Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչու են ուկրաինացիներին «խախոլ» («хохол») անվանում

19:14, շաբաթ, 04 մայիսի, 2019 թ.
Ինչու են ուկրաինացիներին «խախոլ» («хохол») անվանում

Նախ` ասեմ, որ այս ծաղրական, նսեմացնող մականունը ռուսների մեծապետական, ռասիստական մտածողության արգասիքն է:


     Ի սկզբանե «хохол» կամ «хохолок» են անվանել զապորոժյան կոզակների առանձնահատուկ սանրվածքը կամ, ավելի ճիշտ, նրանց լերկ գանգի գագաթից կախված մազափունջը: Կոզակի գանգն ամբողջովին սափրվել է, միայն գագաթի հատվածի մազերը թողել են աճի, որի հետևանքով այն երկար փոմփոլիկի (хохолок) կամ քանքուլի (чуб) տպավորություն է թողել:

Կոզակների այս ավանդական սանրվածքին միայն ռուսներն են «хохол» անունը տվել: Բայց ինչպես ռուսերենի հազարավոր բառեր, այնպես էլ «խոխոլ» -ը, իրենցը չէ: Այն գերմանական ցեղերից մեկից` գոթերից է վերցված և նշանակում է «երկնքի որդի»: Իրենք` զապորոժցիները, դրան «օսելեդեց» («ծովատառեխ», «սելյոդկա») են անվանել: Այդ երկար փոմփոլիկը, հիրավի, շատ է նմանվել երկարավուն ձկան մարմնի: Բայց «օսելեդեց» բառն անծանոթ է եղել հարևան ռուսներին, այդ իսկ պատճառով «խոխոլ» են անվանել, ու քանի որ այդպիսի սանրվածքը միայն ուկրաինացիներին է բնորոշ եղել, այդ իսկ պատճառով բոլոր ուկրաինացիներին (ներառյալ կանանց ու երեխաներին) սկսել են «խոխոլ» անվանել: Ուկրաինացիներն այս անվանումը որպես անարգանք են ընկալում:

Քանքուլ պահելու սովորույթը կոզակներն ընդօրինակել են այդ տարածքները նվաճած և Կիևյան Ռուս պետությունն ստեղծած վիկինգներից: Պատմիչները վկայում են, որ Կիևյան Ռուսի իշխան Սվյատոսլավն այդպիսի քանքուլ է ունեցել:

Ըստ մեկ այլ վարկածի` մոնղոլերենում գոյություն ունեցող «խալ-գոլ» բառակապակցությունն այստեղ սկսել են գործածել մոնղոլ-թաթարական նվաճումից հետո: Այս բառակապակցությունը ռուսերենում թարգմանվել է «կապտադեղին», և ասոցացվում է Գալիցիա-Վոլինյան իշխանության դրոշի գույների հետ: Հետագայում կոզակներն այդ գույներով ներկեցին իրենց մարտական դրոշները: Իսկ հին սլավոնների համար կապույտն ու դեղինը խորհրդանշել են երկու կարևորագույն տարերքները` ջուրն ու կրակը:

Զապորոժյան յուրաքանչյուր կոզակի համար քանքուլն առանձնահատուկ հպարտության, ազատ ժողովրդին պատկանելիության խորհրդանիշ է եղել: Աստվածավախ կոզակներն այն համոզմանն են եղել, որ Աստված իրենց` կռիվներում բազում մարդկանց սպանած մեղավորներին, դժոխքից հանելու է` բռնելով իրենց քանքուլներից: Քանքուլը նաև սատանայական ուժերից պաշտպանող յուրօրինակ հմայիլ է համարվել:

Ի դեպ` ուկրաինացիներն էլ իրենց հերթին են ռուսներին վիրավորող մականուն հորինել: Օրինակ` «մոսկալ» -ը: Այս մականունը գործածում են նաև նաև բելոռուսները, լեհերը, ռումինացիները և նույնիսկ սերբերը: Այդ բառին ծաղրական բովանդակություն է տրվել, թեպետ սկզբում այն մարդու աշխարհագրական պատկանելությունն է ընդգծել:

«Մոսկալ» -ն առաջացել է Մոսկվա քաղաքի անունից և տրվել է բոլոր ռուսներին` առանց բացառության և հատկապես ռուսական բանակի զինվորներին: «Մոսկալ» ծաղրանունից են առաջացել բազում ազգանուններ, օրինակ, Մոսկալենկո, Մոսկալև, Մոսկալովիչ, Մոսկալչուկ:

Եվս մեկ նսեմացնող բառի` «կացապ» -ի մասին: Ինչպես դժվար չէ կռակել, այս բառը թուրքերեն «ղասաբ» («մսագործ», որ նույնն է, թե «մարդասպան») բառից է գոյացել: Ուկրաիներենում այն դարձել է «յակ-ցապ» և նշանակել է «այծանման»: Ըստ երևույթին` սափրագլուխ ուկրաինացիները դաժանություններ գործած մորուքավոր ռուսներին նաև այծերի են նմանեցրել: Հավանաբար, ռուսները «կացապ» են անվանել թաթարներին` դաժանության համար, բայց հետագայում այդ բառն անցել է ուկրաիներենին ու փոխված նշանակությամբ գործածվել է հենց մոսկվացիներին բնորոշելու համար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9372 | 0 | 0
Facebook