Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կարևոր է, թե քիմքդ ինչ հոտի է սովոր

23:22, կիրակի, 22 դեկտեմբերի, 2019 թ.
Կարևոր է, թե քիմքդ ինչ հոտի է սովոր

Ձկնորս կանանց խումբը, ավարտելով օրվա աշխատանքը, ճանապարհվում է տուն: Ճանապարհը երկար էր, և երբ արևը մայր է մտնում, փոթորիկ է սկսվում: Հարկավոր էր մի ապաստան գտնել: Նրանք հեռվում մի տուն են տեսնում ու վազում են դեպի այդ տունն ու բախում են դուռը: Ծաղիկներ աճեցնող ու վաճառող բարեհոգի ու հյուրընկալ տիրուհին բացում է դուռը: Տեսնելով ամբողջովին թրջված ձկնորս կանանց՝ նա նրանց մի սենյակ է տրամադրում գիշերակացի համար: Դա մի մեծ սենյակ էր, որտեղ դասավորված էին տարատեսակ գեղեցիկ ու բուրավետ ծաղիկներով լի զամբյուղներ: Տանտրուհին հաջորդ օրը պիտի այդ ծաղիկները վաճառեր:

Ձկնորս կանայք չափազանց հոգնել էին, ուստի անմիջապես պառկում են քնելու: Սակայն, նրանք չեն կարողանում քնել ու սկսում են մեկմեկու բողոքել, թե պատճառը ծաղիկների բուրմունքն է: «Այս ի՜նչ անտանելի հոտ է, ոչ մեկս չենք դիմանում այս հոտին: Այս հոտի պայմաններում քնելն անհնարին է», - ասում են նրանք մեկմեկու: Այդ ժամանակ նրանցից մեկը մի առաջարկ է անում, որը մյուսների հավանությանն է արժանանում: «Պարզից էլ պարզ է, - ասում է այդ կինը, - որ մեզանից ոչ ոք չի դիմանում այս գարշահոտին, և եթե մենք մի դարման չգտնենք, ամբողջ գիշեր աչք չենք կարողանա փակել: Ուստի, խորհուրդ եմ տալիս յուրաքանչյուրդ ձկներով լի ձեր զամբյուղները, որպես բարձ, դնեք ձեր գլխի տակ: Այդ դեպքում ծաղիկների անդուր հոտը մեզ չի խեղդի»: Կանայք հետևում են իրենց ընկերուհու խորհրդին, ձկներով լի զամբյուղները դնում են իրենց գլխի տակ ու անմիջապես մուշ-մուշ քնում են:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3010 | 0 | 0
Facebook