Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Սեռը փոխելու ցանկությունն ամենևին էլ նոր երևույթ չէ հայ հասարակությունում (հողը «խաբար» չտանի Ղազարոս Աղայանին)

19:29, ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.
Սեռը փոխելու ցանկությունն ամենևին էլ նոր երևույթ չէ հայ հասարակությունում (հողը «խաբար» չտանի Ղազարոս Աղայանին)

Տրանսսեքսուալիզմի, տրանսսեքսուլների դեմ ու հանուն ազգի անաղարտության պայքարող պուրիտան (մաքրամոլ) հայրենակիցներիս այս հավելյալ օգնությունը, կարծում եմ, ինչպես ասում են, չի խանգարի:

Ուստի նրանց առաջարկում եմ, հանուն իրենց պայքարի առավել արդյունավետության, նետահարել նաև հայ իրականության մեջ տրանսսեքսուալիզմի առաջին նշանավոր՝ առ այսօր անհայտ, ծպտված քարոզչին՝ ականավոր գրող, «Անահիտ» հեքիաթի հեղինակ Ղազարոս Աղայանին: Նրա «Արեգնազան կամ կախարդական աշխարհ» հեքիաթի գլխավոր գործող անձը՝ տրանսսեքսուալ Արեգնազանը, հոր՝ Արմանի կամքով ու իր՝ Արեգնազանի իսկ ցանկությամբ, շրջապատից թաքցնում է իր աղջիկ լինելը, Արեգ անվամբ է հանդես գալիս այնքան ժամանակ, մինչև որ կախարդական զորությամբ ի վերջո հասնում է իր բաղձանքի իրականացմանը, տղա է դառնում: Այսինքն, Աղայանի կերտած այս հերոսուհին ոչնչով չի տարբերվում վերջերս հասարակության ուշադրությունն իր վրա բևեռած Մել դարձած Մելինեից, իսկ նրա «Արեգնազան կամ կախարդական աշխարհ» հեքիաթը՝ Մելի մասին պատմող ֆիլմից:

Պետք է նաև բացահայտել «Արեգնազան կամ կախարդական աշխարհ» հեքիաթի առաջին ու հետագա բոլոր հրատարակիչներին, հեքիաթի տպագրությունը ֆինանսավորած բոլոր անհատներին ու կազմակերպություններին ու նրանց օտարերկրյա հովանավորներին, մեր օրերում այդ հեքիաթը բեմադրողներին: Դեռ այն ժամանակներից են մեր ազգի թշնամիներն սկսել հայ ընտանիքի, հայ մարդու բարոյական խաթարման, այլասերման գործընթացը՝ Աղայանի միջոցով հայ հասարակության միջավայր նետելով սեռափոխման գաղափարը, իսկ Աղայանից էլ առաջ շատ աղջիկների հավատացնելով, թե ծիածանի տակով անցնելու դեպքում իրենք տղա կդառնան, իսկ աղջիկ դառնալ ցանկացող տղաները՝ աղջիկ:

Հետո՞ ինչ, որ բժշկությունը «տրանսսեքսուալիզմ» երևույթը հիվանդություն, հորմոնների հավասարակշռության խաթարման արդյունք է համարում: Հետո՞ ինչ, որ այս հիվանդությունն ունեցողները հակառակ սեռին պատկանելու անզսպելի ցանկությամբ են համակված լինում, հետո՞ ինչ, որ նրանք համոզված են, թե իրենք հակառակ սեռին են պատկանում և ջանում են ապրել որպես այդ սեռի ներկայացուցիչ: Միևնույն է, գլխավոր մեղավորներն այդպիսիների մասին պատմողներն են (եթե նույնիսկ այդպիսիք երևակայության արգասիք են), այդ երևույթը, ինչպես նորերս ընդունված է ասել, բոլոլա անողներն ու նրանց օտարերկրյա հովանավորներն են:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1699 | 0 | 0
Facebook