Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները

20:39, կիրակի, 13 հոկտեմբերի, 2019 թ.
Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները

Պատմական աղբյուրները հնարավորություն են տալիս հասկանալու, թե երբ են լույս աշխարհ եկել Ախթալայի Ս․ Աստվածածին վանքի որմնանկարները։ Մարիամ թագուհու խաչքարի թողած արձանագրությունից, 1188 թ․ վանքը պատկանում էր Հայ Առաքելական Ս․Եկեղեցուն, իսկ Ստեփանոս Օրբելյանի հաղորդած տեղեկության համաձայն, 1216 թ․, Պղնձահանքում էր պահվում Ս․ Խաչի մասունքը, ապա այդ ժամանակ արդեն կարող ենք հստակ ասել, որ վանքը հայ-քաղկեդոնականների ձեռքում էր։ Ուրեմն, կարող ենք ենթադրել, որ 1216 թվականին Ախթալայի Ս․ Աստվածածին վանքում գոյություն ունեին որմնանկարները, որովհետեւ ԺԳ դարում Հայաստանում որմնանկարները հունարեն եւ վրացերեն գրություններով հասկացվում էին, որպես քաղկեդոնական եկեղեցու անբաժան մասնիկ։ Որմնանկարների ստեղծման ժամանակը պարզելու համար, մեզ համար առաջնային է իմանալ, թե երբ է Իվանեն ընդունել քաղկեդոնականությունը։ Ազնվության համար նշենք, որ այս հարցի պատասխանը ճշգրտորեն չենք կարող տալ։ Կիրակոս Գանձակեցու տեղեկության համաձայն Իվանեն քաղկեդոնական է դարձել 1205 թ․ ։ Պ․ Մուրադյանի կարծիքով Թեժառույքում պահպանված վրացերեն արձանագրությունից, որը թվագրվում է 1196-1199 թթ․, կարելի է կարծել, որ Իվանեն քաղկեդոնական է դարձել ԺԲ դ․ վերջում ։ Իսկ Շ․ Մեսխիյայի կարծիքով Իվանեն ընդունել է քաղկեդոնականությունը մոտավորոպես 1200 թ․ ։ Վերոնշյալ փաստերը ցույց են տալիս, որ Իվանեն քաղկեդոնականների կողմն է անցել 1196-1205 թթ․։ Բայց, ինչպես մենք են կարծում, պատմական սկզբնաղբյուրները թույլ են տալիս ավելի հստակ տարեթիվը տալ, թե երբ են ստեղծվել որմնանկարները։ Մենք առաջին անգամ չէ, որ հանդիպում ենք Կիրակոս Գանձակեցու այն տողերը, որ Իվանեն վանքը վերցրեց եւ հանձնեց քաղկեդոնականներին։ Այս նախադասությունը շատ կարեւոր է, քանի որ կարող ենք ասել, որ Զաքարեի կենդանության ժամանակ այսպիսի բան չէր կարող տեղի ունենալ, միայն մի պարագայում դա հնարավոր էր, երբ Զաքարեն Անի քաղաքից 1205 թ․ աքսորեց այն հոգեւորականներին, ովքեր չէին ուզում ընդունել հայ-վրացական պաշտամունքային միությունը։ Հետաքրքիր է, որ այս ավանդապահ հոգեւորականների հետեւում կանգնած էր Հաղբատի եպիսկոպոսը։ Կարելի է ենթադրել, որ մինչ վանքը քաղկեդոնականներին հանձնելը այն ենթարկվում էր Հաղբատի վանքին եւ միայն այս պատճառով կարող էր Զաքարեն պատժել Հայ Եկեղեցուն եւ թույլ տալ, որպեսզի Պղնձահանքը անցնի քաղկեդոնականների ձեռքը։ Ուրեմն, հստակ կարող ենք ասել, որ վանքի անցումը քաղկեդոնականների ձեռքը, որմնանկարների ի հայտ գալը, ինչպես նաեւ գլխավոր եկեղեցու կառուցումը տեղի է ունեցել 1205 թ․ հետո, իսկ որմնանկարների մասին կարող ենք հստակ ասել, որ լույս աշխարհ են եկել 1205-1216 թթ․ եւ չի կարել չբացառել, որ Իվանեն քաղկեդոնական է դարձել այն ժամանակ, երբ մահացել է Զաքարեն։
     Հստակ է մեզ համար, որ Ախթալայի վանքի որմնանկարների պատվիրատուն եղել է քաղկեդոնականությունը ընդունած Իվանեն, բայց մեզ համար նույնպես կարեւոր է այն փաստը, որ վանքը որմնանկարներով զարդարող վարպետները, ազգությամբ նույնպես հայ են եղել։
     Ս. Աստվածածին վանքի խորանի հյուսիսային բնում ներկագիր պահպանվել է այս մակագրությունը, ԷՒՍԷՓ, ՀՈՎՍԷՓ, բացվել է որմնանկարի մաքրման-վերականգնման ընթացքում, ծեփի տակ, որտեղ նկատվել են մի քանի հայագիր անուններ՝ ներկաթափ եւ անընթեռնելի: Չափազանց կարեւոր է, որ տաճարի հսկայածավալ որմնանկարների հեղինակները, այդ թվում Հովսեփը, եղել են հայ արվեստագետներ, որոնք իրենց անունները մայրենիով «ծածկագրել» են սվաղի
     տակ՝ թերեւս հավատացած լինելով, որ դրանք ի հայտ կգան մի օր, ինչպես այս դեպքում:
     Վանքը ներքուստ եղել է սվաղված եւ որմնանկարներով պատած։ Արեւմտյան պատին կցված է եղել երկլանջ կտորով սրահ, որը չի պահպանվել։ Եկեղեցին մոտ է գտնվում պարսպի կիսագլանաձեւ աշտարակներից մեկին, որի ներքին թաղածածկ ծավալը շարունակվում է դեպի եկեղեցին (ըստ երեւույթին, այդտեղից է եղել Լալվար գետակի ձորի հետ կապող ստորգետնյա գաղտնուղու մուտքը) ։
     Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները տարբեր հետազոտողների կողմից կատարած քննությանն ու նկարագրությանը դարձյալ բնորոշ է երկու հատկանիշ․
     Ա․ Ազգային, դավանական պատկանելության հարցը:
     Բ․ Հիացմունքն այս որմնանկարների գեղեցկության հանդեպ եւ ցավը նրանց վնասվածության համար։ Սույն որմնանկարները, ոչ միայն ասպատակողների կողմից հասցված հարվածներից, այլեւ տաճարի գմբեթ չունենալու, եւ, ըստ այդմ, անձրեւաջրերի անարգել հոսելու պատճառով, մեծապես վնասված են եղել արդեն Մուրավյովի ժամանակ։ Այս մասին նա գրում է, որ ողջ եկեղեցու պատերը ծածկված են որմնանկարներով՝ թեեւ ոչ այնքան լավ պահպանված, ինչպես որ խորանում է, որը պայմանավորում է եկեղեցու գմբեթ չունենալով։ Ցավով նշում է, որ շատ սրբերի դեմքեր արդեն ջնջվել են ջրային հոսքերի պատճառով ։ Համանման ձեւով եւ Լալայանն է գրում․ «Պատերը ծածկված են գեղեցիկ, յուղանկար պատկերներով, որոնք մեծ մասամբ այժմ փչացած են կաթիլքից։ Այս պատկերներից ամենանշանավորն է խորանի վերեւում նկարված Ս․ Աստվածածինը, մանուկ Հիսուսը գրկում։ Ներկերի գույները դեռեւս հիացուցիչ են, միայն Ս․ Կույսի դեմքն ու կուրծքը բծերով ծածկված են» ։ Բծերով ծածկված լինելը նկատի ունի, Օմար խանի արշավանքի ժամանակ, այս պատկերի գնդակոծումը, որի մասին, տեղացիներից լսած պատմության հիման վրա, գրում է նաեւ Մուրավյովը՝ ասելով, թե եկեղեցու ներսում առաջինը, որ ցնցում է դիտողի հայացքը Վլախերյան Տիրամայրն է պատկերված վառ լազուր կապույտի ֆոնին ։
     Կիրիոն եպիսկոպոսը եւս նշում է, որ առաջինը դիտողի վրա ուշադրություն է հրավիրում Վլախերյան Տիրամայրը մանկանը գրկած։ Տաճարի ներսում եղած որմնանկարների համար նա ասում է, որ վերջիններս ծածկում են, ավելի ճիշտ ծածկում էին, ողջ տաճարը՝ ներքեւից վերեւ։


     Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի վանահայր
     Տ. Հեթում քահանա Թարվերդյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11433 | 0 | 0
Facebook