Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ամեն ինչ լքել է ինձ՝ բացի քո բարության նկատմամբ վստահությունից: Ես այլևս չեմ կարող փչացնել քո կյանքը»

22:19, չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2019 թ.
«Ամեն ինչ լքել է ինձ՝ բացի քո բարության նկատմամբ վստահությունից: Ես այլևս չեմ կարող փչացնել քո կյանքը»

Բրիտանացի նշանավոր գրող, գրաքննադատ, մոդեռնիստական գրականության ազդեցիկ ներկացուցիչ Վիրջինիա Վուլֆը (1882 - 1941) փոքրիկ կամակորություններ է ունեցել: Նա մասնավորապես նախընտրել է մանուշակագույն թանաքով գրել: Հատկապես այս գույնը նա շատ է սիրել ու հաճախ է այդ գույնի զգեստներ հագել: Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի նման, նա էլ է հիմնականում կանգնած գրել: Բայց փխրուն առողջությունը նրան ստիպել է նստած դիրքում լինել, և նա առաջիններից մեկն է եղել, որը «ազատ գրասեղան» է օգտագործել: «Ազատ գրասեղան» -ը ոչ մեծ տախտակ է եղել, որը ստեղծագործողը դրել է ծնկներին:

Նա թեև ատել է հրեաներին, սակայն հրեայի հետ է ամուսնացած եղել ու սիրել է նրան: Առաջին աշխարհամարտի սկսվելուց ի վեր խորանում է նրա անհանգստությունն ամուսնու կյանքի համար, ու նա ուժգին գլխացավեր է ունենում: Նրանց լոնդոնյան բնակարանն ավիահարձակումից քանդվում է: Վերջին վեպի ձեռագիրն ավարտելուց հետո Վուլֆը խորն ընկճախտի ճիրաններում է հայտնվում: Գրողի օրագիրը վկայում է, որ նա մահվան գաղափարով է համակված եղել: Համարելով, որ այլևս իրավունք չունի ամուսնուն տանջել և որ առանց իրեն նրա համար հեշտ կլինի, Վիրջինիան նամակ է թողնում ամուսնուն ու քրոջը, 1941-ի մարտի 28-ին հագնում է վերարկուն, գրպանները քարերով է լցնում ու նետվում է գետը: Երկու շաբաթ անց նրա մարմինը երեխաներն են գտնում:

Ինքնասպանությունից առաջ նա ամուսնուն հետևյալն էր գրել.

«Թանկագինս, ես վստահ եմ, որ նորից ցնորվում եմ: Զգում եմ, որ դա նորից է կրկնվելու, և այս անգամ ես չեմ բուժվելու: Ես սկսում եմ ձայներ լսել: Չեմ կարողանում կենտրոնանալ: Այդ իսկ պատճառով ընդունել եմ միակ ճիշտ որոշումը և անում եմ այն, ինչն ինձ լավագույնն է թվում: Ես քեզ հետ բացարձակ երջանիկ եմ եղել: Դու ինձ համար այն ամենն ես եղել, ինչի մասին ես կարող էի միայն երազել: Չեմ կարծում, թե երկու մարդ միասին կարող են ավելի երջանիկ լինել, որքան մենք ենք եղել, քանի դեռ չէր պատուհասել այս սարսափելի հիվանդությունը: Ես այլևս ի զորու չեմ պայքարել: Ես գիտեմ, որ փչացնում եմ քո կյանքը, որ առանց ինձ դու կարող ես աշխատել: Ես դրանում համոզված եմ: Տեսնում ես, ես նույնիսկ անհրաժեշտ բառերը չեմ կարողանում ընտրել: Ես չեմ կարողանում կարդալ: Պարզապես ուզում եմ, որ դու իմանաս՝ կյանքիս ամբողջ երջանկության համար քեզ եմ պարտական: Դու անասելի համբերատար ու բարի ես եղել ինձ հետ: Դա բոլորը գիտեն: Եթե որևէ մեկը կարող էր ինձ փրկել, դա դու կարող էիր լինել: Ամեն ինչ անցավ: Ամեն ինչ լքել է ինձ՝ բացի քո բարության նկատմամբ վստահությունից: Ես այլևս չեմ կարող փչացնել քո կյանքը: Ես չեմ կարծում, թե այս աշխարհում կարող են ավելի երջանիկ մարդիկ լինել, քան մենք ենք եղել»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3143 | 0 | 0
Facebook