Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սուրբ Սերվատիուսի անունով հայկական գաթա Մաստրիխտում

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
17:38, շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ.
Սուրբ Սերվատիուսի անունով հայկական գաթա Մաստրիխտում

Սուրբ Սերվատիուսի անունով հայկական գաթա Մաստրիխտում


    

     4-րդ դարի հայ հոգևորական, բարեպաշտ Սուրբ Սերվատիուսը, երբ որոշեց քրիստոնեություն տարածելու առաքելությամբ մեկնել Եվրոպա հավանաբար իր ուսապարկում պահած ունենար հայկական գաթա: Նրա մտքով կանցնե՞ր արդյոք, որ Նիդերլանդների Լիմբուրգ նահանգում, նրա հարակից Բելգիայի ու Գերմանիայի տարածքներում ու մասնավորապես Մաստրիխտում սերունդները հավերժացնելու են իր անունը: Հատկապես Մաստրիխտ քաղաքը ապրում է նրա շնչով: Տեղացիներն անխտիր գիտեն, որ նա հայ է ու հրաշագործություն է արել իրենց քաղաքում: Նրա անվամբ եկեղեցի, փողոց, կամուրջ, աղբյուր, տեսարժան վայրեր, բիզնես և ուսումնական հաստատություններ կան: Բոլորովին վերջերս նրա անվամբ արտադրվելու է հայկական անուշաբույր գաթա, որի նախաձեռնությունը տեղի «Անի» հայկական կազմակերպությանն և Սուրբ Կարապետ հայկական եկեղեցունն է: Մտահաղացումը Սոնա Հովհանեսինն է: Այս ձեռնարկը` որ քաղաքն ունենալու է Սուրբ Սերվատիուսի անունով հայկական ապրանքանիշ, հավանության ու աջակցության արժանացավ տեղի հասարակության կողմից:
    
    
     Տարեցտարի ավելի սերտ ու օրինակելի համագործակցություն է զարգանում Մաստրիխտի հայ առաքելական Սուրբ Կարապետ և տեղի կաթոլիկ` մասնավորապես հայազգի Սուրբ Սերվատիուսի անունը կրող եկեղեցիների միջև
    
     Քաղցրավենիքը` հայկական գաթան, արտադրվելու է Սերվատիուսի պատվին և անվանվել է Vöäske (veuske): Սա Սերվատիուսի անվան տարածված ու կրճատ փաղաքշական ձևն է:
    
     Ամենահիշարժանը Սուրբ Սերվատիուսի անունը կրող հնամենի Բազիլիկ ոճի տաճարում նրա անունը կրող բրենդի` հայկական գաթայի օրհնության արարողությունն էր: Օրը նշանավոր էր Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի սարկավագների երգչախմբի Կոմիտաս վարդապետի 150 ամյակին այստեղ տրված համերգով:
    
     Vöäske անունը կրող հայկական գաթան Սերվատիուսի եկեղեցում օրհնեց գերաշնորհ Տ.խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը` տեղի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ` եպիսկոպոս Եվերարդ դե Յոնգի, գերմանահայոց թեմի առաջնորդ Սերոբվե եպիսկոպոս Իսախանյանի և Սերվատիուս բազիլիկ եկեղեցու հովիվ Յոհան Դաութզենբերգի ներկայությամբ:
    
    
     Vöäske թարմ թխվող գաթան արդեն հասանելի է ամեն օր, այն կարող եք ձեռք բերել քաղաքի կենտրոնում Zakstraat 9 համարի հասցեում գտնվող հացաբուլկեղենի Հերմանի խանութում, ինչպես նաև Լիմբուրգի այլ կետերում:
     Շահույթի մի մասը` արտադրության ընդլայնելուց բացի, կտրամադրվի Սուրբ Կարապետ եկեղեցու և համայնքի կարիքներին:
     Առջևում Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոներն են ու չէր խանգարի ճաշակել հայ մեծ բարեպաշտի անվամբ` հայ և կաթոլիկ եկեղեցիների կողմից օրհնված համեղ հայկական գաթան:
     Nid.Oragir
    
    
    
https://www.youtube.com/watch?v=-t5AMAbJ6as
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2496 | 0 | 0
Facebook