Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սևանում աճած ջրիմուռները թունավոր են. հաստատվել է ուսումնասիրությունը.

00:32, կիրակի, 14 հուլիսի, 2019 թ.
Սևանում աճած ջրիմուռները թունավոր են. հաստատվել է ուսումնասիրությունը.
     «Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը հայտնեց, որ իրենք արդեն ավարտել են Սևանում աճած կապտականաչավուն ջրիմուռների ուսումնասիրությունը, որի արդյունքներով հաստատվել է դրանց թունավոր լինելը: Ըստ նրա՝ Սևանը դեռ նման մեծ ծավալով չէր ծաղկել, այդ առումով այս տարին աննախադեպ է: Եվ դա վկայում է մի շարք համակարգային խնդիրների մասին, որոնցից մեկն էլ լճում կենսածին օրգանական նյութերի ավելցուկն է. «Խնդիրը համակարգային է: Սևանի մեջ ջրհավաք ավազանից չափազանց շատ կենսածին նյութեր են լցվում՝ գետերի միջոցով, ջրածածկված ափերից, որտեղ դեռ չեն հասցրել մաքրել, կոյուղագծերից, որոնք բացվում են գետերի մեջ և չեն մաքրվում: Փաստորեն լիճը աղտոտված է օրգանական նյութերով, որոնք էլ ջրիմուռների աճի համար հիանալի միջավայր են ստեղծում»: Լճի համար վնասակար կլինի նաև ջրիմուռների փտելու, մահացության շրջանը, երբ դրանք զգալի քանակով թթվածին կխլեն ջրից, որպեսզի քայքայման գործընթացը բնականոն լինի: Իսկ դա վնասակար է լճի ձկների համար, որոնք կարող են սատկել.
     «Մենք դեռ շարունակում ենք ուսումնասիրությունները՝ հետևանքները պարզելու համար: Ջրիմուռները միանշանակ թունավոր են, բայց դեռ չենք կարող հստակ ասել, թե դրանք ինչ ազդեցություն կարող են ունենալ մարդկանց առողջության և լճի կենդանական աշխարհի վրա: Իհարկե, այդ կանաչ զանգվածում հայտնվելը ոչ մեկի համար հաճելի չէ և հազիվ թե մարդիկ այդ մասերում լողան: Ձկներն էլ ակտիվ միգրացիա են կատարում՝ հեռանալով իրենց համար ոչ նպաստավոր տարածքներից: Հույս ունենք, որ այդ կերպ նրանք չեն տուժի: Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե որքան կտևի ծաղկումը, ինչ արագությամբ կընթանա քայքայումը: Դեռևս միանշանակ չենք կարող խոսել լուրջ հետևանքների մասին, քանի դեռ փաստեր չկան և քանի դեռ հետազոտությունները չեն ավարտվել»:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
751 | 0 | 0
Facebook
COMMENT.am