Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռուսաստանում դաժանության բուրգի հիմքերը դրած բռնակալի ստեղծած դժոխքի մասին օտարեկրացու վկայությունը

22:17, կիրակի, 26 մայիսի, 2019 թ.
Ռուսաստանում դաժանության բուրգի հիմքերը դրած բռնակալի ստեղծած դժոխքի մասին օտարեկրացու վկայությունը

«Իմ բոլոր մտորումներն այժմ, ամենից առաջ, Եվրոպայով են համակվածՍարսափելի աղետ կլիներ, եթե ռուսական բարբարոսությունը ոչնչացներ եվրոպական հնամենի պետությունների անկախությունն ու մշակույթը: Թեպետ այդ մասին այժմ դժվար է խոսել, բայց ես հավատում եմ, որ ազգերի եվրոպական ընտանիքը կկարողանա միասնական ճակատով, ինչպես մեկ ամբողջություն, գործելԵս իմ հայացքն ուղղում եմ միասնական Եվրոպային»:

Ուինսթոն Չերչիլ (1874 - 1965), Մեծ Բրիտանիայի վարչապետ

*****

«Երբ մեր թագավորը հրամայում է իր մոտ կանչել որևէ մեկին, ապա զարմանքի արժանի է նշել, թե ինչպես է կանչվածի սիրտը ցնծում, թե ինչպես է նա ոգեշնչվում, թե որքան երջանիկ է համարում իրեն այն մարդը, որի հետ թագավորն ուզում է հանդիպել, և հետո այդ այդ մարդը լիահույս է, որ արժանանալու է թագավորի պայծառափայլ շնորհին: Բայց ինչպես արևն է տարբերվում լուսնից, այնպես էլ մեր թագավորի առաքինությունն ու ողորմածությունն է տարբերվում Մոսկովայի իշխանի (Իվան 4-րդ Ահեղ) բռնակալությունից: Եթե այդ իշխանը հրամայի իր մոտ գալ մի որևէ սենատորի կամ նշանավոր զինվորականի, ապա նա, պատրաստվելով գնալ բռնակալի մոտ, հրաժեշտ է տալիս կնոջը, երեխաներին, բարեկամներին` ասես հույս չունենալով նրանց երբևէ տեսնել: Նա համոզված է, որ ինքը մեռնելու է կա'մ մահակների հարվածներից, կա'մ սակրից, թեպետ նա գիտի, որ ինքը ոչ մի մեղք չի գործել…

Ամեն անգամ, երբ բռնակալը որևէ մեկին հրավիրում է ներկայանալ պալատ, ապա նա ասես ահեղ դատաստանի գնալիս լինի, որտեղից ոչ մեկը չի վերադառնում: Իսկ եթե մեկին վիճակվում է կենդանի դուրս գալ այնտեղից, ապա բռնակալն օպրիչնիկներ է ուղարկում, որոնք նրան ճանապարհին դարանակած են…

Հենց մոսկովցիներին ի ծնե բնորոշ է ինչ-որ չարակամություն, որի պատճառով նրանց համար սովորական է բռնակալի առջև միմյանց մեղադրելն ու զրպարտելն ու միմյանց նկատմամբ ատելություն տածելը: Իսկ բռնակալի համար այդ ամենը դուրեկան է, և նա ոչ մեկին այնքան հաճույքով չի լսում, որքան զրպարտիչներին` ամենևին չմտահոգվելով՝ նրանք ստախոս են, թե արդար, միայն մարդկանց կործանելու առիթ ունենա: Բռնակալի պալատում անվտանգ չէ մեկի հետ խոսքի բռնվելը: Եթե մեկն հանկարծ բարձրաձայն կամ ցածրաձայն մի խոսք ասի, քթի տակ մռթմռթա, ծիծաղի կամ նոթերը կիտի, ուրախանա կամ տխրի, անմիջապես մեղադրանք է հարուցվում, թե դու իր թշնամիների հետ միաբան ես կամ նրա դեմ ինչ-որ հանցավոր բան ես ծրագրում: Բայց ոչ մեկը չի կարող իր արարքն արդարացնել. Բռնակալն անմիջապես կանչում է մարդասպաններին` իր օպրիչնիկներին, որպեսզի նրանք ձերբակալեն այդ մարդուն ու այնուհետև տիրակալի աչքի առջև նրան կտոր- կտոր անեն, կա'մ գլուխը կտրեն, կա'մ ջրում խեղդեն, կա'մ էլ նետեն շների կամ արջերի դեմ` հոշոտման…Բոլոր վոեվոդների մոտ նա հեծյալ օպրիչնիկներ կամ մարդասպաններ է ուղարկում, որպեսզի նրանք բարեկամության անվան տակ ապրեն նրանց հետ` հարմար ժամանակ ընտրելով, նրանց քիչ քանակությամբ ստրուկների ուղեկցությամբ բռնացնեն կամ տաճարում, կամ տանը, կամ որտեղ հարմար կհամարեն, որպեսզի նրանց այդտեղ սպանեն ու կտոր-կտոր անեն: Այդպիսի մարդու սպանությունից հետո, եթե նա ազգականներ, բարեկամներ կամ մերձավորներ ունի, ապա, ապրելիս լինեն նրանք պալատում, թե՝ ոչ, բռնակալն հրամայում է նրանց բոլորին սպանել` սպանողներին հանձնարարելով նրանց վրա հարձակվել օրը ցերեկով, ճանապարհին, այն ժամանակ, երբ նրանք պալատ են ուղևորվում, հարձակվել ու մորթել…Մարդասպանության սովորությունը նրա համար ամենօրյա երևույթ է: Հենց որ լույսը բացվում է, քաղաքի բոլոր թաղամասերում հայտնվում են մարդասպանները և բոլոր նրանց, որոնց բռնակալն հրամայել է սպանել, անմիջապես կտոր-կտոր են անում` այնպես, որ գրեթե յուրաքանչյուր փողոցում կարելի է տեսնել երեք, չորս, իսկ երբեմն էլ ավելի շատ կտոր-կտոր արված մարդկանց, և քաղաքը լի է դիակներով: Ամեն օր նա հրամայում է քսան, երեսուն, իսկ երբեմն էլ քառասուն մարդու կտոր-կտոր անել, մի մասին ջրում խեղդել… այնպես որ դիակների չափից դուրս վանող հոտի պատճառով երբեմն դժվար է լինում պալատ մտնել…

Բռնակալի կրոնականության ու աստվածմեծարման մասին հարկ է հետևյալ նշել…Հենց որ նա աստծուն հարգանք է մատուցում, դուրս է գալիս մենաստանից և, վերադառնալով իր բարքին, հրամայում է հրապարակ բերել մարդկանց խմբեր ու ոմանց գլխատել, ուրիշներին կախել, երրորդներին մահակներով քոթակել, այլոց կտոր-կտոր անել, այնպես որ օր չի լինում, որ ապշեցուցիչ ու աներևակայելի տանջանքներով չմեռցվի մի քանի տասնյակ մարդ…

Տեղյակ եղիր նաև բռնակալի որսորդության մասին: Ձմռանը, հենց որ մարդկանց խմբերը, սովորույթի համաձայն, հավաքվում են հրապարակում անհրաժեշտ ապրանքներ գնելու համար, բռնակալն անմիջապես կարգադրում է ամբոխի մեջ ծածուկ վայրի արջեր բաց թողնել: Տեսնելով արջերին` մարդիկ դես ու դեն են փախչում, արջերն հետապնդում են փախչողներին ու, բռնելով մարդկանց, տապալում են գետնին ու այնքան են քրքրում, որ մարդը մեռնում է»:

Ալբերտ Շլիխտինգ, ռուսական գերության մեջ հայտնված գերմանացի վարձկան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3559 | 0 | 0
Facebook