Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության Հուշագիրը (նոտա) Խորհրդային կառավարությանը

21:09, կիրակի, 23 հունիսի, 2019 թ.
Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության Հուշագիրը (նոտա) Խորհրդային կառավարությանը

Ֆինլանդիայում գործել է «Խորհրդային Միության հետ խաղաղության ու բարեկամության միություն» -ը, որը Պետրոզավոդսկի ռադիոյի հետ համագործակցելով՝ փորձում էր քայքայիչ աշխատանք կատարել այդ երկրում, և ընդ որում աշխատել է հակագերմանականության ոգով:

Ֆրանսիայում, Բելգիայում և Հոլանդիայում թշնամանք է հրահրվել գերմանական օկուպացիոն իշխանությունների դեմ: Նույնպիսի ազգային ու պանսլավոնական գունավորմամբ թշնամանք է հրահրվել Գեներալ նահանգապետությունում: Հենց որ Հունաստանը զբաղեցվեց գերմանական ու իտալական զորքերով, խորհրդային քարոզչությունն այնտեղ էլ իր գործին ձեռնամուխ եղավ: Ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ Խորհրդային Միությունը սիստեմատիկ արշավանք է ծավալել բոլոր երկրներում՝ ընդդեմ Եվրոպայում ամուր կարգ հաստատելու Գերմանիայի ձգտման:

Դրա հետ մեկտեղ քարոզչական ուղղակի հակագործողություն է իրականացվում ընդդեմ գերմանական քաղաքականության ՝ ձգտելով Խորհրդային Ռուսաստանի կողմը հակել տարբեր երկրների՝ ընդդեմ Գերմանիայի: Բուլղարիայում ագիտացիա է տարվել՝ ընդդեմ Երեք պետությունների պայմանագրում այդ երկրի անդամակցության և հանուն Խորհրդային Ռուսաստանի հետ պայմանագրային երաշխիքների: Ռումինիայում, Երկաթյա գվարդիայի ներսփռման ու նրա առաջնորդների չարամիտ օգտագործման, իմիջիայլոց, ռումին Գրոզային օգտագործելու ճանապարհով, բեմականացվում է 1941 թ. հունվարի 23-ի խռովությունը, որի հրահրողները Մոսկվայի բոլշևիկյան գործակալներն էին: Գերմանիայի կառավարությունն ունի դրա անհերքելի ապացույցները:

Ինչ վերաբերում է Հարավսլավիային, ապա Գերմանիայի կառավարությունն ապացույցներ ունի առ այն, որ հարավսլավացի պատգամավոր Գեորգևիչը դեռ 1940 թ. մայիսին Մոսկվայում պարոն Մոլոտովի հետ խոսակցությունից համոզվել էր, որ այնտեղ Գերմանիային համարել են «վաղվա ուժեղ թշնամի»: Էլ ավելի միանշանակ եղավ Խորհրդային Ռուսաստանի դիրքորոշումը սերբական բանակի ներկայացուցիչների զենք ստանալու ցանկությանը: 1940 թ. նոյեմբերին խորհրդային բանակի Գլխավոր շտաբ պետը հարավսլավական ռազմական կցորդին հայտարարեց. «Մենք կտանք ձեր պահանջածը և նույնիսկ՝ անմիջապես»: Վճարումների գներն ու ժամկետները ներկայացվել էին Բելգրադի կառավարությանը, և ընդամենը մեկ նախապայման էր դրվել՝ Գերմանիայից գաղտնի պահել: Երբ ավելի ուշ Ցվետկովիչի կառավարությունը մերձեցավ Առանցքի տերություններին, Մոսկվան սկսեց դանդաղեցնել զենքի մատակարարումը, որի մասին կարճ ու հստակ հայտարարվեց խորհրդային ռազմական նախարարությունում Հարավսլավիայի ռազմական կցորդին: Այս տարվա մարտի 27-ին Բելգրադում ռազմական հեղաշրջման բեմականացումը եղավ բարձրակետը Գերմանիայի դեմ սերբական դավադիրների ու անգլոռուսական գործակալների գաղտնի գործունեության: Այդ խռովության սերբական ղեկավարը, «Սև ձեռք» -ի առաջնորդ Սիմիչը, այսօր էլ Մոսկվայում է ու սովետական քարոզչական օրգանների հետ սերտ համագործակցությամբ եռանդուն գործունեություն է վարում Գերմանիայի դեմ:

Վերոնշյալները հանդիսանում են սոսկ փոքր մասը Եվրոպայում Գերմանիայի դեմ ԽՍՀՄ-ի քարոզչական գործունեության: Այդ իսկ պատճառով, արտաքին աշխարհին խորհրդային իշխանությունների գործունեության ընդհանուր պատկերը գերմանախորհրդային պայմանագիրը կնքելու պահից սկսած ներկայացնելու և նրան դատելու հնարավորություն տալու համար, Գերմանիայի կառավարությունը պարտավոր է հայտարարել.

Գերմանիայի հետ պայմանագրերը կնքելիս խորհրդային կառավարությունը բազմիցս միանշանակորեն հայտարարեց այն մասին, որ մտադիր չէ ո՛չ ուղղակիորեն, ո՛չ անուղղակիորեն խառնվել Գերմանիայի ներքին գործերին: Բարեկամության պայմանագիրը կնքելիս նա հանդիսավորապես հայտարարեց Գերմանիայի հետ համագործակցելու մասին, որպեսզի ի շահ բոլոր ժողովուրդների հնարավորինս շուտ վերջ տրվի մի կողմից Գերմանիայի, մյուս կողմից Անգլիայի ու Ֆրանսիայի միջև ներկա պատերազմին: Խորհրդային այդ համաձայնագրերն ու հայտարարությունները վերն հիշատակաված փաստերի լույսի ներքո, որոնք պատերազմի ընթացքում ավելի ու ավելի հստակ էին դառնում, պարզվեց՝ գիտակցաբար արված խաբեություն էին: Նույնիսկ բոլոր առավելությունները, որոնք ձեռք էին բերվել միայն գերմանական բարեկամական քաղաքականության հետևանքով, չկարողացան խորհրդային կառավարությանը մղել, որ Գերմանիայի նկատմամբ լոյալ դիրք գրավի: Ընդհակառակը, Գերմանիայի կառավարությունը ստիպված եղավ համոզվել, որ Լենինի թեզիսը, որը ևս մեկ անգամ արտահայտվեց 1939 թ. հոկտեմբերին «Սլովակիայում կոմունիստական կուսակցությանը տրված հանձնարարականներ» -ում, որի համաձայն «մի քանի այլ պետությունների հետ կարող են կնքվել պայմանագրեր, որոնք կծառայեն խորհրդային կառավարության շահերին ու հակառակորդի վնասազերծմանը», ուժի մեջ էր մնում նաև 1939 թ. պայմանագրերի կնքումից հետո: Բարեկամության այդ պայմանագրերի կնքումը, այսպիսով, խորհրդային կառավարության համար եղել է սոսկ մարտավարական խուսանավում: Նրանց իսկական նպատակը եղել է Ռուսաստանի համար ձեռնտու համաձայնագրերի կնքումը: Ղեկավարող գաղափարը եղել է ոչ բոլշևիկյան պետությունների թուլացումը, որպեսզի հեշտ լինի դրանց քայքայումը և հարմար ժամանակին դրանց անկումը: Կոպիտ հստակությամբ դա արտահայտվել է Բելգրադի գրավումից հետո տեղի լիազոր ներկայացուցչությունում գտնված փաստաթղթում. «ԽՍՀՄ-ը արձագանքելու է միայն հարմար պահին: Առանցքի տերություններն էլ ավելի հեռուն են նետել իրենց ռազմական ուժերը, և այդ պատճառով ԽՍՀՄ-ը Գերմանիային հանկարծակի կհարվածի»: Խորհրդային կառավարությունը չլսեց ռուս ժողովրդի ձայնը, որը ցանկանում է գերման ժողովրդի հետ խաղաղ ու բարեկամության մեջ ապրել, այլ շարունակեց երկդիմության բոլշևիկյան հին քաղաքականությունը և դրանով իսկ իր վրա ծանր պատասխանատվություն վերցրեց:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2675 | 0 | 0
Facebook