Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կարտոֆիլի անունները

23:23, ուրբաթ, 01 նոյեմբերի, 2019 թ.
Կարտոֆիլի անունները

Երբ 16-րդ դարի սկզբում իսպանացիները Պերուում հայտնաբերեցին կարտոֆիլը, պահպանեցին տեղում առավել տարածված «պապա» անունը: Ինկերի կայսրության գերակշռող կեչուա ժողովուրդը, բացի թթվառվույտից, «պապա» է անվանել բոլոր կոճղեզները: Լատինական Ամերիկայի բոլոր իսպանախոս երկրներում կարտոֆիլին միշտ «պապա» են անվանել, բայց Իսպանիայում, բացառությամբ Կանարյան կղզիների և երկրի հարավի, այս նոր բույսին «պատատա» անունն են տվել:

Այնուհետև այս անվանումն իսպաներենից փոխառել են եվրոպական կամ ոչ եվրոպական բազում լեզուներ: Այսպես է ծնունդ առել իտալերենի, հունարենի, բասկերի լեզվի ու կատալոներենի «պատատա» -ն, թուրքերենի «պատատաս» -ը, անգլերենի «փաթաթո» -ն, նորվեգերենի «պոթեթ» -ը, պորտուգալերենի և արաբերենի «բատատա» -ն, շվեդերենի «պոտատիս» -ը:

Այդ ժամանակաշրջանի շատ հեղինակներ այս նոր բույսը նմանեցրել են «տրյուֆելներ» (truffe) անվամբ հայտնի պայուսակավոր սնկերի պտղամարմնին: «Truffe» -ից է բխեցված կարտոֆիլի` արագոներեն «տրումֆա» անունը:

Երբ իսպանացիները 16-րդ դարում Իտալիա են ներմուծում կարտոֆիլը, իտալացիները դրան «tartufoli» (փոքրիկ տրյուֆել) անունն են տալիս: Այս անվան «tartuffel» ձևը գերմաներենում դառնում է «Kartoffel», ռումիներենում՝ «cartof», բուլղարերենում` «kartof», ռուսերենում` «kartofel», դանիերենում` «kartoffel», էստոներենում` «kartul», իսլանդերենում՝ «kartafla», լատիշերենում` «kartupel», եբրայերենում` «kartofl»:

Նկարում` Ինկերի դիցարանի կարտոֆիլի աստվածուհի Աքսոմաման:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3990 | 0 | 0
Facebook