Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Զարեհ Սինանյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար և հանդիպել Նիկոլ Փաշինյանին

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
19:49, ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ.
Զարեհ Սինանյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար և հանդիպել Նիկոլ Փաշինյանին
    
    

Սփյուռք-Հայաստան կամուրջը շաղկապելու է Հայաստանի Հանրապետության վարչապետի լիազոր հանձնակատարը

Համաձայն կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի, հանձնակատարի գրասենյակի նպատակն է աջակցել վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովմանը եւ սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականությանը: Այս աշխատանքների շրջանակներում իրականացվող գործառույթները սահմանում է վարչապետը:


    


    

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Զարեհ Սինանյանին նշանակելով սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական բաժնից:

Զարեհ Սինանյանը ծնվել է 1973 թվականին, Երևանում։ Հայրը ծնվել է Ստամբուլում, 1946 թվականին հայրենադարձել է ընտանիքով և հաստատվել Երևանում։ Մայրը Երևանից է, մայրական պապը Թալին քաղաքից, արմատներով մշեցի են։ Սովորել է Երևանի թիվ 172 դպրոցում և Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցում։ 1988 թվականին ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ և հաստատվել Բըրբանք քաղաքում։ Սովորել է Բըրբանքի John Muir Middle դպրոցում, ավարտել է Բըրբանքի ավագ դպրոցը։

1997 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանը (UCLA), սովորել է քաղաքագիտության և պատմության բաժիններում։ Այնուհետև սովորել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Աշխատել է Վաշինգտոնի թանկարժեք պարտատոմսերի շուկան վերահսկող մարմնում, ներգրավվել է հայկական լոբբիստական ընկերություններից մեկում։

Զարեհ Սինանյանը 1998 թվականին հաստատվել է Գլենդելում, ներգրավվել Հայ Դատի աշխատանքներին՝ սկսելով «շարքային» զինվորից, ավարտելով Արևմտյան ափի խորհրդի անդամով։ Հայկական համայնքում եղել է ակտիվ, պաշտպանել է Հայաստանի և Արցախի շահերը, օգնել տեղի հայությանը։ 2013 թվականի ապրիլին մասնակցել է Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններին և դարձել հայ քաղաքային խորհրդի Հայաստանում ծնված առաջին անդամը։ 2014 թվականի ապրիլին նշանակվել է Գլենդելի քաղաքապետ։

Ամուսնացած է։ Կնոջ՝ Լորիի հետ ունեն 4 երեխա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանին


    

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանին: Այս մասին հաղորդում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից:
     «Ես որոշում եմ ստորագրել Ձեզ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար նշանակելու վերաբերյալ և ուրախ եմ, որ պետք է աշխատանքի անցնեք Հայաստանում: Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ հսկայական փոփոխություններ են եղել ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում: Միանշանակ կարող եմ ասել, որ սփյուռքն անցյալ տարի լիարժեք, 100 տոկոսանոց մասնակիցն էր Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության: Նաև իմ մի քանի այցերի արդյունքում եկա այն համոզման, որ մենք Սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է փոխենք, և այն դարձնենք ավելի արդյունավետ, որի հիմնական նպատակադրումը պետք է լինի Սփյուռքի առավել մեծ ներգրավվածությունը Հայաստանում, Հայաստանի տնտեսական կյանքում, Հայաստանի հանրային կյանքում, Հայաստանի քաղաքական կյանքում, Արցախում և ընդհանրապես, մեր հայկական նոր օրակարգի ձևավորման և այդ օրակարգի իրագործման աշխատանքներում:
     Շնորհակալ եմ, որ Դուք համաձայնեցիք հրաժարվել Գլենդելում Ձեր աշխատանքից և վերադառնալ Հայաստան, դա շատ խորհրդանշական է: Նրանց համար, ովքեր չգիտեն՝ ասենք, որ Դուք ծնվել եք Երևանում, մինչև 7-րդ դասարանը սովորել եք փոսի անգլիական դպրոցում, փայլուն տիրապետում եք հայերենին, անգլերենին, ռուսերենին և որոշ չափով իսպաներենին, ինչը նշանակում է, որ սփյուռքի հետ լիարժեք հաղորդակցություն ստեղծելու հնարավորություն ունեք: Իհարկե և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում Դուք անծանոթ մարդ չեք, և կարծում եմ լավ հնարավորություն կա, որ նոր ժամանակներում մեր առաջ դրված նոր խնդիրները լուծենք: Մաղթում եմ Ձեզ հաջողություն, այսօրվանից արդեն անցնում եք Ձեր պարտականությունների կատարմանը, բոլորիս հաջողություն եմ մաղթում: Հույս ունեմ՝ ժամանակը կապացուցի, որ նաև Ձեր օգնությամբ այս կառուցվածքային փոփոխությունը, որ մենք ձեռնարկեցինք, իսկապես արդյունավետ է», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
     Իր հերթին, Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և ավելացրել. «Պարտավորված եմ զգում և մեծ պատիվ եմ համարում այս աշխատանքը ստանձնելը, նաև մեծ պարտականություն, քանի որ ինչպես Դուք նշեցիք մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի հարաբերությունները հսկայական ներուժ ունեն: Մեր խաղաղ, թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում բացվել են Հայաստանի և Սփյուռքի միջև իրական, իմաստալից, խորը համագործակցության դռները, որի արդյունքները կարող են պարզապես անբնութագրելիորեն լավ լինել և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի համար:
     Սփյուռքը Հայաստանի համար ներկայանում է որպես մի պատրաստի ներուժ, որը պետք է օգտագործել, բառիս լավագույն իմաստով՝ ի շահ հայրենիքի: Հայաստանի Հանրապետությունն էլ ինչ-որ չափով Սփյուռքի հարատևման, ուժեղացման երաշխավորն է: Այնտեղ էլ շատ խնդիրներ կան, և ես չեմ կասկածում, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նեցուկ կանգնել իր հայրենակիցներին Սփյուռքում, ինչպես որ Սփյուռքի մեր հայրենակիցներն են պատրաստ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը, Արցախին: Շնորհակալության վստահության համար, անելու եմ ամեն ինչ, որպեսզի այդ վստահությունն արդարացնեմ»:
     Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
661 | 0 | 0
Facebook
COMMENT.am