Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՀ) հայտարարում է՝

11:27, ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2019 թ.
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՀ) հայտարարում է՝

Առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության անկախության մասին» Հռչակագրով,
     վերլուծելով Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին ուղղված ներքին և արտաքին մարտահրավերները,
     գիտակցելով պատասխանատվությունը հայության իղձերի իրականացման և սերունդների անվտանգության ապահովման և զարգացման գործում,
     գնահատելով, որ ՀՀ Անկախության Հռչակագրի ընդունումից մինչ օրս իրավահաջորդող և իրավահաղորդող Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետական կառավարման համակարգում առաջնորդվել և առաջնորդվում են՝
     - թերարժեքության բարդույթով՝ կտրված ազգային վիթխարի հոգևոր-մշակութային ժառանգությունից, անհաղորդ մարդկության զարգացման ընթացքում հայության քաղաքակրթական դերին ու նշանակությանը,
     - օտարամոլության (օտարահպատակության) ՝ տանիք փնտրելու կողմնորոշումային դեգերումներով,
     - քաղաքական միավորների անձնավորված հակամարտություններով՝ անտեսելով երևույթների դրդապատճառները, օտարածին ուժերի քայքայիչ գործունեությունը,
     - պետական հաստատությունների անձնավորմամբ՝ խոչընդոտելով դրանց գործառութային ինստիտուցիոնալ կայացմանը,
     - հասարակական գիտակցության, ինչպես նաև իշխանության ինստիտուցիոնալ կառույցներում` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների մարմիններում, ազգային արժեհամարգի դերի, նշանակության նվաստացմամբ ու ժխտմամբ,
     - քաղաքական դալտոնիզմով՝ հասարակությունը բարիկադավորելով «յուրային/թշնամի» բանակների, և ընտրական գործընթացների ֆինանսական կապիտալացմամբ պարտադրում են բացառել լավագույնի ընտրության հնարավորությունը։
     Մտահոգված Հայաստանի Հնարապետությունում իշխանության անձնավորմամբ և գերկենտրոնացմամբ, որի արդյունքում պետականության գմբեթի սյուներ հանդիսացող պետական ինստիտուտներն ու ազգային հաստատությունները լիարժեք չեն ձևավորվում և կայանում, իսկ ժողովրդի լայն զանգվածների մոտ գեներացված սպասումները վերափոխվում են հուսալքության, որի հետևանքով տեղի է ունենում շարունակական արտագաղթ,
     փաստելով, որ անկախ պետականությունը կոչված է արտահայտելու, սպասարկելու, իրականացնելու հայության և Հայաստանի Հանրապետության բնակչության իղձերն ու ձգտումները,
     սահմանելով, որ ազգայնական դաշտը ազգի հոգեբարոյական վիճակն է, որը հիմնված է ազգային արժեքների ու դրանց դրսևորումերի վրա, իսկ ազգային/ազգայնական համարվող ուժերն այն ուժերն են, որոնց համար առաջնային են ազգային արժեքների պահպանումը և հզորացումը, և առաջնորդվում են ազգային գաղափարախոսությամբ, որն իր հերթին ձևավորում և սպասարկում է հայրենիքի զարգացման ու հզորացման կայուն երաշխիք հանդիսացող ինքնության գիտակցությանը, Համահայկական Ազգային Համաձայնությունը հայտարարում է որ.

1. Ազգայնական ուժերն իրենց իսկ բնույթով՝
     - պետականամետ են, որը ոչ մի ընդհանրություն չունի իշխանամետության հետ,
     - շահառու են ազգի բարոյահոգեբանական որակների զարգացմանը, սոցիալ-տնտեսական և քաղաքական առաջընթացին, պետական և ազգային հաստատությունների կայացմանը, անհատի զարգացման նյութական, մտավոր և հոգևոր բաղադրիչների ներդաշնակեցմանը, հասարակության ուղղաձիգ և հորիզոնական միաժամանակյա հետևողական զարգացմանը,
     - միջպետական հարաբերություններում կողմնակից են իրավահավասար գործընկերությանը,
     - անհանդուրժող են քաղաքական իշխանության չարաշահման նկատմամբ,
     - հակադրվում են արտաքին քաղաքական ճնշումներին, սպառնալիքներին, մեր հոգեկերտվածքին խորթ օտար բարքերի ներմուծմանը, մերժում են արտաքին քաղաքական դեգերումներով «տանիք փնտրելու» քաղաքականությունը, դատապարտում են արտաքին ուժերից վասալական կախվածությունը, միաժամանակ նպաստում են մրցակցության պայմաններում երկրի համար որոշակի դրական ձեռքբերումներին,
     - մերժում են արտաքին քաղաքականության ոլորտում ազգային անվտանգության ու Արցախյան հիմնահարցի՝ իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններում ներքին քաղաքական ամբոխահաճո շահարկումը:
     2. Անհրաժեշտ է, որ պետական և ազգային ինստիտուտները համակարգային լուծումներով կայանան և ապա բացառեն բոլոր ուղղություններով օտար ուժերի մանիպուլյատիվ դերակատարումը, ապահովեն Հայոց աշխարհի տարածական սուբյեկտների` Հայաստանի Հանրապետւթյան, ՀՀ-ից դուրս, բայց իր բնօրրանում բնակվող հայության և Սփյուռքի միասնությունը, բավարար երաշխիք դառնան ներդրումների ընդլայնման և ռազմավարական ծրագրերի հաջող մեկնարկման ու իրականացման համար:
     3. Անհրաժեշտ է, որ հայրենիքի ապագայով մտահոգ ազգային ուժերը քաղաքական աջակցող այլ ուժերի հետ միասին ձևավորեն հայության ու հայրենիքի անվտանգության ապահովման, ամբողջականացման և բարգավաճման սրբազան գործի օրակարգը։

«Համահայկական Ազգային Համաձայնությունը» հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը հանդիսանում է հայ ժողովրդի հավաքական հայեցակարգն այն մասին, թե ԻՆՉՊԻՍԻ՞ ՀԱՅՐԵՆԻՔ է ՑԱՆԿԱՆՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, պայքարում է «ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ» կարգախոսի հիմնադրույթներով (տես՝ aanc.am) և սույն հայտարարությամբ հռչակած իր սկզբունքներով, քանի որ ապագայում կգոյատևեն միայն այն ազգերը, որոնք կունենան իրենց ինքնության և նպատակների գաղափարական առանցքի շուրջ կազմակերպվածություն, հայրենիքի զարգացման համար կցուցաբերեն նորարարական ու ստեղծագործական մոտեցում և հարատևման ձիրք։

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ)

ՀԱՀ Մտավորականների խորհուրդ

ՀԱՀ Քաղաքական կուսակցությունների խորհուրդ

ՀԱՀ Հասարակական կազմակերպությունների և Նախաձեռնությունների խորհուրդ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2373 | 0 | 0
Facebook