Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Թշնամին սպասում է մեր թուլացմանը, որպեսզի ուժգին հարված հասցնի: Մեր ներքաղաքական խնդիրները երբեք չպիտի վեր դասենք անվտանգությունից».ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

13:12, ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ.
«Թշնամին սպասում է մեր թուլացմանը, որպեսզի ուժգին հարված հասցնի: Մեր ներքաղաքական խնդիրները երբեք չպիտի վեր դասենք անվտանգությունից».ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԱՀ ԱԺ պատգամավոր Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ Արցախի պետական համալսարանում հյուրընկալվել և դասախոսությամբ հանդես է եկել ռազմական վելուծաբան և փորձագետ Արմեն Հարությունյանը:

Ողջունելով Արմեն Հարությունյանի այցը Արցախ և մեր երկրի համար արդիական նշանակություն ունեցող թեմայով ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես գալու նրա պատրաստակամությունը` Արմեն Սարգսյանը կարևորել է ռազմական և ազգային ավտանգության ուղղությամբ ծավալած նրա գործունեությունը:

«Ռազմական անվտանգություն և ռազմավարություն» թեմայով դասախոսությանը ներկա էին ԱրՊՀ դասախոսներ, ուսանողներ, Արցախում ապրող փորձագետներ:

«Հաշվի առնելով պատերազմի լուրջ վտանգը և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները` թեման համարում եմ արդիական: Ապագա քաղաքագետների համար շատ կարևոր է հստակ պատկերացում կազմելը, թե ինչ է իրենից ներկայացնում ռազմական անվտանգությունը, որն է այն ռազմական դոկտրինը, որն ամենաարդյունավետը կլինի», -թեմայի արդիականությունն է հիմնավորում փորձագետը և հավելում, որ մեր պետությունը որդեգրել է պաշտպանական ռազմավարությունը, որը, նրա կարծիքով, արդյունավետ չէ, ինչի ապացույցն էլ նա մատնանշում է ապրիլյան պատերազմը:

«Այդ դոկտրինը չի կարող ապահովել թշնամու ջախջախումը և մեր երկրի համար երկարատև խաղաղություն: Դրա համար մենք պետք է անցնենք հարձակողական դոկտրինին, որի համար կպահանջվի 3-ից 4 տարի, -ասում է ռազմական վերլուծաբանը և հավելում, - դրա համար անհրաժեշտ է բարեփոխել մեր բանակը, արդիականացնել, ձեռք բերել նորագույն զինտեխնիկա, բայց մինչև այդ մենք ամեն օր պետք է պատրաստ լինենք նոր պատերազմի, և անհրաժեշտության դեպքում բանակն ի վիճակի լինի իրականացնել կանխարգելիչ հարված, հարվածի համար ունենք ներուժ»:

Բանախոսը կարևորում է նաև պահեստազորի պատրաստման հարցը: Ըստ նրա` պահեստազորի մարտունակությունը չպիտի զիջի կանոնավոր զորամիավորումներին:

«Պետք է ուշադրություն դարձվի նաև քաղաքացիական պաշտպանությանը: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք ունենք բացթողումներ: Պատերազմն ընթանում էր արդեն մի քանի ժամ, բայց Արցախի աշակերտները գնում էին դպրոց, այդ պատճառով մենք աշակերտի կորուստ ունեցանք», -նկատում է Արմեն Հարությունյանը:

Կարևորելով հրթիռաօդային կանխարգելման համակարգի ստեղծումը` փորձագետն ընդգծում է, որ այն պետք է ինտեգրված լինի հակաօդային պաշտպանության հետ, որպեսզի հնարավոր հարվածի դեպքում ազդանշաններ հնչեն համապատասխան բնակավայրերում, և բնակչությունն ունենա կարճ ժամանակամիջոցում պատսպարվելու հնարավորություն:

Գիտակցելով, որ մենք ապրում ենք այն տարածաշրջանում, որի հարևաններն ուզում են ոչնչացնել մեր պետականությունը` Ա.Հարությունյանը շեշտում է ազգ-բանակ հայեցակարգի անհրաժեշտությունը:

«Հայաստանը պետք է վերածենք անառիկ բերդի, ինչպիսին եղել է իր 5000-ամյա պատմության հիմնական ժամանակահատվածում: Ստեղծենք մրցունակ տնտեսություն, որը կկարողանա ապահովել ժամանակակից բանակ», -նշում է նա:

Խոսելով ներքաղաքական խնդիրների մասին, բանախոսը շեշտել է, որ թշնամին սպասում է մեր թուլացմանը, որպեսզի ուժգին հարված հասցնի. «Այդ առումով մենք ներքին քաղաքականության մեջ չափազանց զգույշ պիտի լինենք և մեր ներքաղաքական խնդիրները երբեք չպիտի վեր դասենք անվտանգությունից: Այս կարմիր գիծը մենք իրավունք չունենք անցնելու. և՛ ժողովուրդը, և՛ պատմությունը չեն ների մեզ»:

Ռազմական վերլուծաբանն անդրադարձել է նաև դաշնակիցներ ունենալու հարցին` կարևորելով սեփական ուժերի վրա հենվելու անհրաժեշտությունը. «Հայաստանն ունի երկու դաշնակից` մեր բանակն ու հետախուզությունը: Եթե մենք ուզում ենք պահպանել մեր ինքնիշխան պետությունը, մենք պետք է հենվենք միայն մեր սեփական ուժի վրա, որովհետև ցանկացած դաշնակից կարող է ունենալ այնպիսի ազգային շահեր, որոնք չհամընկնեն մեր շահերի հետ»:

Հանդիպման ընթացքում ներկաները հնչեցրել են նաև տեսակետներ, ծավալվել է քննարկում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3153 | 0 | 0
Facebook