Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Հույների առասպելական հերոսներից մեկի մասին, որի անունն է կրում Ամստերդամի ֆոտբոլային հռչակավոր թիմերից մեկը

14:20, հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.
Հույների առասպելական հերոսներից մեկի մասին, որի անունն է կրում Ամստերդամի ֆոտբոլային հռչակավոր թիմերից մեկը

Ովքեր կարդացել են «Նկարչին ցավ ու դառնություն է պատճառել ոչ թե իր պարտվելը մրցույթում, այլ անցյալի հերոսի «երկրորդ պարտությունը» » նյութը, կարծում եմ, կուզենան մանրամասներ իմանալ այն հերոսի մասին, որին պատկերած նկարիչը տխրել, վշտացել է նրա «երկրորդ պարտության» համար:

Այդ հերոսն Այաքսն է` Սալամին կղզու թագավոր Թելեմոնեսի և նրա կնոջ` Պերիբեոյի որդին: Երբ Պերիբեոն Այաքսով հղի էր, Թելեմոնին հյուր է գալիս Հերակլեսը, որն իր հորը` Զևսին, խնդրում է, որ Թելեմոնին տղա ծնվի: Երկնքում արծիվ է հայտնվում, և բոլորը դա բարի նշան են համարում: Հերակլեսի խորհրդով` տղային «արծիվ» (Αίαντας) անունն են տալիս: Հետագայում այն մի քիչ հնչյունափոխվում է ու դառնում Այաքս (Αἴας): Ըստ այս հերոսի մասին առասպելի մեկ այլ վարկածի` Այաքսի մարմինը, բացի անութներից (թևատակերից), անխոցելի է եղել, քանի որ նրան ծծկեր տարիքում Հերակլեսն իր սպանած առյուծի մորթու մեջ է փաթաթել:

Այաքսը եղել է Տրոյական պատերազմի պատճառ դարձած գեղեցկուհի Հեղինեի փեսացուներից մեկը: Հարսնացուի խորթ հայրը` Սպարտայի թագավոր Տինդարեոսը, դժվար ընտրության առջև է հայտնվել, որովհետև մի քանի տասնյակ նշանավոր ռազմիկներից, թագավորներից, աստվածների որդիներից նա պետք է Հեղինեին փեսացու ընտրեր մեկին` իր դեմ թշնամացնելով մնացյալ հավակնորդներին: Ոդիսևսի խորհրդով` Տինդարեոսը բոլոր փեսացուներին երդվեցնում է ճանաչել և ընդունել Հեղինեի ապագա ամուսնուն և, ամենագլխավորը, նրան օգնության հասնել վտանգի ու վիրավորանքի դեպքում: Թեպետ Հեղինեի ամուսին է դառնում Մենելայոսը, Այաքսն ամբողջ կյանքում երդումով կաշկանդված է մնում: Երբ տասը տարի անց, Աֆրոդիտե աստվածուհու օգնությամբ, Տրոյայի արքայազն Պարիսն առևանգում է Մենելայոսի կնոջը, Այաքսն ի զորքով ստիպված է լինում միանալ Տրոյայի պարիսպների մոտ շտապող աքայացիների բանակին:

Տրոյայի պարիսպների տակ Այաքսը հերոսանում է ու փառաբանվում` իր քաջագործություններով զիջելով միայն Աքիլեսին: Այաքսը վիթխարահասակ է, ահարկու և հզոր: Նա ունի յոթանկյուն վիթխարի վահան, որը պատված է պղնձի շերտով: Հոմերոսը նրան համեմատում է պատերազմի աստված Արեսի հետ և հույներից ուժեղագունն է համարում: Տրոյայի ավագ արքայազն Հեկտորի հետ կռվելիս նա մի վիթխարի քար է նետում, որը ծակում է Տրոյայի գլխավոր հերոսի վահանն ու վիրավորում է նրա ծունկը: Բայց նրան փրկում է Ապոլոն աստվածը: Այս հերոսներն էլի են բախվում, և նորից Հեկտորը վիրավորվում է Այաքսի նետած քարից: Նրան մարտադաշտից հանում են տրոյական զինվորները: Հոմերոսի «Իլիական» -ում Հեկտորն ու Այաքսը ութ անգամ մենամարտում են, և այդ բոլոր մարտերից ոչ մեկում Հեկտորը չի կարողանում պարտության մատնել կամ նշանակալի վնաս հասցնել Այաքսին, իսկ մարտերից երկուսն ավարտվում են տրոյացիների հերոսի ակնհայտ անհաջողությամբ, երբ նրան կործանումից փրկում են Ապոլոնն ու տրոյացի զինվորները:

Մարտերից մեկի ժամանակ, երբ Ոդիսևսին շրջապատում են տրոյացիներն ու վիրավորում են, անխուսափելի մահից նրան փրկում են Մենելայոսն ու Այաքսը: Աքիլեսի մտերիմ ընկեր Պատրոկլեսի սպանվելուց հետո Այաքսը պաշտպանում է նրա մարմինը, հետո հույներին օգնում է, որ մարտադաշտից հանեն մարմինը` հետ մղելով տրոյացիների գրոհները: Նավատորմի մոտ տեղի ունեցած ճակատամարտից առաջ Այաքսը հանդես է գալիս որպես գլխավոր հրամանատար, որը ոգեշնչում է իր զինվորներին` թույլ չտալու, որ տրոյացիները ոչնչացնեն ճամբարը, իսկ ճակատամարտի ժամանակ անձամբ 12 տրոյացի զինվոր է սպանում:

Տրոյայի պարիսպների մոտ մղված մարտերից մեկի ժամանակ Աքիլեսը սպանվում է: Նրա մարմնի համար կռիվ է սկսվում: Այաքսն սպանում է Գլավքոսին, ու մինչ Ոդիսևսը հետ էր մղում տրոյացիների հարձակումը, Այաքսը մարտադաշտից հեռացնում է Աքիլեսի մարմինը: Հույներն այն ժամանակ զոհվածների մարմինն այրել են ու զոհվածի պատվին մրցումներ են անցկացրել: Ահա', Աքիլեսի պատվին անցկացված խաղերում Այաքսը հաղթում է սկավառակի նետման մրցույթում, որից հետո Աքիլեսի մայրը` Թետիսը, որոշում է որդու զրահը հանձնել հույն ռազմիկներից ամենախիզախին: Այս պատվին հավակնել են արժանանալ միայն Այաքսն ու Ոդիսևսը: Գոյություն ունի մի քանի վարկած այն մասին, թե ինչպես է նախապատվությունը Ոդիսևսին տրվել: Դրանցից մեկի համաձայն` քանի որ Ագամեմնոնը չէր սիրում Աքիլեսին ու նրա ծնողներին, այդ պատճառով զրահը հանձնում է Ոդիսևսին: Մյուս վարկածի համաձայն` ընտրությունը գաղտնի քվեարկությամբ կատարել են առաջնորդները: Երրորդ վարկածն էլ ասում է, թե Ագամեմնոնը Տրոյայի պարիսպների տակ լրտեսների է ուղարկում, որպեսզի նրանք լսեն, թե տրոյացիներն ում են ամենախիզախն համարում: Լրտեսները լսում են աղջիկների խոսակցությունը: Երբ նրանցից մեկն սկսում է գովել Այաքսին այն բանի համար, որ նա նետերի տարափի տակ մարտի դաշտից հանել է Աքիլեսի մարմինը, մյուսը, Աթենաս աստվածուհու ներշնչմամբ, ասում է.

«Դատա'րկ բան: Նույնիսկ ստրկուհին կարող էր դա անել, եթե իր ուսերին մահացած կա, բայց բավական է նրա ձեռքի մեջ զենք դնես, նա վախից կմոռանա, թե ինչի է ունակ: Ոչ թե Այաքսը, այլ Ոդիսևսն է իր վրա վերցրել մեր հարվածի ամբողջ թափը»:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2401 | 0 | 0
Facebook
COMMENT.am