Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ավելի շուտ ձեռքերիս ափերին մազեր կբուսնեն, քան...»

19:10, կիրակի, 01 դեկտեմբերի, 2019 թ.
«Ավելի շուտ ձեռքերիս ափերին մազեր կբուսնեն, քան...»

Եվ, ահա, Արտավազդ 2-րդի գահակալության սկզբին (մ.թ.ա. 55 թվական) զուգադիպեց մեկ այլ «գահակալություն», որը տեղի ունեցավ հանրապետական Հռոմում: Կրասսոսը և Պոմպեոսը կոնսուլներ դարձան: Դեռևս մ.թ.ա. 60 թվականից Հռոմում գործում էր ոչ պաշտոնական մի ընկերակցություն (Առաջին եռապետություն), որի անդամներից մեկը Պոմպեոսն էր, իսկ մյուս երկուսը՝ Մարկոս Լիկինիոս Կրասսոսը և Գայոս Հուլիոս Կեսարը: Եռապետության իրական կազմակերպիչը Կեսարն էր, որը մտադիր էր Կրասսոսին ու Պոմպեոսին օգտագործել հասնելու միանձնյա իշխանության:

Պլուտարքոսը գրում է, թե «Հռոմեացիների պնդմամբ, Կրասսոսի բազմաթիվ բարեմասնությունների փայլը նսեմանում է նրա մեկ արատի՝ ընչաքաղցության պատճառով: Կարծում եմ, - շարունակում է պատմիչը, - այդ արատը, գերազանցելով նրա մնացած արատներին, պարզապես ստվերել էր դրանք»:

Սպարտակի ապստամբությունը դաժանորեն ճնշած այս Կրասսոսը խոշոր զորավար լինելու և նվաճումներ կատարելու ու միաժամանակ մեծ հարստություններ ձեռք գցելու հավակնություն էլ է ունեցել:

Նորընտիր կոնսուլները երկարաձգում են Կեսարի կառավարչության ժամկետը՝ Գալիայում, և իրենց համար հնգական տարով նախատեսում են պրոկոնսուլական նահանգները (Պոմպեոսին՝ Իսպանիան, Կրասսոսին՝ Ասորիքը):

Կրասսոսը նպատակադրվել էր պարթևների դեմ արշավանք սկսել, տիրանալ նրանց հարստությանը, Ալեքսանդր Մեծ հետքերով հասնել «մինչև բակտրիացիները, հնդիկները և նրանցից այն կողմ գտնվող ծովը»:

Մ.թ.ա. 54 թվականին ժամանելով Ասորիք՝ նահռոմեական զորապետ Գաբինոսից ընդունում է զորքերի հրամանատարությունը: Թեպետ սենատը (ծերակույտը) դեմ էր պարթևների դեմ պատերազմելուն, բայց Կրասսոսը, ստանալով մյուս երկու եռապետների քաջալերանքը, ծավալում է հետախուզական բնույթի որոշ ռազմական գործողություններ: Նա անցնում է Եփրատը՝ պարթևների պետության սահմանը, ետ է շպրտում սատրապ Սիլլակի փոքրաքանակ զորքը և գրավում է մի քանի քաղաք: Այս չնչին հաջողությունը բավարար համարելով՝ Կրասսոսը զորքին թույլ է տալիս իրեն «իմպերատոր» հռչակել: Կայազորներ թողնելով գրավյալ քաղաքներում՝ Կրասսոսը վերադառնում է Ասորիք՝ ձմեռելու և հիմնական արշավանքը նախապատրաստելու:

Գարնան կողմը Կրասսոսի զորակայան են ժամանում պարթևների թագավոր Օրոդեսի դեսպանները՝ նպատակ ունենալով կռահել նրա մտադրությունները: Կրասսոսն հայտարարում է, թե պատասխանը կտա Տիգրիսյան Սելևկիայում (այսինքն՝ պարթևներին նվաճելուց հետո): Դեսպանն էլ ասում է, թե ավելի շուտ իր ձեռքերի ափերին մազեր կբուսնեն, քան Կրասսոսը կտեսնի Սելևկիան:

Այդ նույն ժամանակներում Կրասսոսին այցելության է գալիս հայոց Արտավազդ թագավորը՝ վեցհազարանոց թիկնապահ գնդի ուղեկցությամբ: Եթե Արտավազդը չգնար Կրասսոսի մոտ և անցներ պարթևների կողմը, կնշանակեր, որ նա համոզված է կամ հույս ունի, թե պարթևները հաղթելու են: Իսկ Արտավազդը պիտի որ հակառակ համոզմունքին լիներ, որովետև անցյալի իրադարձությունները ցույց էին տվել, որ Հռոմն անպարտելի ուժ է: Արտավազդը իրադրությունը «կամ՝ կամ» ձևով է ընկալել, և այդ մասին վկայում է այն ծրագիրը, որը նա ներկայացրել է Կրասսոսին: Արտավազդի այս քայլն ամենևին էլ դիվանագիտական քայլ չի եղել, բայց դրա պատճառը ոչ թե նրա դիվանագիտական կարողությունների պակասն է եղել, այլ այն, որ Հայաստանը, հայ ժողովուրդը հայտնվել էին կռանի և սալի արանքում:

Արտավազդը Կրասսոսին առաջարկել է Պարսկաստան ներխուժել Հայաստանի վրայով, որի դեպքում Հայաստանը պաշտպանված կլիներ պարսիկների պատասխան հարվածից և հռոմեական բանակին հեռու կպահեր պարթևական բանակի հիմնական ուժը կազմող հեծելազորի գործողությունների համար նպաստավոր տափարակ վայրերից: Ի հավելումն իր հետ բերած վեց հազար հեծյալների՝ Արտավազդը Կրասսոսին առաջարկում է ևս 10 հազար հեծելազոր և 30 հազար հետևակ:

Կրասսոսը, սակայն, մերժում է Արտավազդի ծրագիրը՝ ավելի շատ հավատ ընծայելով արաբ շեյխերին, որոնք նրան խոստացել էին ավելի կարճ ճանապարհով պարթևների մայրաքաղաք Տիզբոն տանել, և Արտավազդը հեռանում է Հայաստան՝ առկախ թողնելով իր խոստացած զորքի ուղարկման ժամկետը:

55 թվականի գարնանը Կրասսոսի բանակն անցնում է Եփրատը՝ ունենալով 42 հազար զինվոր, որոնցից չորս հազարը՝ հեծելազոր, նույնքան թեթևազեն հետևակ, մնացածը՝ լեգեոներ: Կրասսոսի օգնականներից մեկը եղել է Կասիոսը՝ հետագայում Հուլիոս Կեսարին սպանողներից մեկը;: Պլուտարքոսն ասում է, թե նա հմուտ զինվորական է եղել և Կրասսոսին խորհուրդ է տվել չշտապել, նախ տեղեկություններ ձեռք բերել հակառակորդի բանակի քանակի, սպառազինության մասին, բայց Կրասսոսը նրան էլ չի լսել:

Երբ հռոմեական զորքը բավականին խորացել է տափաստանում, Պլուտարքոսի վկայությամբ, «ժամանեցին հայոց Արտավազդի պատվիրակները և պատմեցին, թե ինչ դժվարության մեջ է նա՝ ստիպված լինելով պայքարել իր երկիր ներխուժած Օրոդեսի դեմ: Հնարավորություն չունենալով օգնություն ուղարկել Կրասոսին, նա խորհուրդ էր տալիս կա՛մ թեքվել իր ճանապարհից, միանալ հայերին և ընդհանուր ուժերով պայքարել Օրոդեսի դեմ, որ լավագույնը կլիներ, կա՛մ առաջ ընթանալու դեպքում՝ ճամբար զարկել միայն բարձունքների վրա՝ խուսափելով հեծելազորի հարձակման համար նպաստավոր վայրերից: Կրասսոսը, սակայն, զայրույթով ու անխոհեմությամբ լի, գրավոր պատասխան չտվեց և հրամայեց հայտնել միայն, թե Հայաստանի համար այժմ ժամանակ չունի, բայց հետո կգա և Արտավազդի հետ հաշիվ կտեսնի դավաճանության համար»:

Կրասսոսի ճամբար դեսպանություն ուղարկելը, հավանաբար, խորամանկ քայլ է եղել՝ հռոմեացիների մեղադրանքներից ապահովագրվելու համար: (շարունակելի)

Նկարում՝ Հուլիոս Կեսար, Մարկոս Կրասսոս և Գնեոս Պոմպեոս:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4744 | 0 | 0
Facebook