Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քաղաքացու բաց նամակը` ՀՀ վարչապետին

Անկախ Լրագիր
Հեղինակ`
Անկախ Լրագիր
14:06, ուրբաթ, 09 օգոստոսի, 2019 թ.
Քաղաքացու բաց նամակը` ՀՀ վարչապետին

Հարգելի՛ պարոն Փաշինյան,
     Արդեն մեկ տարուց ավել է, ինչ Հայաստանում իրավիճակ է փոխվել։ Ամեն ինչ հրաշալի է.
     Նոր ուժերով լցված, վստահությամբ ու հավատով շարժվում են առաջ մարդիկ ու պետությունը։
     Գիտակից ազգ ենք, հասկանում ենք, որ միասին պիտի կառուցենք հզոր ու երանելի Հայաստանը` քարը քարին դնելով, արարելով ու շենացնելով։
     Հեղափոխությունն իր հետքը թողել է նաև մարդկանց դեմքերին. Ժպտում են բոլորը։ Երևի ազատության զգացումն է պատճառը։
     Հեղափոխությունը և դրանից հետոն, անկասկած, մեր նորագույն պատմության ամենալուսավոր էջերից մեկն է դառնալու։
     Դրական տեղաշարժեր եղան և շարունակում են լինել բոլոր ոլորտերում, այդ թվում, զբոսաշրջության։ Մեր երկրի հանդեպ հետաքրքրությունը կտրուկ բարձրացել է և Հայաստանն այսօր զբոսաշրջային երկիր դառնալու ճանապարհին է։ Մենք պետք է մտածենք մեր երկիրը գրավիչ, հետաքրքիր ու յուրօրինակ դարձնելու մասին և առաջին քայլը, որ պետք է անենք, բնականաբար, առկա խոչընդոտները վերացնելն է։
     Ես ապրում ու սովորում եմ այլ երկրում, բայց ամեն օր Հայաստանի հետ եմ, անգիր գիտեմ օրվա լրահոսը, անցուդարձը, Հայաստանի կյանքը և հաստատ կարող եմ ասել, որ այդ խնդիրներից մեկը թափառող կենդանիների հարցն է։
     Օտարերկրացի ընկերներիս ու ծանոթներիս միշտ պատմում եմ Հայաստանի գեղեցկության, հայ ժողովրդի բարության ու հյուրասիրության մասին։
     Հպարտորեն խոսում եմ հեղափոխության ու երկրիս նոր իշխանության մասին և խորհուրդ տալիս անպայման գնալ ու տեսնել Հայաստանը։ Բայց հետո համեմատում եմ, թե ինչպես են վերաբերում կենդանիներին իմ երկրում և այն երկրում, որտեղ ապրում եմ այս պահին։
     Պատկերը սփոփիչ չէ։
     Քաղաքում մի ապահով անկյուն փնտրող, ծարավ, հիվանդ, սովից հյուծված, անօգնական կամ մարդկանց վերաբերմունքից ագրեսիվ դարձած թափառող շների ներկայությունը քաղաքում ամենուր է, իսկ գյուղերում պատկերն ավելի սարսափելի է։ Սա, մեղմ ասած, քաղաքակիրթ չէ, «էսթետիկ» չէ, սա իմ նկարագրած Հայաստանը չէ, սա այն բարյացկամ ու հյուրասեր ժողովուրդը չէ ։
     Ես վստահ չեմ, որ նրանց դուր կգա այդպիսի Հայաստանը։ Վստահ չեմ, որ իմ նկարագրած հյուրասեր ու բարյացակամ հայը իրենց մոտ կտպավորվի հենց այդպիսին։ Վստահ չեմ, որ վաղը մեզ բարբարոսների հետ չեն համեմատի։


     Պարոն վարչապետ

Համոզված եմ, լսել եք, թե ինչպես են շանը սպանում հրացանով, թունավորում կամ գցում մեքենայի տակ։
     Կամ նկատել եք` ինչպես են ցայտաղբյուրից ջուր խմող ծարավ կենդանուն հարվածում մարդիկ, սովածին քարերով ու մահակներով վռնդում։
     Կարդացել եք` ինչպես են կենդանուն վառում, տանջում կամ ողջ-ողջ թաղում։
    
     Կենդանիները մեզ հետ նույն մոլորակի վրա են, հետևաբար իրավունք ունեն ապրելու։ Այստեղ` օտար երկրում, հարյուրավոր կիլոմետրերի վրա` ամայի կամ բնակեցված, մի շան հետք անգամ չկա։ Պետությունը դրա մասին հոգացել է։
     Իսկ մեր պետությունը, մեր կառավարությունը ե՞րբ է հոգալու։ Մի՞թե խիղճ չունենք մենք` հայերս, առաջին քրիստոնյա երկրի մարդիկ։

Հարգելի պարոն վարչապետ, գիտեմ, շատ լավ հասկանում եմ` շատ են կարևոր, առաջնահերթ ու հրատապ հարցերը, մարդկանց վերաբերող հարցերը, իսկ ժամանակն ու միջոցներն այնքա՜ն սուղ են։ Այո՛, ավելի կարևոր խնդիրներ կան առջևում, բայց մեզ միայն օրենքի ընդունում է անհրաժեշտ, ուրիշ ոչինչ։
     Հավատացե՛ք, սա այն դեպքն է, որ արդեն անհնար է այլընտրանքային լուծումներ գտնել։
     Բազմիցս դիմել ենք այս հարցով, բայց ոչ մի հստակ քայլ չի արվում։
     Դիմում եմ Ձեզ խնդրանքով
     Դիմում եմ Ձեզ, քանզի սպառվել են բոլոր այն տեղերը, որտեղ դիմել են կենդանասերները, ստացավ մարդիկ։
     Հարկավոր է օրենք` «Կենդանիների պաշտպանության մասին», «Կենդանիների առք ու վաճառքի մասին», «Շնամարտերի (և այլ կենդանիների մարտեր, եթե այդպիսիք կան) արգելման մասին», «Կենդանիներին կացարան տրամադրելու մասին» և այլն։ Բոլոր քաղաքակիրթ երկրներում կենդանիներին պաշտպանող կազմակերպությունները ֆինանսավորվում են պետության կողմից կամ ստեղծվում է առանձին պետական կառույց/մարմին/խորհուրդ/հանձնաժողով։
     Ժամանակն է որոշել, մենք ուզում ենք քաղաքակիրթ դառնալ, թե այդպիսին երևալն արդեն իսկ բավարար է։

Սիրելի՛ վարչապետ, ակնկալում եմ Ձեր աջակցությունը այս կարևոր ու անհետաձգելի հարցի շուրջ։
     Համոզված եմ` Ձեր կենդանասեր լինելը էլ ավելի կարագացնի հարցի լուծումը։


     Հարգանքներով`
     ՀՀ հպարտ, բայց մտահոգ քաղաքացի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4214 | 0 | 0
Facebook