Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես գրեցի ծառերի և քամու մասին

17:06, հինգշաբթի, 04 հուլիսի, 2019 թ.
Ես գրեցի ծառերի և քամու մասին

Ես գրեցի ծառերի և քամու մասին,
     Որ կանգնած են մահանում և էլ չեն շրշում,
     Հովը դիպավ սարերի երկնախանձ ուսին,
     Քո պատկերով մի կին էր եդեմում շրջում։
     Այդ պարտեզից իմ տամուկ քարայրը դեպի
     Մի կածան է դեռ ձգվում առանց դիմադարձ,
     Կորցրել եմ այդ ճամփին ակնոց ու կեպի,
     Ոտնաթաթերս են մաշվել օրերում անդարձ։
     Հոդաբաժան իմ լեզուն ե՞րբ ես արձակել,
     Սույլը օձի անթարգման չես էլ պարտակել,
     Մռնչում եմ ես ցավից նախամարդու պես,
     Բան չի փոխվել աշխարհում Բարձրյալին ի տես։
     Վարժելիքը քո ձեռքին՝ ասուն, անասուն
     Գալիս ու անց են կենում մեղքից ձեռնասուն,
     Մի պահ թե որ ետ քաշես ափերդ դադրած,
     Խորշոմներդ կհաշվեմ ինձնից թաքցրած։

Թիկունքով ես դեպի ինձ քո լացը լացել,
     Քշվածների գաղտնիքը ինձ էլ չես բացել,
     Ամեն խշշոց, արձագանք երկյուղ է ծնել,
     Ինչ ունեցանք միասին, դա հո՞ չենք գնել։

Տերևաթափ թթենու պսակն է խոշոր,
     Սաղարթի տակ թաքնվիր առանց գլխաշոր,
     Ես լաչակդ եմ գողացել որ հոգիդ հանեմ,
     Ներգործական բայերով՝ քո ցավը տանեմ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3022 | 0 | 0
Facebook