Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կոտայքի մարզպետն ընդունեց Բեքաայի նահանգապետ Քամալ Աբու Ջաուդին, Այնճարի քաղաքապետ Վարդգես Խոշյանին և «Գարդենիա» ընկերության նախագահ Նիկոլաս Աբու Ֆասալին

21:28, երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.
Կոտայքի մարզպետն ընդունեց Բեքաայի նահանգապետ Քամալ Աբու Ջաուդին, Այնճարի քաղաքապետ Վարդգես Խոշյանին և «Գարդենիա» ընկերության նախագահ Նիկոլաս Աբու Ֆասալին

Այսօր աշխատանքային այցով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում էին Լիբանանի Հանրապետության Բեքաայի շրջանի նահանգապետ Քամալ Աբու Ջաուդին, Այնճար քաղաքի քաղաքապետ Վարդգես Խոշյանը և արդեն 5 տարի ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերում ներդրումային ծրագրեր իրականացնող «Գարդենիա» ընկերության նախագահ Նիկոլաս Աբու Ֆասալին:

Բեքաայի նահանգապետն ու Այնճարի քաղաքապետը Հայաստանում են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հրավերով:

Վերջիններս եկել էին մասնակցելու հունիսի 22-23-ին Դիլիջանում կայացած «Իմ Քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողովին, իսկ Կոտայքի մարզպետի հետ հանդիպման նպատակը մեկն էր՝ ծանոթանալ այս մարզի յուրահատկություններին ու հնարավորություններին:

Ողջունելով հյուրերին՝ Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց այցի համար ու նախ իր հիացմունքը հայտնեց Այնճարի քաղաքապետ Վարդգես Խոշյանին՝ կապված քաղաքի կառավարման հետ, ապա ներկայացրեց Կոտայքի մարզի զարգացման տեսլականը, որը բաղկացած է 5 հիմնական ուղղություններից.

1. Ինտենսիվ այգեգործություն և տեխնոլոգիական գյուղատնտեսություն: Սրանք Կոտայքում տնտեսական զարգացման կարևորագույն ուղղություններից են:
     2. Զբոսաշրջություն: Կոտայքի մարզը շարունակում է գրավել արտասահմանցի զբոսաշրջիկներին՝ մնալով զբոսաշրջության հիմնական էպիկենտրոններից մեկը:
     3. Ադամանդագործություն: Հենց Կոտայքի մարզում են գտնվում ադամանդագործության երկու հիմնական կենտրոնները՝ Նոր Հաճնը և Աբովյանը: Պարզապես պետք է զարգացնել ու նոր շունչ հաղորդել ոլորտին:
     4. Վերականգնվող էներգետիկայի ոլորտ: Արևային կայաններն ու հողմակայանները մարզի համար կարող են դառնալ նոր մշակույթ ու հրաշալի լուծում:
     5. Շինարարություն և շինարարական տեխնոլոգիաներ: Միայն Ծաղկաձորում այս պահին ընթանում է 10-ից ավելի հյուրանոցների և հյուրատների շինարարություն:

Մարզպետն անդրադարձավ Կոտայքի և Տավուշի մարզերում ներդրումային ծրագրեր իրականացնող «Գարդենիա» ընկերությանը, որն արդեն 5 տարի է բարեհաջող գործունեություն է ծավալում ու հավաստիացրեց, որ պատրաստ է աջակցել արտասահմանցի այն ներդրողներին, որոնք իրենց գործունեությամբ կնպաստեն Կոտայքի մարզի զարգացմանն ու առաջընթացին:

Բեքաայի նահանգապետ Քամալ Աբու Ջաուդին մարզպետին շնորհակալություն հայտնեց մարզի զարգացման տեսլականով իրենց հետ կիսվելու համար ու իր հերթին հավաստիացրեց, որ ուրախ կլինի, որ այս համագործակցությունը շարունակվի նաև միջպետական մակարդակով. «Ձեր միջոցով ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը ջերմ ընդունելության և արդյունավետ համագործակցության համար՝ հուսալով մեր աշխատանքային օրակարգ մտցնել նաև Կոտայքի մարզը»:

Որպես համագործակցության սկիզբ՝ Քամալ Աբու Ջաուդին Կոտայքի մարզպետին հրավիրեց Լիբանանի Հանրապետություն՝ ներկա գտնվելու Լիբանանում կայանալիք Տավուշի մարզի և Բեքաայի միջև ապակենտրոնացված համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը և հույս հայտնեց, որ հաջորդ հուշագիրը կստորագրվի արդեն Կոտայքի մարզի հետ:
    
     kotayk.mtad.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3014 | 0 | 0
Facebook