Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման գործընթացը

16:41, երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ.
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման գործընթացը

Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամենամյա դասընթացների մեկնարկի արարողությունը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է հերթական անգամ իրականացվող այս գործընթացը: «Դուք սփյուռքում հայերենի գլխավոր պահապաններն եք և ամեն անգամ Հայաստան գալով և նոր մեթոդներ տանելով սփյուռքի մեր համայնքներ՝ ավելի եք ուժեղացնում ձեր կրթական հաստատությունների դիրքն ու դերը: Մենք այս վերապատրաստումներով ձգտում ենք ստեղծել հայերենի դասավանդման և ընդհանուր հանրակրթության մեկ դաշտ: Վերապատրաստումները նրանով են կարևոր, որ մենք ձեր միջոցով տեղեկանում ենք համայնքներում առկա խնդիրներին և փոփոխում ենք դասավանդման մեթոդաբանությունը` հիմք ընդունելով դրանք», -նշել է նախարարը՝ ընդգծելով, որ 2000-ականներից սկսած ավելի քան 1500 ուսուցիչներ են վերապատրաստվել:

«Նախորդ տարվա համեմատ մի փոփոխություն է տեղի ունեցել՝ այսուհետ բոլոր վերապատրաստումներն իրականացնելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը. նախկինում մեզ համար անհասկանալի պատճառով այն բաշխվել էր նաև Սփյուռքի նախարարությանը: Սա թույլ կտա իրականացնել մեկ միասնական քաղաքականություն: Ձեր ներկայացրած հաստատությունները նաև ակտիվ մշակութային կենտրոններ են, և մենք նպաստելու ենք դրանց զարգացմանը: Ներկայում քննարկում ենք հայագիտության զարգացման նոր փաստաթուղթ, որի շրջանակում հայագիտական առարկաների դասավանդումն էլ ավելի է կարևորվելու: Ողջունեք մեր անունից ձեր աշակերտներին, որոնց փոխանցելու եք այստեղ ստացված գիտելիքները և նոր մեթոդները», -նշել է նախարարը՝ սփյուռքահայ ուսուցիչներին մաղթելով հաճելի օրեր հայրենիքում:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր խոսքում նշել է. «Ձեր աշխատանքի կարևորության, կշռի և անհրաժեշտության մասին տեսականորեն չեմ խոսում. իմ չորս երեխաները հայեցի կրթություն են ստացել և ստանում սփյուռքում, մինչև հայրենադարձվելը: Այնպես որ, գիտեմ՝ ինչպիսի զոհողություննեի շնորհիվ եք դա անում: Իմացեք, որ ձեր մեջքին կանգնած է մի ամբողջ պետություն, ԿԳՄՍ նախարարությունը, Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը, և մենք լիովին գիտակցում ենք ձեր աշխատանքի կարևորությունը: Անպայման ողջունեք նաև ձեր աշակերտների ծնողներին, քանի որ հենց նրանք են գիտակցում հայերենի կարևորությունը սփյուռքում», -իր հերթին նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նշենք, որ Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը գործում է 2000 թվականից` աստիճանաբար ընդլայնվելով և խորանալով: Այս տարի ծրագրին մասնակցելու համար դիմել էր շուրջ 80 ուսուցիչ՝ 16 երկրից: Արդյունքում՝ մասնակցում է 61 ուսուցիչ: Մասնակից երկրներն են՝ ԱՄՆ, ԱՄԷ, Ավստրալիա, Գերմանիա, Դանիա, Իսրայել, Իրան, Իրաք, Լիտվա, Լեհաստան, Ռուսաստան, Սիրիա, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա: Այս տարվա ուսուցիչների մեծ մասը վերապատրաստվում է նախարարության սույն ծրագրով արդեն երկրորդ և նույնիսկ երրորդ անգամ:

Այս տարի նախատեսված է վերապատրաստում հինգ ուսումնական խմբերում` մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, նկարչության և կիրառական արվեստի ուղղություններով: Նախատեսված էր նաև ճատրակի խումբ, որը, սակայն, չի համալրվել: Առավել մեծ թվով ուսուցիչներ գրանցվել են «Մեկօրյա դպրոցում ուսուցման» և «Հայոց լեզվի և գրականության» խմբերում:

Դասընթացների վերջում ուսուցիչներին տրվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի վկայագիր:
    
     edu.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3379 | 0 | 0
Facebook