Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության Հուշագիրը (նոտա) Խորհրդային կառավարությանը

21:16, չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.
Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության Հուշագիրը (նոտա) Խորհրդային կառավարությանը

Բնականաբար, Գերմանիան չէր կարող համաձայնել խորհրդային այդ պահանջներին, որոնք խորհրդային կառավարության նախապայմանն էին հանդիսանում երեք պետությունների դաշինքին միանալու, և դրանով իսկ Երեք տերությունների դաշինքի ձգտումը` համաձայնության գալ Խորհրդային Միության հետ, ձախողվեց: Գերմանական այս դիրքորոշման հետևանքն այն այն եղավ, որ Խորհրդային Ռուսաստանն ուժեղացրեց Գերմանիայի դեմ ուղղված առավել բացահայտ քաղաքականությունը, ու նրա էլ ավելի սերտ համագործակցությունն Անգլիայի հետ առավել հստակ դրսևորվեց: 1941 թ. հունվարին խորհրդային այդ բացասական դիրքորոշումն առաջին անգամ դրսևորվեց դիվանագիտական հողի վրա: Երբ Գերմանիան այդ ամսին անվտանգության հայտնի միջոցները ձեռք առավ` կապված Հունաստանում անգլիական զորքերի ափհանման հետ, խորհրդային լիազոր ներկայացուցիչը Բեռլիում պաշտոնական քայլ արեց` ցույց տալով, Խորհրդային Միությունը Բուլղարիայի ու երկու նեղուցների տարածքը համարում է ԽՍՀՄ անվտանգության գոտի, և որ նա չի կարող անտարբեր լինել այդ անվտանգության շահերին սպառնացող իրադարձություններին: Այս հենքի վրա խորհրդային կառավարությունը նախազգուշացում արեց Բուլղարիայի ու նեղուցների տարածքներում գերմանական զորքերի հայտնվելու դեմ:

Այս առիթով Գերմանիայի կառավարությունը խորհրդային կառավարությանը սպառիչ բացատրություններ տվեց Բալկաններում իր ձեռնարկած ռազմական միջոցառումների պատճառների ու նպատակների մասին: Բացի այդ, նա ցույց տվեց, որ Գերմանիան մտադիր է բոլոր միջոցներով խանգարել Անգլիային հաստատվելու Հունաստանում, բայց որ նա մտադիր չէ զբաղեցնել նեղուցները և հարգելու է թուրքական ինքնիշխանությունն այդ տարածքի վրա: Գերմանական զորքերի անցումը Բուլղարիայով չի կարող դիտարկվել որպես Խորհրդային Միության շահերի անվտանգության ոտնահարում, և Գերմանիայի կառավարությունը, ընդհակառակը, համարում է, որ այդ գործողություններով նա ծառայում է նաև խորհրդային շահերին: Բալկաններում գործողության ավարտից հետո Գերմանիան այնտեղից հետ կկանչի իր զորքերին:

Չնայած Գերմանիայի կառավարության այս հայտարարությանը` խորհրդային կառավարությունը գերմանական զորքերի տեղաշարժից անմիջապես հետո հայտարարություն հրապարակեց հասցեագրված Բուլղարիային, որն ուղղակի թշնամական բնույթ էր կրում Գերմանիայի նկատմամբ և հանգեցնում էր նրան, թե Բուլղարիայում գերմանական զորքերի մուտքը ոչ թե ծառայում է Բալկանների խաղաղությանը, այլ պատերազմին: Գերմանիայի կառավարությունն այդ դիրքորոշման բացատրությունը քաղեց այն տեղեկություններից, որոնք ցույց էին տալիս, որ այդ ժամանակներում համագործակցությունն Անգլիայի ու Խորհրդային Միության միջև ավելի ու ավելի է սերտանում: Չնայած դրան` Գերմանիան այդ դեպքում էլ լռություն պահպանեց:

Այդպիսի իմաստ ուներ ուներ նաև 1941 թ. մարտին Թուրքիային խորհրդային կառավարության խոստացած թիկունքային ապահովումը, եթե նա Բալկաններում պատերազմի մեջ մտնի: Ինչպես հայտնի դարձավ Գերմանիայի կառավարությանը, դա արդյունք էր անգլո-խորհրդային բանակցությունների` Անգլիայի արտաքին գործերի նախարարի Անկարա այցելելու ժամանակ, որի ջանքերն ուղղված էին այն բանին, որ այդ եղանակով Խորհրդային Ռուսաստանին ավելի սերտորեն ներքաշի անգլիական կոմբինացիայի մեջ:

V

Այդ ժամանակից ի վեր Գերմանիայի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության ուժեղացած բնույթը և մինչ այդ Անգլիայի հետ Խորհրդային Միության քողարկված քաղաքականության վարումը մինչև Բալկանյան ճգնաժամի սկիզբը պարզ դարձավ բոլորին: Այժմ անվիճելիորեն հաստատված է, որ Բելգրադում կազմակերպված խռովությունը Երեք պետությունների դաշինքին Հարավսլավիայի միանալուց հետո ծրագրվել էր Անգլիայի կողմից` Խորհրդային Ռուսաստանի համաձայնությամբ: Արդեն վաղուց, հատկապես 1940 թ. նոյեմբերի 14-ից, Խորհրդային Միությունը գաղտնի օգնել է Հարավսլավիայի սպառազինմանն ընդդեմ Առանցքի երկրների: Բելգրադը զբաղեցնելուց հետո Գերմանիայի կառավարության ձեռքն ընկած փաստաթղթերը, որոնք մերկացնում են Հարավսլավիային խորհրդային զենքի մատակարարման յուրաքանչյուր փուլը, դա անառարկելիորեն ապացուցում են: Երբ բելգրադյան խռովությունը հաջողեց, Խորհրդային Ռուսաստանն ապրիլի 5-ին Սերբիայի անօրինական կառավարության հետ բարեկամության պայմանագիր կնքեց` ամրապնդելով խռովարարների թիկունքը, որը պետք է ծառայեր անգլո-հարավսալավա-հունական ընդհանուր ճակատին: Պարոն Սյոմեր Ուելզը` նախարարի ամերիկացի ընկերը, լիազոր ներկայացուցչի հետ Վաշինգթոնում մի քանի խորհրդակցությունից հետո, 1941 թ. ապրիլի 6-ին, բացահայտ գոհունակությամբ հայտարարեց, թե ռուս-հարավսլավական պայմանագիրը հայտնի իրավիճակներում չափազանց մեծ նշանակություն ունի` հարուցելով բազմակողմանի հետաքրքրություն, և հիմք կա ենթադրելու, թե այն բարեկամության ու չհարձակման պայմանագրից ավելի մեծ բան է:

Այն նույն ժամանակ, երբ գերմանական զորքերը ռումինական ու բուլղարական տարածքներ մտան Հունաստանում անգլիական զորքերի զանգվածային ափհանման դեմ, խորհրդային կառավարությունը Անգլիայի հետ լիակատար համաձայնությամբ ջանում է Գերմանիայի թիկունքին հարվածել.

1.ակտիվորեն աջակցելով Հարավսլավիային քաղաքական ու ռազմական առումով,

1.ջանում է Թուրքիային համոզել, որ ագրեսիվ դիրք գրավի Գերմանիայի ու Բուլղարիայի նկատմամբ,

3.կենտրոնացնելով սեփական զինվորական ստորաբաժանումները Բեսարաբիայում և Մոլդովիայում` ռումինական սահմանի մոտ,

4.և ձգտելով ապրիլի սկզբին անսպասելիորեն, ինչպես նկատելի է Արտաքին գործերի կոմիսարի տեղակալ Վիշինսկու և Մոսկվա ուղարկված ռումինական բանագնաց Հաֆենկի բանակցություններից, վարել Ռումինիայի հետ արագ մերձեցման քաղաքականություն` այդ երկրից Գերմանիային հեռացնելու նպատակով: Անգլիական դիվանագիտությունն ամերիկացիների միջնորդությամբ նույն ուղղությամ ջանքեր է գործադրում:

Ռումինիայով ու Բուլղարիայով տեղաշարժվող գերմանական զորքերը, համաձայն անգլո-ռուսական ծրագրի, պետք է երեք կողմից (Բեսարաբիայից, Թրակիայից ու Սերբիա-Հունաստանից) հարձակման ենթարկվեին: Միայն շնորհիվ գեներալ Անտոնեսկուի հավատարմության, թուրքական կառավարության իրատեսական դիրքորոշման և առաջին հերթին շնորհիվ գերմանական գործողությունների ու գերմանական բանակի վճռական հաղթանակների, այդ անգլո-խորհրդային ծրագիրը չիրագործվեց: Գերմանիայի ղեկավարությանը հաղորդագրություններից հայտնի դարձավ, որ շուրջ 200 հարավսլավական աէրոպլաններ խորհրդային ու անգլիական գործակալների ու սերբ խռովարարների հետ, Սիմիչի գլխավորությամբ թռան Եգիպտոս, իսկ մյուս մասը` Խորհրդային Միություն, որտեղ այդ սպաներն այսօր էլ ծառայում են խորհրդային բանակում: Հենց միայն այդ մանրամասնը վառ լույս է սփռում Հարավսլավիայի հետ Անգլիայի ու Խորհրդային Միության համագործակցությանը:

Խորհրդային կառավարությունն իզուր էր ձգտում ամեն կերպ քողարկել իր քաղաքականության իսկական նպատակները: Քանի որ Գերմանիայի հետ տնտեսական հարաբերությունների վերջին շրջանում նա դեռ կատարում էր պայմանագրի պայմանները, ձեռնարկում էր նաև գործողությունների մի ամբողջ շարք, որպեսզի խաբուսիկ եղանակով աշխարհին ցույց տա, թե Գերմանիայի հետ բնականոն, նույնիսկ բարեկամական հարաբերություններ է պահպանում: Դրան է վերաբերում, օրինակ, մի քանի շաբաթ առաջ նորվեգական, բելգիական, հունական և հարավսլավական դեսպանորդների արտաքսումը, որի մասին, Անգլիայի դեսպան Կրիպսի հետ պայմանավորվածության համաձայն, անգլիական մամուլը լռեց և, ի վերջո, վերջերս հրապարակ նետված ՏԱՍՍ-ի հաղորդագրությունն այն մասին, թե Գերմանիայի և Խորհրդային Միության հարաբերությունները շատ կոռեկտ են: Քողարկման այս մանյովրները, որոնք կոպիտ հակասության մեջ էին խորհրդային կառավարության իրական քաղաքականության հետ, չկարողացան, բնականաբար, մոլորեցնել Գերմանիայի կառավարությանը:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1437 | 0 | 0
Facebook
COMMENT.am