Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Եթե առաջնություն տաք մանրուքներին, ապա ձեր կյանքի առավել կարևոր բաղկացուցիչներին նվիրվելու ժամանակ չեք ունենա»

18:33, չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.
«Եթե առաջնություն տաք մանրուքներին, ապա ձեր կյանքի առավել կարևոր բաղկացուցիչներին նվիրվելու ժամանակ չեք ունենա»

Կանադայի հանրային կառավարման դպրոցի տարեց պրոֆեսորներից մեկը հյուսիսամերիկյան խոշոր ընկերությունների շուրջ 15 ղեկավարների հետ անցկացվող սեղմ դասընթացի ամփոփիչ դասախոսության վերջում ասում է. «Մենք հիմա մի փորձ ենք կատարելու»:

Այնուհետև պրոֆեսորը սեղանին է դնում չորս լիտր տարողության ապակյա մի տարա և դրա մեջ մեկ առ մեկ տեղավորում է թենիսի գնդակի մեծության 12 խճաքար: Երբ տարան բերնեբերան լցվում է այդ քարերով և նոր քար ավելացնելու տեղ չի մնում, պրոֆեսորը հայացքն հառում է իր ունկնդիրներին ու հարցնում. «Այս անոթն հիմա լի՞քն է»:

Բոլորը միաբերան ասում են. «Այո՛, լի՛քն է»:

Պրոֆեսորը մի քանի վայրկյան սպասում է ու հարցնում. «Իսկապե՞ս»:

Հետո նա սեղանի տակից հանում է մանր քարերով լի մի աման, դրա պարունակությունը խնամքով լցնում է մեծ խճաքարերի վրա ու տարան մի քանի անգամ թեթևակի ցնցում է: Մանր քարերը սահելով անցնում են խոշոր քարերի արանքով մինչև տարայի հատակը և իրենց տեղը գտնում:

Տարեց պրոֆեսորը նորից հարցնում է լսարանին. «Արդյո՞ք տարան լիքն է»:

Այս անգամ ունկնդիրները մասամբ կռահում են, թե ինչ է պրոֆեսորի մտքինը և ասում են. «Հավանաբար՝ ոչ»:

«Լա՛վ», - ասում է պրոֆեսոր և սեղանի տակից հանում մանր ավազով լի մի աման և պարունակությունը զգուշությամբ լցնում է տարայի մեջ: Մանր ավազը սորալով զբաղեցնում է խոշոր ու մանր քարերի միջակայքը: Պրոֆեսորը նորից դիմում է իր ունկնդիրներին. «Իսկ հիմա լի՞քն է»:

Այս անգամ բոլոր աշակերտներն անվարան պատասխանում են՝ «Ո՛չ»:

Այս պատասխանը լսելուց հետո պրոֆեսորը սեղանի տակից հանում է ջրով լի շիշը, պարունակությունը լցնում է տարայի մեջ՝ մինչև պռունկը և հարցնում է. «Այս փորձը ձեզ ի՞նչ մեծ ճշմարտություն է ցուցանում»:

Ունկնդիրներից մեկը պատասխանում է. «Այդ փորձը ցույց է տալիս, որ երբ նույնիսկ մենք կարծում ենք, թե մեր պարտականությունը լիովին կատարել ենք, պիտի գիտակցենք, որ եթե ցանկանանք, կարող ենք ավելին անել»:

«Ո՛չ», - արձագանքում է պրոֆեսորը: Այս փորձի ցուցանած մեծ ճշմարտությունը հետևյալն է. եթե անոթի մեջ սկզբում խոշոր քարերը չտեղավորենք, ապա մանր քարերը, ավազն ու ջուրն այնուհետև չենք կարողանա այնտեղ տեղավորել:

Լսարանում մի որոշ ժամանակ խորը լռություն է տիրում, հետո պրոֆեսորն ասում է.

«Որո՞նք են ձեր կյանքի մեծ քարերը. ձեր առողջությո՞ւնը, ձեր ընտանի՞քը, ձեր ընկերնե՞րը, ձեր երազանքների իրականացո՞ւմը, ձեր սիրած գո՞րծը, սովորե՞լը, մի որևէ գործի համար պայքա՞րը…Պետք է ամեն մեկդ նախ և առաջ ձեր կյանքի խոշոր քարերը դնեք, այլապես մեծ է հավանականությունը, որ կյանքում չեք հաջողի: Եթե առաջնություն տաք մանրուքներին, ապա ձեր կյանքի առավել կարևոր բաղկացուցիչներին նվիրվելու ժամանակ չեք ունենա: Արդ, մի՛ մոռացեք ինքներդ ձեզ հարցնել, թե որոնք են ձեր կյանքի մեծ, գլխավոր քարերը, ապա առաջին հերթին դրանք դրեք ձեր տարայի (կյանքի) հիմքում»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3258 | 0 | 0
Facebook