Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱրՊՀ-ում մեկնարկել է «Որակավորումների արժանահավատ շնորհում և հավատարմագրում» թեմայով եռօրյա համաժողով

22:43, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
ԱրՊՀ-ում մեկնարկել է «Որակավորումների արժանահավատ շնորհում և հավատարմագրում» թեմայով եռօրյա համաժողով
     ՀՀ Մասնագիտական կրթության ՈԱԱԿ 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր՝ հունիսի 20-ին, ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ ԱրՊՀ-ում մեկնարկել է «Որակավորումների արժանահավատ շնորհում և հավատարմագրում» թեմայով եռօրյա համաժողով: Համաժողովին մասնակցում էին ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ՀՀ Մասնագիտական կրթության ՈԱԱԿ պատվիրակությունը՝ տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ, Արցախի բուհերից ներկայացուցիչներ:
     ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ողջույնի խոսքում շնորհավորել է ՈԱԱԿ 10-ամյակի առթիվ՝ կարևորելով կենտրոնի հետ համագործակցության ընթացքում ունեցած բուհի ձեռքբերումները, որոնք ուղղորդող դեր ունեցան հավատարմագրման գործընթացին ճիշտ նախապատրաստվելու համար:
     «ԱրՊՀ-ն հռչակել է իրեն որպես սովորող կազմակերպություն, և սա նշանակում է, որ մենք աշխարհին ոչ թե փորձում ենք համոզել, թե ուզում ենք ինչ-որ բան փոխել կրթական համակարգում, այլ պարզապես հիմնավորել մեր համեստ դերը տարածաշրջանում», -նշել է ռեկտորը:
     ԱՀ ԿԳՍ նախարար Ն. Աղաբալյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին և շնորհավորելով ՈԱԱԿ –ին՝ 10-ամյակի կապակցությամբ, նախարարության անունից պատվոգրով և նվերով պարգևատրել է ՈԱԱԿ-ին՝ ի դեմս տնօրեն Ռ. Թոփչյանի՝ ԱՀ-ում մասնագիտական կրթության որակի ապահովման գործում ունեցած ավանդի և Արցախի հետ շահագրգիռ համագործակցության համար:
     Կարևորելով բուհերի հավատարմագրման գործընթացը՝ նախարարը վստահություն է հայտնել, որ ՈԱԱԿ-ի հետ Արցախի բուհերի համագործակցությունը արդյունավետ է լինելու:
     ՀՀ Մասնագիտական կրթության ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, խոսելով կրթական համակարգում ընթացող բարեփոխումների մասին, նշել է, որ պետք է բարեփոխումների ճանապարհը միասին անցնել, իսկ միասինը ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում: Խոսելով համաժողովի նպատակներից՝ Ռ. Թոփչյանն առանձնացնում է այն հանգամանքը, որ ցանկացած բուհ իր ներսում պետք է ունենա մի մեխանիզմ, որը կզբաղվի ունեցած արդյունքների շարունակական բարելավմամբ, ինչի վերջնարդյունքներից պետք է լինի գործատուների գոհունակությունը բուհի թողարկած շրջանավարտների մասնագիտական որակներից: Նրա խոսքով՝ այս մեխանիզմն է ներդրվում հիմա Արցախի բուհերում:
     «Այն խնդիրները, որոնք առկա են Արցախի բուհերում, նկատելի են գիտական գրեթե բոլոր միջավայրերում: Եվ եթե մի փոքր լուծում եք գտել այդ խնդիրների համար, հավատացեք, որ հաստատ այն կարժանանա հետաքրքրության, և Արցախը կդառնա հետաքրքրության կենտրոն», -ասել է ՀՀ ՈԱԱԿ-ի պատասխանատուն:
     Հաջորդիվ շահակիցների հետ տեղի են ունեցել քննարկումներ՝ իրականացվող բարեփոխումների, մարտահրավերների, հաղթահարման ուղիների, հաղորդակցման, որակի մեխանիզմների կառուցման և կիրառման վերաբերյալ: Առաջիկա երկու օրերին սպասվում են առանձին քննարկումներ ինքնավերլուծություն իրականացնող խմբերի հետ, գործնական աշխատանքներ և փորձնական արտաքին գնահատում:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
636 | 0 | 0
Facebook
COMMENT.am