Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
13:11, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
ԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻՆ


    
Պերճ Ասատուրյան
     01.01.1985-01.01.2020
    
     Նոր Տարին մեզ համար ավետվեց մահվան ցնցող գույժով:
     ՈՒժերի ծաղկման շրջանում անժամանակ ու հանկարծահաս մահը մեզանից խլեց բարեշնորհ Պերճ սարկավագ Ասատուրյանին: Նա ապրեց ուղիղ 35 իմաստալից ու իր կյանքը Աստծուն ու ժողովրդին նվիրաբերած երկրային տարիներ:
     Պերճ Ասատուրյանը ծնվել է 1985թ հունվարի 1-ին Սիրիայի Կամիշլի քաղաքում: 12 տարեկանում ուսանել է Անթիլիասի դպրեվանքում. Այնտեղ էլ ձեռնադրվել է ավագ Սարկավագ ։ Կրելով իր մեջ Աստծո սերն ու փափագը իր ժողովրդին այն փոխանցելու` ծառայեց Իրանի Էսֆահան Առաջնորդարանում` որպես դպրապետ։ 2012 թվականից նա մշտական բնակություն հաստատեց Հոլանդիայում: Սիրով ծառայեց հայաշատ Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում: 2014 թվականին տեղափոխվեց Մաստրիխտ` Սուրբ Կարապետ Եկեղեցու ավագ սարկավագն էր, ուր և մինչև կյանքի վերջ իր նվիրական ծառայությունը կատարեց: Նրա Աստվածահաճո օրինակելի վարքը շատերի սրտերը շահեց: Բանիմաց ու խելացի էր, ընկերասեր ու մարդամոտ: Շատերի հիշողության մեջ թարմ է, երբ նա դուդուկահար Արթուր Պետրոսյան հետ պատմության մեջ առաջին անգամ` Նիդերլանդներում Սուրբ Սերվատիուսի անունը կրող բազմադարյան տաճարում մեղրածոր դուդուկի նվագակցությամբ հանդես եկավ հայ հնագույն երգի կատարումով: Պերճ Ասատուրյանը սրտով ու հոգու անկեղծ մղումով դա արեց: Կոմիտասի
     ՔԵԼԵ, ՔԵԼԵՆ էր, որն անհնար է մոռանալ: Սա հարգանքի նրա վերջին խունկն էր մեծն Կոմիտասին` վերջին ուխտը Սուրբ Սերվատիուսի նվիրական աճյունի մոտ.
     Քելե՛, քելե՛, քելքիդ մեռնեմ,
     Քո գովական խելքիդ մեռնեմ,
    
     Սիրավոր լորիկ,
     Վիրավոր լորիկ,
     Լորիկ,
     Սևավոր լորիկ,
     Լորիկ ջան:
    
     Քելե՛, քելե՛, քողիդ մեռնեմ,
     Քո լուսընկա շողիդ մեռնեմ:
    
     Քելե՛, քելե՛, բերնիդ մեռնեմ,
     Քո սիրունիկ ձենիդ մեռնեմ:
    
     Քելե՛, քելե՛, ձենիդ մեռնեմ,
     Քո հուր-կրակ սերիդ մեռնեմ,
    
     Քելե՛, քելե՛, աչիդ մեռնեմ,
     Քո անուշիկ պաչիդ մեռնեմ:
    
     Դուդուկի ելևԷջներն ու Պերճի երգը տարածվեցին հազարամյա բազիլիկ եկեղեցու սրահում, Սուրբ Սերվատիուսի դամբարանում, որի դռները առաջին անգամ բացվեցին հայ կատարողների առջև: Այսօր Պերճի երգը հասավ Աստծուն ու կարծես նրա մասին են: Հոգուդ լույս ու պայծառություն` Աստծո սպասավոր: Հանգչիր խաղաղությամբ սիրելի բարեկամ, ընկեր, հոգևորական ու լավ մարդ: Քո հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:
    
     Մաստրիխտի ՍԲ.Կարապետ եկեղեցւո ծխական խորհուրդ
     Մաստրիխտի ԱՆԻ հայ համայնք
     Նիդ.Օրագիր
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1693 | 0 | 0
Facebook