Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աթեիստ Անդոն

12:27, չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.
Աթեիստ Անդոն
    
    
    

1

Աթեիստ Անդոյի տունը…չէ՜, կռիվ չէր ընկել, ուղղակի գտնվում էր քաղաքի մի ծայրում ու անհասկանալի պատճառներով, չգիտես թե որտեղից՝ դռան տակի՜ց, բանալու անցքի՜ց, օդանցքի՜ց ներս էր սողոսկել աղքատությունն ու իրեն ՏԵՐ համարելով լափել էր ամեն ինչ:

Անդոն չգիտեր ի՞նչ անել, չէր հասցնում զոքանչի համար ԿԵՏՈՆԱԼ, կնոջ համար ԱՍԿՈՖԵՆ, միակ դստեր համար տետր, նկարչական ալբոմ, վճարովի դպրոցի վարձ, հոսանքի փող, գազի փող…

Մի խաղա՜ղ առավոտ էր. մի տխո՜ւր առավոտ, Անդոն սև օրվա համար գրպանում պահած 50 դրամանոցը խաղացնելով տանից դուրս եկավ անհայտ ուղղությամբ:


    

Շա՜տ էր գնացել թե քի՜չ, միայն Աստված գիտի, ճանապարհին տեսավ փողոցը հատել ցանկացող մի սև կատվի:

Քայլերը մի պահ դանդաղեցրեց, հետո հիշեց, որ ինքը սնոտիապաշտ չի, համ էլ դե՜ կատու է էլի՜, երևի հակառակ մայթում ուտելիքի հոտ է առել, շարունակեց քայլերը:

Կատվի ու աթեիստ Անդոյի հայացքները հանդիպեցին:

Անդոն արդեն մտածե՜լ վերջացրել էր, իսկ սև կատուն մտածեց, թե որ այս խեղճի ճանապարհն էլ պետք է կտրեմ, ինձնից ի՞նչ սև կատու ու ետ վերադարձավ:

Ճանապարհը Անդոյին տարավ եկեղեցի:

Սև օրվա համար պահած 50 դրամով մի մոմ առավ ու չգիտեր ի՞նչ անի:

Մոմը վառե՜ց, ափերն իրար միացրեց, վեր չնայեց, նայեց վառվող մոմերին ու քանի որ ոչ մի աղոթք չգիտե՜ր - սկսեց ինքն իրեն խոսել:

- Նե՜ղն եմ, Տե՜ր Աստված, սրանից նեղ կյանքում չի՛ լինում, վատ օրերիս համար ի՞նչ մեղք եմ գործել, թե կարո՜ղ ես մի բան արա, հո չե՞մ կործանվելու: Ամե՜ն:


    

Ճանապարհին նորից տեսավ սև կատվին, կատվի ու աթեիստ Անդոյի հայացքները նորի՛ց հանդիպեցին:

Մտածեց. «էլի սա՛ հանդիպեց, պրծո՜ւմ չկա» ու դանդաղեցրեց քայլերը:

Կատուն էլ իր հերթին մտածեց. «Սրա պատճառով ճանապարհս չե՛մ փոխի» ու կտրեց անցավ փողոցը:


    

Վերադարձավ տուն, ընկավ անկողին, ջերմը բարձրացավ ու ջերմի մեջ տեսավ տիրոջ դեմքը.

- Ասում ես վատ ես հա՞, Անդո՛, դու դեռ չգիտե՜ս վատը որն է ու բողոքում ես, ես քեզ ցո՛ւյց կտամ թե վատը ո՜րն է:


    

Հաջորդ օրը Անդոյի զոքանչն աստիճաններից ընկավ, ոտքը կոտրեց:

Կնոջ գլխացավերին ավելացավ արյան ճնշումը:

Հոսանքի մարդն եկավ հոսանքն անջատեց:

Դստերը, վարձը չմուծելու համար արգելեցին դպրոց մտնել:

Տան մկները նույնիսկ հացի փշուրներ չգտնելով - լքեցին տունն ու փախան:


    

Յո՜թն օր, յո՜թ գիշեր աթեիստ Անդոն բարձր ջերմությամբ ծամո՜ւմ էր ու կո՜ւլ տալիս կյանքի կողմից իրեն հասանելիք բաժնի դա՜ռը պատառներն ու չգիտեր ի՞նչ անել:


    

ՀԵՂԻՆԱԿԻՑ.

Միգուցե այսքանով ավարտեի՜ պատմությունս ու հեղինակային իրավունքով վերջաբանը թողնեի ընթերցողի քիմքին հաճելի ավարտին, բայց կլիներ անարդա՜ր ու անհասկանալի…


    

2

Աթեիստ Անդոյի տունը…չէ՜, կռիվ չէր ընկել, ուղղակի գտնվում էր քաղաքի մի ծայրում ու անհասկանալի պատճառներով տանը տիրություն էր անում նորին մեծություն ԼՌՈՒԹՅՈՒՆԸ:


    

Մի խաղա՜ղ առավոտ էր. մի տխո՜ւր առավոտ, Անդոն սև օրվա համար գրպանում պահած 50 դրամանոց չունենալով, տանից դուրս եկավ անհայտ ուղղությամբ:

Անհայտ ուղղությունը Անդոյին տարավ եկեղեցի:


    

Մոմ չվառեց՝ փո՜ղ չկար:

Ափերն իրար միացրեց, վեր չնայե՜ց, նայեց ուրիշների վառվող մոմերին ու քանի որ ո՛չ մի աղոթք չգիտեր սկսեց ինքն իրեն խոսել:


    

- Փառքդ շա՜տ, Տե՜ր Աստված, գոհ եմ ամեն ինչից, հատկապես երբ ամե՜ն առավոտ աչքս բացում եմ ու աչքիս լույսն անջատող չկա, տեսնո՜ւմ եմ ստեղծածդ ու զմայլվում, նայո՜ւմ եմ զոքանչիս դրության մեջ մտնող հայացքին, կնոջս համբերող շուրթերին, դստերս պայծա՜ռ ու գեղեցիկ աչքերին…սրանից լա՜վ էլ ի՞նչ կարող է լինել: Ամե՜ն:


    

Վերադարձավ տուն, լուռ հանվեց ու մտավ անկողին, դեռ ջերմում էր:

Մի պահ աչքերը փակվեցին ու տեսավ Տիրոջ դեմքը:

- Ասում ես Լավ ես հա՞, Անդո՛, դու դեռ չգիտե՜ս Լավը որն է, ես քեզ ցո՛ւյց կտամ թե Լավը ո՜րն է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3561 | 0 | 0
Facebook