Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երաժշտահոգեբանական սարդոստայն. ցուցակում ֆիլմերն ու հաղորդումներն են

20:09, շաբաթ, 04 հունվարի, 2020 թ.
Երաժշտահոգեբանական սարդոստայն. ցուցակում ֆիլմերն ու հաղորդումներն են

Կարող եք նայել աստղերին, իսկ այդ ընթացքում լսել Էրոս Ռամազոտիի ու Շերի Piu Che Puoi երգը: Հավանաբար լսելիս չեք մտածի, թե այն ինչ հոգեբանական ազդեցություն է ունենում ձեզ վրա: Տվյալ երգի վերնագիրը հայերեն թարգմանությամբ հնչում է՝ ամենն, ինչ կարող ես: Հեղինակները երգում են ինչ-որ մեկի մասին, իսկ երգն այդ ընթացքում անում է ամեն ինչը: Վերջինս փոփ ժանրին պատկանող լիրիկական երգ է: Ունենք տպավորիչ տեքստ, հիշվող երաժշտություն: Փոփ ժանրի երաժշտությունը հիմնականում նախընտրում են ռոմանտիկ մարդիկ, և քանի դեռ ռոմանտիկան իրական կյանքում պակասում է, նրանք դա փնտրում են տվյալ երաժշտական ուղղության մեջ:

Երաժշտությունը կարծես առաջնորդում է ուղեղին որոշակի մտածողության: Կարող է տրամադրություն փոխել կամ ստեղծել: Դասական երաժշտություն լսելուց հետո հնարավոր է ավելի արագ կատարել այնպիսի առաջադրանք, ինչպիսին է՝ բազմամասնիկ փազլ հավաքելը: Երաժշտության ազդեցությունը մարդու գործունեության վրա ուսումնասիրվել է տարբեր մասնագիտությունների դեպքում: Մարդուն հնարավորություն եք ընձեռում աշխատանքի ժամանակ լսել սիրելի երաժշտությունը, իսկ հետո նրանից ստանում՝ ավելի լավ արդյունք, ավելի լավ գաղափարներ: Չէ՞ որ մթնոլորտն օգնում է և հանգստացնում: Օրինակ՝ վիրաբույժները կարող են լսել Eagles-ի Hotel California երգը վիրահատություն կատարելիս:
    
Երաժշտական գործերը, ըստ ազդեցության, կարելի է բաժանել երկու խմբի՝ ակտիվացնող և թուլացնող: Ընդհանրապես, երաժշտության ընկալումը սերտորեն կապված է մտավոր գործընթացների հետ և պահանջում է ուշադրություն, հետևողականություն: Ազդում է ողջ օրգանիզմի վրա, առաջ բերում արյան շրջանառության և շնչառության փոփոխությունների հետ կապվող ռեակցիաներ: Հանգիստ մեղեդիները օգնում են թուլանալ, խուսափել անհանգստությունից, նվազեցնել գլխում առկա մտքերի քանակը և կենտրոնանալ ինքնակարգավորման վրա: Դանդաղ մեղեդիները քնաբերի պես են, հիպնոսում են օրգանիզմը: Ակտիվ և էներգետիկ երաժշտությունը, ազդելով մարդու հոգեբանության վրա, տխրությունը փոխարինում է ուրախութամբ, թախիծը՝ լավատեսությամբ:

Պյութագորասը և նրա աշակերտները ուսումնասիրում էին մաթեմատիկան երաժշտության ներքո՝ նկատելով, որ այն բարենպաստ ազդեցություն է ունենում մտածողության վրա: Արիստոտելը կարծում էր, որ երաժշտության օգնությամբ կարելի է ազդել անձի ձևավորման վրա: Հին հույների համար երաժշտությունն առաջին հերթին հանդիսանում էր ակտիվ գործունեության խթանիչ, ապա՝ հաճելի հանգստի և զվարճանքի միջոց: Գիտականորեն ապացուցված է, որ երաժշտությունը կարող է ամրապնդել իմունային համակարգը, բարելավել նյութափոխանակությունը: Երաժշտությունը մեր կյանքում ինքնաճանաչման և արտահայտման միջոց է:

Ի՞նչ դեր ունի երաժշտությունը ֆիլմերում: Տվյալ հարցի պատասխանը ստանալու լավագույն տարբերակը ֆիլմն առանց երաժշտության պատկերացնելն է: Էկրանին պատկերվածը տեսնում ենք աչքերով, սակայն ավելին ընկալում ենք ականջներով: Յոհան Յոհանսոնն իսլանդացի կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր է: Նա առավել հայտնի է որպես Սթիվեն Հոքինգի մասին պատմող «Ամեն ինչի տեսությունը» ֆիլմի երաժշտության հեղինակ: Ֆիլմը նոմինացվել է 72-րդ Ոսկե Գլոբուսի մրցանակաբաշխությանը 4 տարբեր անվանակարգերում և հաղթել է լավագույն դերասան, լավագույն երաժշտություն անվանակարգերում։ Տեսնում ենք՝ ինչպես է երիտասարդ Սթիվեն Հոքինգը ծանոթանում Ջեյնի հետ: Այստեղ սկսվող պատմությունը հրաշալի է ընթանւմ մինչ Սթիվենի հիվանդության հայտնաբերումը: Ինչու՞ եմ սա նշում: Ֆիլմում ուրախ և տխուր դրվագների կարևոր ուղեկիցը երաժշտությունն է: Ֆիլմի վերջին հատվածը կարող է փոթորկել ներսդ երաժշտության շնորհիվ: Մեղմ է, բայց միևնույն ժամանակ դինամիկ զարգացող: Կտորը, որով եզրափակվում է ֆիլմը, առանձնահատուկ է: Ջեյնը և դեֆորմացված դեմքով Սթիվենը նայում են երեխաներին, ապա իրար ու ժպտում: Այդ պահին սկսում ենք ժամանակագրորեն հետ գնալ արագ կադրերի հերթափոխով ու հասնում առաջին կետ՝ նրանց համբույրին: Այդ պահին կինոդիտողի մաշկը չէր փշաքաղվի, եթե չլիներ Յոհանսոնի երաժշտական ստեղծագործությունը:

Շատերն են ծանոթ փշաքաղված լինելու զգացողությանը, բայց քչերն իրենց հարց տված կլինեն՝ ինչո՞վ է դա պայմանավորված: Նոտաներն ընկալելիս հաճելի զգացողություններով ենք պարուրվում: Այդպիսի զգացողություններ կարող են արթնանալ ֆիլմի հուզիչ տեսարանը դիտելիս կամ սիրելի մարդու հետ ֆիզիկական շփման դեպքում: Մարդկանց մեծամասնությունը կարողանում է մատնանշել երաժշտության մեջ ճշգրիտ պահը, որը մարմինը ցնցման է հասցնում: Նման դեպքերն անսպասելիորեն տեղի են ունենում երաժշտական ներդաշնակություն զգալիս կամ ձայնի հանկարծակի մուտքի դեպքում: Երաժշտական անակնկալները դրական հույզեր են առաջացնում: Սարսուռ առաջանում է, քանի որ զարգացած մտավոր ունակություններ ունեցող անձը ի վիճակի է մտավոր կերպով որոշակի ենթադրություններ անել՝ ինչպես է մեղեդին զարգանալու հետագայում: Եվ եթե այդ կանխատեսումները համընկնում են իրականության հետ, մարմնով սարսուռ է անցնում: Փշաքաղվում ենք:

2018թ.-ի դեկտեմբերին Erste Group-ի կողմից պատրաստվեց ամանորյա գովազդ, որն ուներ հստակ հաղորդագրություն. սերը կգտնի իր ճանապարհը: Այն պատմում էր սիրո ուժի, սեփական անձի նկատմամբ հավատի և ուրիշների մեջ գոյություն ունեցող դրականին վստահելու մասին: Մենք ականատեսն էինք ոզնու հեքիաթի, որտեղ անտառային մյուս բնակիչները ճանապարհներ են փնտրում փշոտ ոզնու հետ ընկերության համար: Erste Group-ը այս գովազդի համար մրցանակ էր շահել: Մեկից երկու րոպե տևողությամբ գովազդը նման էր ֆիլմի, որը տպավորում էր ոչ միայն սյուժեով, այլև սաունդթրեքով: Լսարան գրավող միջոցների ցանկում առաջին տեղը զբաղեցնում էր երաժշտությունը:
    

Երաժշտությունն առանցքային դեր ունի աուդիովիզուալ նախագծերում: Այն միշտ ներկա է, և կապ չունի՝ գովազդ է, հաղորդում, կարճամետրաժ կինոնկար, թե վավերագրական ֆիլմ: Տեսալսողական նախագծերում երաժշտությունը կապվում է այն հուզական ազդեցության հետ, որը նախագծի հեղինակները ցանկանում են ունենալ լսարանի վրա: Վերոնշյալ ամանորյա գովազդը պատկերներ և երաժշտական տարրեր է պարունակում, որոնք մեզ կապում են տարվա այս ժամանակի՝ ձմռան, նոր տարվա հետ:

ԶԼՄ-ների և գովազային շուկայի զարգացումն ու տարածումը ընդգծեց երաժշտության կարևորությունը շարժվող կադրերի ամբողջության մեջ: Յուրաքանչյուրս մեր մտքում ունենք շատ երգեր և երաժշտական կտորներ կինոնկարներից: Դրանց ճնշող մեծամասնությունը հիշեցնում է մեզ որևէ անհատի, ապրած հույզերի և վայրերի մասին, որտեղ եղել ենք: Երաժշտությունը հասկանալու և մշակելու համար ուղեղը դիմում է հենց այն նույն հատվածին, որը պատասխանատու է և ինչ-որ չափով վերահսկում է հույզերն ու հիշողությունները:

Ուղեղը կարող է հուզական կապ հաստատել մի կտոր երաժշտության և ինչ-որ դրական, բացասական իրողության միջև: Մարդու ուղեղում գոյություն ունեն հաճույքի կենտրոններ: Երբ հաճելի բան է պատահում, այնտեղ արտադրվում է հատուկ հորմոն ՝ դոֆամին: Դոֆամինը կարող է արտադրվել, երբ մենք համեղ ուտեստ ենք փորձում, լսում մեր սիրելի երգերը: Երբ ուղեղը փոքր քանակությամբ է դոֆամին արտադրում, անձը կարող է ընկնել սթրեսի մեջ:

Երաժշտության ազդեցությունը ուղեղի վրա բնութագրվում է որպես բարդ ու տարաբնույթ գործընթաց: Այն ակտիվացնում է կեղևի շարժողական և լսողական հատվածները, նաև լիմբիկ համակարգը, որը պատասխանատու է էմոցիոնալ ոլորտի համար: Պարզվել է այս ակտիվության հստակ տեղակայումը: Մասնակցում են ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են ինքնագնահատականի և էսթետիկ դատողության համար: Վոկալ և գործիքային երաժշտությունը տարբեր կերպ է ընկալվում: Տեքստի առկայությունը բերում է կիսագնդերի միջև ակտիվության վերաբաշխման:

Ուղեղը անընդհատ կանխատեսում է իրադարձությունների զարգացումը, քանի որ դա մեզ հնարավորություն է տալիս նախապատրաստվել դրանց հետևանքներին: Երաժշտությունն ինչ-որ տեղ ուղեղի համար մարզադահլիճ է: Այն հիանալի հնարավորություն է կանխատեսումներ անելու, պատկերացումներ ձևավորելու համար: Մարդիկ սիրում են կռահել, և ուղեղի աշխատանքի հարցում երաժշտությունն օգնում է:

Աուդիովիզուալ նախագծերը ներառում են երաժշտություն, օրիգինալ սաունդթրեքեր և երաժշտական այլ տարրեր: Այդ տարրերը օգնում են ֆիլմի կամ հաղորդման պատմությունը դարձնել ավելի գայթակղիչ և հիշարժան: Դրանք հակված են կոնկրետ հույզեր առաջացնել, այդ իսկ պատճառով մենք հիշում ենք որոշ կտորներ և ասոցացնում մեր ունեցածի, նախկին փորձի հետ: Կինոգործիչներին և հաղորդման հեղինակներին անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպիսի հույզեր են ուզում փոխանցել մարդկանց: Վերջինս կօգնի հասկանալ՝ ինչպիսի երաժշտություն և գործիքներ են հարկավոր: Աուդիովիզուալ նախագծերը խթանում են տեղի ունեցածին ուշադրություն դարձնելու ունակությունը: Սակայն մեղեդու և երաժշտական տարրերի հետ միասին, նրանք կարծես ստեղծում են հիպնոսող էֆեկտ: Հանդիսատեսին ներգրավում են շատ ավելի խորքային չափով:

Նման հաղորդումների շարքում առաջինն առանձնացրել եմ «Սպասիր ինձ» հեռուստահաղորդումը: Այն մեզ՝ հեռուստադիտողներիս թույլ է տալիս հաղորդակից լինել մարդկանց ճակատագրերին ու պատմությանը։ Մեկը կորցրել է ընկերոջը, մյուսը՝ կնոջը, մեկ ուրիշը՝ երեխային: Նրանք գտնում են իրար ու ջերմ, արցունաքախառը գրկախառնությունները լինում են տաղավարում՝ մեր աչքի առաջ: Երբ անձը պատմում է իր կյանքի պատմությունը, ինչպես է կորցրել հարազատին, հնչում է մի տեսակ տխուր զգացողություններ առաջ բերող երաժշտություն: Նրանք փորձում են մեր հոգուն դիպչել: Այն պահին, երբ տարիներ անց հարազատները հանդիպում են միմյանց, հաղթանակ հիշեցնող նուրբ երաժշտություն է լսվում մեր ականջին: Հեռուստանախագծի հեղինակները ճիշտ կերպով օգտագործում են երաժշտությունը լսարանի վրա հոգեբանորեն ներազդելու համար:

Նույն մոտիվներով կառուցված է Կենտրոն հեռուստաընկերության «Ես կամ» հաղորդումը, որտեղ երեխաները ցանկություն են հայտնում տեսնել իրենց սիրելի հայտնի մարդուն: Երեխաները այդքան էլ լավ պայմաններում չեն բնակվում և տարբեր խնդիրներ ունեն՝ սոցիալականից մինչև առողջական: Ամենը պատմում և ցույց են տալիս տեսախցիկի առաջ: Նրանց ցանկությունը անկատար չի մնում: Եվ ամբողջ ընթացքը երաժշտության ուղեկցմամբ հեռուստադիտողին հասցնում է հուզական վիճակի:

Երաժշտությունն օգտագործվում է հեռուստատեսությունում՝ ցույց տալու, թե ինչպիսին են կերպարների հույզերը: Սա ամրապնդում է հեռուստատեսային ծրագրի հաղորդագրությունը և փոխանցում ավելին փիքսելներից այն կողմ: Երաժշտությունը միայն զվարճանքի համար չէ, այլև ուշադրությունը գրավող բաղադրիչ: Որոշ հաղորդումներ ունեն իրենց հատուկ երաժշտությունը, որոնք լսելուն պես՝ կիմանանք, թե որտեղից է այն: Երաժշտության միջոցով տեղեկություն ենք ստանում:

5-րդ ալիքով հեռարձակվող «Ես, թե հայրենիքս» հաղորդումը պատմում է ապրիլյան պատերազմում զոհված տղաների մասին: Յուրաքանչյուր հաղորդմանը ներկայացվում է մեկ հերոսի կյանքը, ծառայության ընթացքը և հերոսական մահը: Պատմում են հերոսի ընտանիքի անդամները, մտերիմները, մանկության և ծառայակից ընկերները: Հաղորդումն ունի ընտրված հատուկ երաժշտություն, որը միանգամից հուշում է՝ այն եթերում է:

Հանրային հեռուստաընկերության «Անկախ տարիքից» հեռուստանախագծում ունենք գործող հերոս, որը ցանկանում է վերականգնել իր գեղեցկությունը ու կրկին ինքնավստահ կին դառնալ: Հաղորդման ընթացքում պլաստիկ վիրաբույժը, ատամնաբույժը, բժիշկ-էսթետիստն ու ոճաբանները օգնում են հերոսուհուն այդ հարցում: Հաղորդման վերջին հատվածում հերոսուհին կերպարանափոխված է, նայում է հայելու մեջ ու ժպտում: Դրվագն ընդգծելու նպատակով օգտագործվում է երաժշտություն, որը մեզ հուշում է՝ ցանկալին դարձել է իրականություն:

Երբեմն լսարանը կարող է ազդեցություն կրել հաղորդման կամ ֆիլմի ժամանակ հնչող երաժշտությունից և նույնիսկ չնկատել: Ֆիլմերում գործածվում են և ՛ գոյություն ունեցող երաժշտություն, և ՛ հատուկ այդ ֆիլմի համար ստեղծվածը: Եղել են ժամանակներ, երբ ֆիլմերը միայն երաժշտություն են պարունակել: Մինչև խոսակցությունների ի հայտ գալը ֆիլմերում, դրանք եղել են համր: Լսարանը հետևում էր էկրանին հայտնվող գործողություններին, որոնք ուղեկցվում էին երաժշտությամբ և տվյալ գործողությունները բնութագրող բառերով: Չարլի Չապլինի անունը շատերիս է ծանոթ:

Երաժշտությունը տարբեր գործառույթներ է իրականացնում ֆիլմերում.

. Շատ երկխոսությունները կարող են անհետաքրքիր դարձնել սցենարը: Այս դեպքում երաժշտությունը թարմ շնչառություն է հաղորդում ֆիլմին:

. Որակյալ և լավ երաժշտությունը արժևորում է ֆիլմը:

. Հաճախ հերոսները չեն խոսում, սակայն մենք հասկանում ենք նրանց երաժշտության շնորհիվ:

. Հնչող երաժշտությունը օգնում է ներկայացնել պատմությունը:


    

Ֆիլմերը մեզ տեղափոխում են ժամանակի և տարածության մեջ: Երաժշտությունը մեզ մոտ հույզեր է առաջ բերում, և հիանալի միջոց է տեղեկացնելու՝ ինչ ենք զգում: Տղան պտտվում է և նայում աղջկան: Առաջին հայացքից սովորական դրվագ է: Ավելացնում ենք ռոմանտիկ երաժշտություն: Արդեն հասկանալի է՝ մեկն անտարբեր չէ մյուսի նկատմամբ: Կինոնկարներում երաժշտությունը խաղում է հանդիսատեսի հույզերի հետ, մանիպուլյացիայի է ենթարկում և նրանց դրդում ցանկալի զգացմունքներն ապրելուն: Որոշ հնչյունների ընտրությունը ստեղծում է երջանկության, վախի, խուճապի զգացողություններ:

Հայկական կինոարտադրության մեջ հիշենք «Կյանք ու կռիվ» ֆիլմի սաունդթրեքը: Երաժշտության հեղինակը Արթուր Գրիգորյանն էր, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը: Այդ երգի հուզական ուժը մեծ էր: Յուրաքանչյուրն էլ զգացել է երաժշտության հուզական ուժը, որը երբեմն բառացիորեն հասնում է հոգու խորքը: Հին հայկական ֆիլմերն առանձնանում էին իրենց երգերով: Շատերս գիտենք՝ ինչ երաժշտություն ու երգեր են հիշեցնում «Թթենի», «Առաջին սիրո երգը», «Ինչու՞ է աղմկում գետը», «Մեր մանկության տանգոն» կամ «Կտոր մը երկինք» ֆիլմերը: «Կտոր մը երկնքի» Մանսուրյանական երաժշտությունը շարունակում է ապրել ու հաճելի զգացողություններ արթնացնել:

Երաժշտությունն արտահայտում է մեր հույզերը շատ ավելի հզոր, քան կարող են բառերն անել: Էվոլյուցիոն տեսության հեղինակ Չարլզ Դարվինը տարակուսանքով էր խոսում երաժշտությունը ընկալելու մարդկային ունակության մասին, և այն անվանում էր «ամենից խորհրդավորը մարդուն տրված ունակություններից»:

Թատերական պիեսներում երաժշտության դերը ավելի համեստ էր, բայց այն ուներ կարևոր առաջադրանք՝ հուզականորեն ավարտին հասցնել այն, ինչ կատարվում էր բեմում: Ֆիլմը գնահատելիս հարկավոր է զգալ մթնոլորտը: Դեկորացիաների ու դերասանների հետ ընտրված որակյալ երաժշտությունը ամբողջացնում է պատկերը: Այն դառնում է փազլի կորած կտորը, երբ ֆիլմը ուղղություն է վերցնում դեպի սիրտ: Առանց երաժշտության ֆիլմերն ու հաղորդումներն անիմաստ են: Այն հայտնվում է ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում:


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2774 | 0 | 0
Facebook