Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Մամիկոն Շահբազյան. Դիտարկում. «Սովորեցնել սովորել»՝ նոր դարի կրթական դրվածքը

17:51, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
Մամիկոն Շահբազյան. Դիտարկում. «Սովորեցնել սովորել»՝ նոր դարի կրթական դրվածքը

Ոչ թե մարդն է տնօրինում կրթությունը, այլ կրթությունը` մարդուն

Կրթության զարգացման ուղիները միշտ էլ շոշափել են մարդկանց շարժառիթներն ու հետաքրքրությունները, եւ որքան էլ տարօրինակ թվա, իրականում ոչ թե մարդն է տնօրինում կրթությունը, այլ կրթությունը՝ մարդուն: Անցյալի, ներկայի եւ ապագայի առանցքային հարցն ոչ միայն այն է, թե ինչպիսին պետք է լինի կրթությունը, այլ ի՞նչի համար է այն առհասարակ հարկավոր:


    

Ավանդական մոտեցում. գիտելիքների եւ հմտությունների փոխանցում

Կրթության մեջ գոյություն ունեն երկու մրցակցային մոտեցումներ: Առաջին մոտեցումն ավանդականն է, որին սովոր ենք բոլորս: Այն դիտարկում է կրթությունը որպես օրինակների, գիտելիքների, փորձառությունների եւ հմտությունների փոխանցման գործընթաց: Սերունդների միջեւ կապը պահպանելու համար մարդիկ կարող են միմյանց փոխանցել սեփական փորձը:

Ավանդական մոտեցման ամենավառ օրինակներից մեկը՝ դաս-դասարանային համակարգն է, որի հիմնադիրը եպիսկոպոս Յան Ամոս Կոմենսկին է: Այս համակարգը, ըստ էության, միջին վիճակագրական մարդ «արտադրող» գործարան է:

XXI դարում մենք բախվում ենք այլ մարտահրավերների եւ խնդիրների, սակայն Կոմենսկու համակարգը մինչ օրս գոյություն ունի: Այցելեք ցանկացած դպրոց եւ ականատես կլինեք, թե ինչպես են աշակերտները դասասեղանների մոտ նստած ունկնդրում ուսուցչին: Համալսարաններում նույն պատկերն է, չնայած, թվում է, թե սա լիովին այլ կենսամիջավայր է: Սակայն ամեն ինչ տեղի է ունենում նույն կերպ. մի պրոֆեսոր կամ դոցենտ կանգնած ինչ-որ բան է պատմում ուսանողներին, իսկ նրանք լսում են:

Մենք բոլորս սովոր ենք կրթության այսպիսի համակարգին: Այն նույնքան բնական է թվում, որքան բնության կողմից մեզ տրված մազերի կամ աչքերի գույնը: Սակայն այս համակարգը արդյունավետ է միայն կայուն, անփոփոխ աշխարհում, որտեղ մարդուն կարելի է զինել «դեղատոմսային» մտածելակերպով եւ ստանդարտ լուծումներով ամեն տեսակ դեպքերի համար:


    

«Սովորեցնել սովորել»

Երկրորդ մոտեցումը խիստ հակասում է ավանդականին: Այն կապված է «սովորեցնել սովորել» մոտիվացիոն դրվածքի հետ եւ ենթադրում է կրթության նախաադապտիվ մոդելներ: Այս մոտեցման շրջանակում կարեւոր է դառնում սովորեցնել երեխային ադապտացվել կյանքի ցանկացած պայմաններին եւ փոփոխություններին: Այսօր յուրաքանչյուր մարդ բախվում է անորոշության, դժվարության եւ բազմազանության մարտահրավերներին: Մեր օրերում չկա մեկը, ով հստակ կարող է ասել, թե ինչ մասնագիտություններ պետք կգան հինգ, տաս կամ տասնհինգ տարի անց, գործունեության ինչպիսի տեսակներ կօգնեն անհատին եւ մարդկությանը զարգանալ: Այդ իսկ պատճառով աշխարհի նույնիսկ լավագույն դպրոցներում եւ համալսարաններում առկա է այն զգացումը, որ կրթական համակարգի իմաստը խորը ճգնաժամ է ապրում:

Կրթության ադապտիվ մոդելները, որոնք հիմնված են միայն փորձառությունների, գիտելիքների եւ հմտությունների փոխանցման վրա, դառնում են ավելի անարդյունավետ: Առաջին պլան են մղվում նախաադապտիվ ճկուն մոդելները, որոնք պատրաստում են ունիվերսալ աշակերտների: Նրանց միավորում է գլխավոր արժեքային դրվածքը` սովորեցնել սովորել: Այդ մոդելներում կրթությունը միտված է նրան, որպեսզի աշակերտն ինքնուրույն կարողանա ստեղծել աշխարհի իմաստային պատկերը, որն իրեն կօգնի որոշումներ կայացնել անհասկանալի, ոչ ստանդարտ իրավիճակներում: Մեծ հաշվով, այս մոտեցման դեպքում դպրոցական կրթության մեջ առաջին պլան է մղվում ունիվերսալացումը:

Նոր մոտեցումը ուղղված է այնպիսի մոդելի որոնմանը, որի շրջանակում կարեւոր է ոչ թե փոխանցել կոնկրետ գիտելիքներ կամ այդ գիտելիքները ձեռք բերելու «դեղատոմսը», այլ մարդուն սովորեցնել ինքնուրույն գտնել տեղեկատվությունը եւ օգտագործել այն: Պարզ է դառնում, որ ամենակարեւորը ոչ թե մարդուն ձուկ տալն է, այլ սովորեցնել նրան ցանկացած գետում ձուկ որսալ:


    

Ուսուցիչը որպես իմաստների մեկնաբան

Ժամանակին մշակույթի մեջ ի հայտ եկավ հետաքրքիր մի դիսկուրս, որը կապված էր «թարգմանիչ» բառի հետ: Թարգմանիչը իմաստների մեկնաբանն է, այն մարդը, ով օգնում է ստեղծել մշակույթ: Ուսուցիչը պետք է դառնա այդպիսի «մեկնաբան»: Իհարկե, ոչ մեկ չի հերքում մանկավարժական տեխնիկաների եւ մեթոդների կարեւորությունը: Սակայն ուսուցչի գլխավոր նպատակը աշակերտի մոտ փնտրելու մոտիվացիա առաջացնելն է: Բացի այդ, ինֆորմացիայի հորձանուտում ուսուցիչը պետք է ուղղորդիչի դեր խաղա:

Մենք ապրում ենք գիտելիքների բաց աշխարհում, եւ շատ կարեւոր է օգնել երեխային կողմնորոշվել այդ գիտելիքների մեջ: Եվ ուսուցչի երրորդ` ամենակարեւոր հասարակական դերը հաղորդակցողի դերն է, ով կազմակերպում է երեխաների համատեղ գործունեությունը եւ կառավարում է նրանց համագործակցությունը: Երբ ուսուցիչը կատարում է այդ դերերը, նա օգնում է զարգացնել երեխայի անձը, այլ ոչ թե պարզապես նպաստում է գիտելիքներ ստանալուն:


    

Ստեղծել հարմարավետ աշխարհ

Կյանքի ճանապարհը բաղկացած է մեր կողմից մերժված եւ ընդունված որոշումներից եւ այլընտրանքներից: Յուրաքանչյուր մարդու համար կարեւոր է գտնել գործունեության այնպիսի ուղղությունները, որոնցում նա իրեն ինքնուրույն է զգում: Այդ ոլորտների միջոցով դուք ձեր շուրջը ստեղծում եք հարմարավետ աշխարհ: «Սովորեցնել սովորել» մոտիվացիոն դրվածքը հանգեցնում է նրան, որ մարդը կառուցում է իր շուրջ մի իրականություն, որում փոփոխությունները դիտարկվում են որպես կյանքի նորմ: Այս դեպքում նա չի ընկնում հուսահատության գիրկը, չէ որ կան բազմաթիվ հնարավոր ելքեր: Այս դեպքում մարդը գիտակցում է. «Ես ապրում եմ հավանականային աշխարհում, N թվով տարբեր աշխարհներում, ուղղակի այսօր ես կապրեն այս մեկում»:

Աշխարհի ձեր սեփական պատկերը պետք է անընդհատ փոփոխվի, ներդրվի տարբեր այլ պատկերների մեջ եւ հարկավոր է ամեն անգամ կառուցել նոր իրականություն: «Սովորեցնել սովորել» դրվածքը հնարավորություն չի տալիս հստակ ասել, ինչպիսի գործիքակազմ է անհրաժեշտ այս նպատակին հասնելու համար: Դուք չեք կարող կանխորոշել, թե որ տեխնոլոգիան կհաղթի ապագայում: Բայց եթե պատրաստ եք փոփոխությունների, գտնվում եք անընդհատ փնտրուքների մեջ եւ կերտում եք տեխնոլոգիաներ, այդ թվում ինքներդ ձեր տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս չվախենալ որեւէ փոփոխությունից:
    
    

Մամիկոն Շահբազյան
     Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1569 | 0 | 0
Facebook
COMMENT.am