Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Գլաձոր» ուսանողական երիտասարդական միությունը նոր ղեկավար կազմ ունեցավ

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
15:15, շաբաթ, 09 նոյեմբերի, 2019 թ.
«Գլաձոր» ուսանողական երիտասարդական միությունը նոր ղեկավար կազմ ունեցավ

«Գլաձոր» ուսանողական երիտասարդական միությունը նոր ղեկավար կազմ ունեցավ


    
Արդեն 14 տարի է ինչ Նիդերլանդներում գործում է հայկական «Գլաձոր» ուսանողական երիտասարդական կազմակերպությունը: Պարտադիր ամեն տարի կազմակերպության ղեկավարության նոր կազմ է ընտրվում: Անցնող տարիները եղել են ուսանողական միության կայացման ու նոր ձեռքբերումների ժամանակաշրջան: Սա լավագույն հնարավորություն է ստեղծում, որպեսզի հայ ուսանողները համախմբվեն մեկ հարկի ներքո, ի մի
բերեն իրենց գաղափարները, մտահաղացումները ու նոր ասելիքով նպաստեն միության կայացմանը: Օրերս 14-րդ անգամ «Գլաձոր» միության ուսանողները հավաքվեցին նոր` ղեկավար կազմ ընտրելու համար: Ամիսների երկարատև քննարկումներից հետո և նախկին 13-րդ խորհրդի կազմի մասնակցությամբ ձևավորվեց 14-րդ խորհրդի նորընտիր կազմը: Այն այսպիսին է`
    
    
    
  • Նախագահ (Voorzitter)` Անի Չուկասյան
  • Փոխնախագահ` Արսինե Մարկոսյան
  • Գանձապահ (Penningmeester)` Աշխեն Բակլաչյան
  • Ներքին համակարգող (Interne coördinator)` Արման Ավակյան
  • Արտաքին համակարգող` Ռուբինա Սարգիսյան
  • Քարտուղար` Վերոնիկա Հակոբյան

    
     Նոյեմբերի 15-ին ՈՒտրեխտի սրահներից մեկում (Vredenburgkade 11, 3511 WC Utrecht, Nederland) տեղի կունենա «Գլաձոր» ուսանողական երիտասարդական միության նոր ղեկավար կազմի հանդիպումն ու ծանոթությունը միության բոլոր անդամների հետ: Ինչ խոսք, հաճելի կլինի Նիդերլանդներում սովորող շատ հայ ուսանողների մասնակցությունը: Սա հրաշալի առիթ է միմյանց մոտիկից շփվելու և ծանոթանալու համար, նաև հիանալի հեռանկարներ է բացում երկխոսության ու նոր նախագծերի իրականացման առումով: Նոր կազմում նախագահ ընտրված Անի Չուկասյանը մեկ տարի է, որ «Գլաձորի» անդամ է, ու բացատրում է` թե ինչու է իրեն տեսնում կազմակերպության ղեկավար կազմում: «Գլաձորի» ֆեյսբուքյան էջում Անին ներկայանալով հետևյալն է գրել. «Թե ինչու՞ եմ ուզում նախագահ դառնալ, պայմանավորված է նախկին խորհրդի անդամներով ու անցած տարվա անմոռանալի իրադարձություններով, անշուշտ նաև մարդկանցով, ովքեր հնարավորն են անում «Գլաձորի» կայացման գործում: Մտնելով «Գլաձորից» ներս ու մասնակից լինելով իրադարձություններին` ավելի մոտեցա իմ ազգային մշակույթին, պատմությանը և ժողովրդին: Որպես նախագահ ՝ կցանկանամ նույն փորձը կիսել «Գլաձոր» ժամանող բոլոր նոր անդամների ու անծանոթների հետ: «Գլաձորը» մարդկանց միավորում ու համախմբում է ՝ անկախ բնակության վայրից: Այստեղ նոր ընկերներ ես ձեռք բերում ու կերտում գեղեցիկ հիշողություններ, այստեղ այնքան շատ բան կարելի է սովորել կազմակերպվող տարբեր միջոցառումների միջոցով: «Գլաձորը» եզակի ուսանողական կառույց է և ես հպարտ եմ, որ նրա մի մասնիկն եմ...
     Հաջորդ տարի հույս ունեմ, որ մենք կարող ենք ընդլայնել այն հարթակը, որը ստեղծվել է տարբեր հայ երիտասարդների համար, որպեսզի նրանք կարողանան ավելի հաճախակի հաղորդակցվել, զվարճանալ, ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել, ավելին իմանալ մեր մշակույթի մասին, ավելի շատ վայելել երաժշտությունը, ծանոթանալ պատմությանը, ի վերջո Նիդերլանդներում ստեղծել մեր փոքրիկ Հայաստանը` հայրենիքի հետ մեր ընդհատված կապը ամբողջացնելու համար...»:
    
     Արդեն նախանշվում են նոր միջոցառումների կազմակերպչական աշխատանքները` Գլաձորցիները դեկտեմբերին ծրագրել են այցելել Բրյուսել: Առջևում բազմաթիվ անելիքներ կան, սպասվում են նոր անակնկալներ, հետաքրքիր ու բազմազան մշակույթային և կրթական ծրագրեր, հավաքներ, հավաքույթներ ու տոնակատարություններ։
     «Նիդերլանդական օրագրը» շնորհավորում և բարի երթ է ասում «Գլաձորի» 2019/2020 թվականների նորակազմ խորհրդին ու ողջ նիդերլանդահայ ուսանողությանը:
     ՆԻԴ. ՕՐԱԳԻՐ
    
     «Գլաձոր» ուսանողական երիտասարդական միության էջերը
     ֆեյսբուքյան էջ
     Կայք էջ
    
     https://www.facebook.com/asvgladzor/
     https://gladzor.nl/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1838 | 0 | 0
Facebook