Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մի՞թե հնարավոր է երկինքը վաճառել կամ գնել». հնդկացիական ցեղերից մեկի առաջնորդի նամակը ԱՄՆ Նախագահ Քլիվլենդին

20:18, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.
«Մի՞թե հնարավոր է երկինքը վաճառել կամ գնել». հնդկացիական ցեղերից մեկի առաջնորդի նամակը ԱՄՆ Նախագահ Քլիվլենդին

Մի՞թե հնարավոր է երկինքը վաճառել կամ գնել: Ինչպե՞ս կարելի է երկրի ջերմությունը վաճառել կամ գնել: Դա մեզ տարօրինակ է թվում: Եթե օդի թարմությունը և ջրի խոխոջը մեզ չեն պատկանում, ապա ինչպե՞ս կարելի է դրանք վաճառել:

Իմ ժողովրդի համար այս հողի վրա չկա մի վայր, որ սրբազան չլինի: Սոճու շողշողուն ասեղը, գետի ավազոտ ափը, թափանցիկ մառախուղը, ամեն ինչն իմ ժողովրդի աչքում ու հիշողության մեջ սրբազան է: Ծառն ի վեր բարձրացող ավիշն անգամ Կարմրամորթի հիշողությունն է կրում իր մեջ: Սպիտակամորթների մեռելները մոռանում են իրենց երկիրը, երբ այնտեղից դեպի աստղերն են գնում: Մեր մեռելները երբեք չեն մոռանում իրենց սքանչելի երկիրը, որովհետև այն Կարմրամորթի մայրն է: Մենք հողի մի մասնիկն ենք դառնում, և հողն էլ մեր մի մասնիկն է:

Այսքան անուշ բուրող ծաղիկները մեր քույրերն են, եղնիկները, ձիերը, արծիվները մեր եղբայրներն են. ժայռոտ կատարները, պրերիաների խոնավությունը, պոնիների և մարդու մարմնի ջերմությունը միևնույն ընտանիքին են պատկանում:

Գետերով ու գետակներով հոսող ջուրը սովորական ջուր չէ. այն մեր նախնիների արյունն է: Լճերի յուրաքանչյուր կոհակը պատմում է իմ ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Ջրի խոխոջը հորս հոր ձայնն է:

Գետերը մեր եղբայրներն են, դրանք հագեցնում են մեր ծարավը. այդ գետերը տեղափոխում են մեր նավակները և կերակրում են մեր երեխաներին: Եթե մենք ձեզ վաճառենք մեր հողը, դուք պետք է հիշեք այդ ամենը և ձեր երեխաներին սովորեցնեք, որ գետերը մեր եղբայրներն են, նաև ձեր եղբայրներն են, և որ դուք պարտավոր եք նրանց նույն սիրով վերաբերվել, ինչպիսի սիրով վերաբերվում եք ձեր եղբայրներին: Մենք շատ լավ գիտենք, որ սպիտակ մարդը չի հասկանում մեր տեսնելու եղանակը: Նրա համար հողի մի կտորը համարժեք է մեկ այլ կտորի, քանի որ նա օտարերկրացի է, որը գալիս է գիշերը և հողից քաղում է այն, ինչի կարիքն ունի: Հողը ոչ թե նրա քույրն է, այլ՝ նրա թշնամին. իր ուզածը քաղելուց հետո նա այդ հողից հեռանում է: Նա լքում է իր հոր գերեզմանը, և դա նրա համար միևնույն է:

Որոշակի առումով՝ նա իր երեխաներին զրկում է հողից, և դա նրա համար միևնույն է: Իր հոր և իր զավակների իրավունքները մոռացված են: Նա իր մորը՝ հողին ու իր հորը՝ երկնքին, վերաբերվում է որպես ապրանքի, որոնք կարելի է գնել, կողոպտել և որպես ոչխարներ կամ գույնզգույն մարգարիտներ վաճառել: Նրա ախորժակը հոշոտելու է հողը և դրա տեղում անապատ է թողնելու:

Կարմրամորթի համար օդն անգին է, որովհետև բոլոր բաները միևնույն կերպ են շնչում: Անասունը, ծառը, մարդը, բոլորը նույն կերպ են շնչում: Սպիտակ մարդը կարծես ուշադրություն չի դարձնում իր շնչած օդին: Մահացողի նման նա այլևս չի զգում հոտերը:

Եթե մենք վաճառենք մեր հողը, դուք պետք է այն անփոփոխ ու սուրբ պահեք, պահեք այնպես, որ մարդը կարողանա ճաշակել քամու համն ու ծաղկազարդ պրերիայի քնքշությունը:

Ես վայրի մարդ եմ և ապրելու այլ եղանակ չեմ ըմբռնում: Ես տեսել եմ պրերիայում նեխող հազարավոր բիզոնների, որոնց այնտեղ սպանել ու թողել է սպիտակ մարդը: Ես մի վայրի մարդ եմ և չեմ հասկանում, թե ծուխ արձակող այս երկաթե ձին ինչպես կարող է ավելի կարևոր լինել, քան բիզոնը, որին մենք սպանում ենք միայն ու միայն մեր կենսական կարիքները բավարարելու համար: Ի՞նչ է մարդն առանց կենդանիների: Եթե բոլոր կենդանիներն անհետանան, մարդը լիովին միայնակ կմեռնի, որովհետև այն, ինչ պատահում է կենդանիներին, պատահում է նաև մարդուն: Ամեն ինչ փոխկապակցված է:

Դուք պետք է ձեր երեխաներին սովորեցնեք, որ նրանց ոտքերի տակի հողը ոչ այլ ինչ է, քան մեր նախնիների մոխիրը: Այդ դեպքում նրանք կհարգեն հողը: Նրանց նաև ասեք, որ հողը հարուստ է մեր մերձավորների կյանքով: Ձեր երեխաներին սովորեցրեք այն, ինչը մենք սովորեցրել ենք մեր երեխաներին. որ հողը մեր մայրն է, և որ ինչ լինում է հողին, լինում է հողի զավակներին:

Եթե մարդիկ թքում են հողի վրա, այդ նրանց վրա են նրանք թքում: Մենք մի բան գիտենք. հողը մարդուն չի պատկանում, այդ մարդն է պատկանում հողին:

Մենք գիտենք, որ ամեն ինչ փոխկապակցված է, ինչպես արյունն է նույն ընտանիքի անդամներին իրար կապողը:

Բայց, մեր մարմնի նեխելու ընթացքում, դուք պայծառանալու եք Աստծո զորությամբ, որը ձեզ ուղեկցում է այս երկրի վրա, և որը մի հատուկ նպատակով ձեզ թույլ է տալիս իշխել Կարմրամորթի վրա: Այս ճակատագիրը մեզ համար առեղծվածային է: Մենք չենք հասկանում, թե ինչու են բոլոր բիզոնները կոտորվել, ինչու են բոլոր վայրի ձիերն ընտանիացվել, չգիտենք նաև, թե անտառների ամենածածուկ վայրերն ինչու են մարդու մարմնի ծանր հոտն արձակում:

Ի վերջո, մենք, գուցե, եղբայրներ ենք: Մենք դրան շատ ենք հավատում: Մենք մի բան գիտենք, որը սպիտակ մարդը մի օր բացահայտելու է: Դա այն է, որ մեր ու ձեր աստվածը նույնն է:

Սպիտակամորթները նույնպես անհետանալու են, գուցե ավելի շուտ, քան ուրիշ ցեղեր:

Ո՞ւր է բիզոնը: Չկա:

Ո՞ւր է արծիվը: Չկա:

Ո՞ւր են կենդանիները: Չկան:

Ո՞ւր է երկրի գեղեցկությունը: Անհետացել է:

Բայց մի օր հողի նկատմամբ հարգանքը կվերածնվի, որովհետև կյանքի վերջը վերապրումի սկիզբն է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4003 | 0 | 0
Facebook