրջել են հարյուրավոր գյուղեր ու քաղաքներ, գրոշ առ գրոշ վաստակել սոսկ նրա համար, որ իրենց փոքրիկ Ագուլիսի ամեն թիզ վերածեն հիրավի դրախտային անկյան։ Այն բանից հետո, երբ թուրքերը տասնինը թվականի վերջին Ագուլիսն ավերակ թողնելով հեռացան, Այլիսի մահմեդական բնակչությունը հայերի տների ավերակներում մինչև հիմա ոսկի է փնտրում։ Նույնիսկ երբ ցանքսի համար հող են փորում, ակնկալում են, որ հրես, հրես՝ ոտքերի տակից չերվոն ոսկի կհայտնվի» ։

Վեպում առանձնահատուկ բարությամբ ու լուսապսակով են կերտված ագուլիսցի հայուհիների կերպարները՝ Հայկանուշը, Անիկոն, Լյուսիկը, ովքեր առանձնանում են իրենց գթասրտությամբ, աշխատասիրությամբ, մաքրակեցությամբ, աստվածապաշտությամբ։ Սեղմ տողերում հեղինակը կարողանում է լայնակտավ բովանդակություն տեղավորել՝ արտահայտելով իր սերն ու համակրանքը հայերի և առհասարակ Ագուլիսի հանդեպ։

Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» վեպը աղերսներ ունի թուրք գրող Օրհան Փամուքի «Ձյունը» վեպի հետ այն առումով, որ երկու գործերում էլ հեղինակները վեր են հանում պատմական ճշմարտությունը. Փամուքը պատկերում է հայկական Կարսը՝ ցույց տալով հայկական հետքերը պատմական փաստերով, ապացուցելով, որ ներկայումս Թուրքիայի կազմում գտնվող Կարսը թուրքաբնակ ներկայով իրականում հայկական է և հայեցի՝ ամեն մի հիշողությամբ, մշակութային բջիջով, խոսուն հայկական պատմական փաստարկներով, ճարտարապետական շինություններով, քրիստոնեական աշխարհից մնացած մշակութային շերտերով, որոնք մահմեդականները ջանք չեն խնայում և փորձում են ջնջել ամեն կերպ։ Իրականությանն ուղղված սթափ և ճշմարիտ հայացքով է ստեղծել Ագուլիս-Այլիսի հայեցի և հայկական ներկայությունը նաև Աքրամ Այլիսլին իր վեպում։ Փամուքյան այս խիզախումը, որը կրկնեց նաև Այլիսլին, յուրատիպ ապաշխարանք-կոթող է, գործ, որը մնայուն արժեք է և դրվատանքի է արժանի։ Մանավանդ մեր օրերում, երբ ռազմատենչ հռետորաբանությունն ու հայատյաց քարոզչությունն Ադրբեջանի նախագահի մակարդակով է իրականացվում, հրամայական են դառնում Այլիսլիի նման ճշմարիտ մտավորականների ձայնը բարձրացնելը և միջազգային հանրությանը լսելի դարձնելը ճշմարտությունը՝ ադրբեջանցու շուրթերով։


    

Աքրամ Այլիսլին իր վեպով կարևոր խնդիրներ է արծարծել։ Վեպ-ռեքվիեմը գրված է գրողական բարձր տաղանդով, որի դավանանքն է ճշմարտությունը և հումանիզմը։ Անկախ ազգությունից՝ Աքրամ Այլիսլին հավատարիմ է ճշմարտությանը, նա իրականությանը նայում է ճշմարիտ հայացքով և այդկերպ այն մատուցում հանրությանը՝ արհամարհելով անգամ իր անձին սպառնացող մահացու վտանգը։ Մեր կարծիքով, Այլիսլին այսկերպ փորձում է նաև Ադրբեջանում ազգայնամոլության, շովինիզմի խավարում խարխափող, պատմական ճշմարտությանն անտեղյակ հայրենակիցների աչքերը բացել՝ իրականությունը տեսնելու, սակայն փոխարենը հանդիպում է պետական ամենաբարձր մակարդակով իր հանդեպ իրականացվող հալածանքների, միջնադարը բնորոշող բռնաճնշումների՝ ընդհուպ գրքերը հրապարակային խարույկի ճարան դարձնելուն։

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» գիրքն արժեքավոր աշխատություն է, որը «Ո՜չ» է ասում ադրբեջանական ագրեսիային ու մարդատյացությանը։

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

Բանասիրական գիտ. թեկնածու


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4245 | 0 | 0
Facebook