Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.

Հոդվածներ

Արտավազդ 2-րդի ողբերգական վախճանը

22:39, շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.
Արտավազդ 2-րդի ողբերգական վախճանը

Անտոնիոսն իր գերիներին, իբրև «հաղթանակի» ապացույցներ, տարավ Եգիպտոս և ընծայեց Կլեոպատրային: Մ.թ.ա. 34 թվականի աշնանը, Հայաստանը գրավելու առթիվ, Անտոնիոսն Ալեքսանդրիայում շքեղ հաղթահանդես է կազմակերպում: Դիոն Կասսիոսն այդ մասին հետևյալն է գրել.

«Ալեքսանդրիայում, որտեղ նա կառքով մուտք գործեց, նրան (Արտավազդին) և մյուս կալանավորվածներին իր առջևով քայլել տվեց. Կլեոպատրային նվիրեց հայոց թագավորին՝ ընտանյոք հանդերձ՝ ոսկե շղթաներով շղթայված: Կլեոպատրան բազմության մեջտեղում նստած էր արծաթազօծ ամբիոնին դրված ոսկեզօծ գահույկին: Սակայն բարբարոսները (Արտավազդը և իր ընտանիքի անդամները), թեպետ նրանց շատ էին համոզում և ստիպում՝ ազատության խոստում տալով, չտրվեցին նրանց թախանձագին խնդրանքին, ոչ էլ գլուխ խոնարհեցին: Եվ որովհետև միայն նրա անունն էին տալիս, վեհամիտ անձերի համբավ ստացան և նույն պատճառով դաժան վերաբերմունքի արժանացան:

Այս հաղթանակից հետո Անտոնիոսն ալեքսանդրիացներին ճաշկերույթ տվեց, և, հավաքված ժողովրդով շրջապատված, նա իր կողքին նստեցնել տվեց Կլեոպատրային և իրենց երեխաներին. ապա, մի քանի խոսք ասելուց հետո, հրամայեց Կլեոպատրային թագավորների թագուհի անվանել, իսկ Կեսարիոն անվանակոչված Պտղոմեոսին՝ արքաների արքա: Նա նրանց տվեց, մի նոր բաժանումով, Եգիպտոսն ու Կիպրոսը. նա կրկնում էր, թե Կլեոպատրան եղել է առաջին Կեսարի կինը, և որ Պտղոմեոսը հիրավի նրա որդին է և ձևացնելով, թե այդպես է վարվում նախկին դիկտատորի հանդեպ սիրուց, որպեսզի գարշելի դարձնի Օկտավիանոս Կեսարին, որը ո՛չ նրա որդեգիրն էր, ո՛չ էլ նրա իսկական որդին: Ինչ վերաբերում է այն երեխաներին, որոնք Կեոպատրան նրանից էր ունեցել, նա խոստանում է Պտղոմեոսին տալ Սիրիան և Եփրատից այս կողմ գտնվող բոլոր երկրները՝ մինչև Հելեսպոնտոս, Կլեոպատրային՝ Կիրենաիկային հարևան Լիբիան, իսկ նրանց եղբայր Ալեքսանդրին՝ Հայաստանն ու Եփրատից այն կողմ գտնվող երկրները՝ մինչև Հնդկաստան, որովհետև նա համարում էր, թե այդ երկրամասերն արդեն իր իշխանության ներքո են: Ոչ միայն Ալեքսանդրիայում նա այդ բանն ասաց, այլև գրեց Հռոմ, որպեսզի տեղեկացնի իր մտադրության մասին: Բայց նրա նամակներից ոչ մեկը հրապարակային չընթերցվեց…»:

Մ .թ. ա. 33 թվականին Անտոնիոսն Արաքսի ափին հանդիպում է ունեցել մար Արտավազդի հետ: Նրանք համագործակցության ծրագիր են մշակել, որի համաձայն Անտոնիոսը պիտի մարին օգներ պարթևների դեմ պատերազմում: Անտոնիոսը մար Արտավազդին է տրամադրել Հայաստանում գտնվող իր զորաբանակի մի մասը և փոխարենն ստացել է մարական հեծելազորի մի ջոկատ: Որոշվել է «հայոց թագավոր» Ալեքսանդրին ամուսնացնել մար Արտավազդի դուստր Իստապեի հետ: Մարն Անտոնիոսին է վերադարձրել ջախջախված լեգեոնների արծվակիր դրոշները:

Մ.թ.ա. 31 թվականի Ակտիումի մոտ տեղի ունեցած ծովամարտում Անտոնիոսն ու Կլեոպատրան պարտություն են կրել Օկտավիանոսից: Անտոնիոսն ինքնասպանություն է գործել, իսկ նոր դաշնակիցներ փնտրող Կլեոպատրան, մար Արտավազդին սիրաշահելու համար, հրամայել է գլխատել հայոց Արտավազդ 2-րդին և և գլուխն ուղարկել մար Արտավազդին:

Նկարում՝ Հայաստանը նվաճելու առթիվ հատված դրամ. ձախում Կլեոպատրան է, աջում ՝ Անտոնիոսը և «Antoni Armenia devicta» («Անտոնիոս, նվաճված Հայաստան») գրությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2775 | 0 | 0
Facebook