Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նիդերլանդների Դեն Բոսի և շրջակա բնակավայրերի հայ համայնքը հնարավոր է ունենա իր սեփական աղոթատեղին

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
00:23, երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.
Նիդերլանդների Դեն Բոսի և շրջակա բնակավայրերի հայ համայնքը հնարավոր է ունենա իր սեփական աղոթատեղին
    
    
  • Նիդերլանդների Հյուսիսային Բրաբանդի նահանգ է այցելել Հայ Առաքելական եկեղեցու Վատիկանի և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Խաժակ Պարսամյանը
  • Նախադրյալներ կան, որ այս եկեղեցին Նիդերլանդներում ծառայի որպես Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոն:
Սուրբ Կատարինա եկեղեցում առաջին անգամ հայ հոգևորականները սուրբ պատարագ են մատուցել
    
    
Դեն Բոսի «ՈՒրարտու» հայ համայնքի կյանքում հիշարժան իրադարձություն էր տեղի ունենալու: Ապրիլի 13-ին Հյուսիսային Բրաբանդի մարզ էր այցելել Հայ Առաքելական եկեղեցու Վատիկանի և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Խաժակ Պարսամյանը: Տեր Արմեն քահանա Մելքոնյանի հետ նրանք Դոտրեխտի հայ հավատացյալների հետ շփվելուց հետո այցելեցին Դեն Բոս (կամ` Հերթոգենբոս), որտեղ նախ պետք է հանդիպեին կիրակնօրյա դպրոցի սաներին ու նրանց ծնողներին, իսկ հետո` հաջորդ օրը, տեղի Սուրբ Կատարինե եկեղեցում անմիջական մասնակցություն ունենային Ծաղկազարդի Սուրբ Պատարագի արարողությանը: Նախադրյալներ կան, որ հիշյալ եկեղեցին ընդմիշտ ծառայի տեղի հայ հավատացյալներին: Ամեն ինչի մասին անդրադառնանք հերթականությամբ: Ընդհանրապես արժանին պետք է մատուցել Խաժակ սրբազանին Նիդերլանդների հայ համայնքին այդչափ ուշադրություն դարձնելու համար: Նա եղել է գրեթե բոլոր հայաշատ համայնքներում ու իր խորհուրդներով, կերտիչ խոսքով ու գործով նեցուկ եղել ազգանպաստ գործերի:

    
Դժվար է ասել` թե Հերթոգենբոսը նախկինում որքանով է առնչություն ունեցել հայ կյանքին: Ներկայիս համայնքը մեկ տասնամյակ էլ չկա ինչ ձևավորվել է: Թարգմանաբար քաղաքի անունը նշանակում է Հերցոգյան անտառ: Քաղաքը գտնվում է Նիդերլանդների կենտրոնական մասերում, տեղանքը ճահճային է` Աա և Դոմել գետերի խառնարանի միջնամասում: Վայրը մի ժամանակ բրաբանտի իշխանների համար անտառ ու որսատեղի է եղել: Դեն Բոսը քաղաքի կարգավիճակ է ստացել 1185 թվականին Բրաբանդի հերցոգ Հենրիխի առաջինի կողմից: Քաղաքը իր ծաղկման գագաթնակետին է հասել XIV-XV դարերում: Ներկայումս Նիդերլանդները Հյուսիսային Բրաբանդի նահանգի (մարզի) վարչական կենտրոնն է, գտնվում է Ամստերդամից 80կմ հարավ-արևելք, ունի 153 հազ. բնակիչ: Զուիդ-Վիլեմսվարտ ջրանցքի նավահանգիստն է: Բնակչությունը 2018 թ. տվյալներով կազմել է 153.000 մարդ: Մարզի 4-րդ խոշոր քաղաքն է` Էյնդհովենից, Թիլբուրգից, Բրեդայից հետո: Երկրի խոշոր տրանսպորտային երկաթուղային հանգույց է, որով իրար են կապվում Նիդերլանդների շատ քաղաքներ: Զբաղեցնում է 91.26 կմ² տարածք:
Սակավթիվ հայերին` 90-ական և 2000 թվականներից հետո բազմաթիվ հայաստանաբնակ հայեր են համալրել մարզը: Որպես գաղթօջախի կազմավորման կազմակերպչական աշխատանքներում մեծ ավանդ ունեցավ պրոֆեսոր, երջանկահիշատակ Մարտուն Էլբակյանը, որի ջանքերով ստեղծվեց «Կոմիտաս», ապա «ՈՒրարտու» հայ համայնքը: Նա անձամբ դասավանդում էր իր ստեղծած դպրոցում: Կարճ ժամանակ հետո ճանաչվեց Նիդերլանդների լավագույն ուսման վարպետներից մեկը` արժանանալով թագավորական պարգևի, իսկ Մայր Հայրենիքի կողմից` Մեսրոպ Մաշտոց մեդալի: Թեև անժամանակ մահը ընդհատեց նրա սկսած գործը, այնուհանդերձ կողքը եղած նվիրյալները շարունակեցին նրա սկսած գործը` կազմակերպչական աշխատանքներն իրենց ուսերին վերցնելով: Այժմ համայնքի դպրոցը, որտեղ սովորում են 19 երեխաներ` Մարտուն Էլբակյանի անունով է:

    

Դեն Բոս մեր այցելության օրը, երբ կիրակնօրյա դպրոցի սաները պատրաստվում էին հայերենի իրենց իմացությամբ հանդես գալ Սրբազանի ու իրենց ծնողների առջև աշխույժ կազմակերպչական աշխատանքների իրարանցման մեջ տեսանք «ՈՒրարտու» -ի վարչության նախագահ Տոնի Պոգոսյանին, փոխնախագահ Մուրադ Մուրադյանին, ակտիվիստներ Լոռի և Գոհար Թիւրպէնտեաններին, դպրոցի տնօրեն տիկին Լոռային, ուսուցչուհիներ տիկին Անժելային, Ջեմմային և մյուսներին, որոնք փութաջանորեն նախապատրաստվում էին դիմավորել Գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին և Արմեն քահանա Մելքոնյանին: Նրանց այցելությունը ոգևորության ու հայրենիին նվիրվելու մեծ տոնի վերածվեց: Այբբենարանին, հայ գրերին ու Մայր Հայաստանին նվիրված երեխաների ելույթներին հաջորդեց` հայկական ժողովրդական մեղեդու ներքո նրանց պարը: Պրուսույց Լուսինեն կարողացել էր պարի լեզվի հմայքով թափանցել երեխաների ներաշխարհը` այս արվեստից մասնիկ հանելով նրանց: Անմասն չմնացին նաև ծնողները` արտասանելով Սահյանից ու Սևակից:

Գաղտնիք չէ, որ սփյուռքի հայ համայնքին միաբան է պահում հայ եկեղեցին ու հայ դպրոցը, որտեղ կարող են կենդանի շփումների միջոցով առավել զորացնել իրենց հավատքը և համայնքային կյանքը:


    
Ապրիլի 13/14-ի ուղիղ ֆեյսբուքյան ռեպորտաժների տեսագրությունը
https://www.youtube.com/watch?v=btk9dRfa1a0
    
Հաջորդ օրը` ապրիլի 14-ին, արդեն բազմաթիվ հայեր պետք է ականատեսը լինեին սրբազանի մատուցած պատարագին` Դեն Բոսի Սուրբ Կատարինե եկեղեցում: Ալեքսանդրիացի Կատարինան` ում անունով կոչվում է եկեղեցին, նահատակվել է 307 թ. նոյեմբերի 25-ին, միջնադարյան ամենատարածված սրբերից մեկն է: Նրա կյանքն ու գործը մաքրաբարության չափանիշ է եղել, շտապ օգնել է նրանց, ովքեր դրա կարիքն են ունեցել:
Ցավոք այսօր շտապ օգնության կարիք ունի այս եկեղեցին... Այն վաճառքի էր հանվել ու հիմա վարձակալությամբ է տրվելու հայ համայնքին: Լավ հնարավորություններ են պահպանվում շենքը սեփականության իրավունքով ձեռք բերելու համար:
Նման գաղապարը նաև սրբազանն է խրախուսում: Մեր զրույցում նա հավաստեց, որ իր կապերով, ու ինչու չէ` անձնական միջամտությամբ, կարելին կանի, որ այս կառույցը հայ հավատացյալներին ծառայելուց բացի դառնա հայ հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոնը` Նիդերլանդներում:
Հետաքրքիր պատմություն ունի Հռոմի կաթոլիկ դավանանքին պատկանող այս եկեղեցին: Այն կառուցվել է գոթական ոճով` 1533թվականին: Վերջին դարաշրջաններում մի քանի անգամ փոփոխության է ենթարկվել: 1842թ.ճարտարապետ Jos de Kroon-ի կողմից վերակառուցելուց հետո կոչվել է` Նոր եկեղեցի: Այնուհետև ճարտարապետ Յան Սթույթը 1917թ վերակառուցել է Արեւելյան Եվրոպայում եւ Ռուսաստանում վաղ քրիստոնեական ճարտարապետության վերածնունդը խորհրդանշող Նեո-բյուզանդական ճարտարապետության ոճով, գմբեթը կառուցվել է ժամանակի վերջին շնչով` ունի երկաթբետոնյա կառուցվածք, ութ անկյուններով հենվում են ենթակառուցվածքների վրա, որոնց գագաթներին խաչեր են: Այդ պատճառով անվանվել է` Kruiskerk (Խաչվանք):
Գմբեթը եկեղեցու ամենաբարձր մասն է, հարակից սյուներին ներկայացված են երգչախմբի 8 խոշոր փայտե արձանները, որոնք պատրաստել է Բոսխեի հայտնի քանդակագործ Ջոզ Ջ.Ա. Կուիփերսը (1862):

    
Վերջին տարիներին շենքն անգործության է մատնվել, 2015թթ կեսերից շենքը կորցրել է իր եկեղեցական գործառույթը և դժվար է ասել, երբ է տեղի ունեցել վերջին եկեղեցական արարողակարգը: Նույնիսկ որոշել են շենքը հարմարեցնել թատերական ներկայացումների, իսկ հիմա էլ վաճառքի են հանել: Յուրահատուկ այս կառույցն ունի Ազգային հուշարձանի կարգավիճակ, որն համարակալված է 21692 թվով: Եկեղեցին դժվարին ժամանակներ էլի է ապրել, երբ Նապոլեոնի արշավանքների ժամանակ ծառայել է ձիարան ու պահեստարան:

    
Մի քանի օր անընդմեջ ՈՒրարտու հայ համայնքի անդամների ու հոգևոր հովվի թեթև ձեռքով փութաջանորեն մաքրվել, կարգի են բերվել եկեղեցու ներսը` որոշ առումներով պարագաներն ու դասավորությունները համապատասխանեցվել են հայ եկեղեցու պահանջներին: Ներքին ձևավորումը ներառում է դեռևս 1841թ-ից պահպանված աթոռները, հին է նաև ամբիոնը: Պահպանվում է երգեհոն տեղադրող եզակի վարպետներից մեկի Հոհաննես Վոլեբրիխտի (Johannes Vollebregt) 1851թ սեփական ձեռքերով տեղադրած երգեհոնը: Յուրահատուկ են բելգիացի գեղանկարիչ Պիտեր Յոզեֆ Վերհագենի (Pieter Jozef Verhagen-ի 1728-1811) ինը խոշոր գեղանկարները:

     Չնայած գարնան համար ոչ բնորոշ ցուրտ եղանակին (+3) Դեն Բոսի, Դոտրեխտի և մերձակա այլ շրջանների բնակավայրերից հարյուրավոր հայ հավատացյալներ էին ներկա առաջին անգամ այստեղ տեղի ունեցող հայկական պատարագին: Եկեղեցի մուտք գործելուց առաջ հավատացյալները հոգևոր հայրերի հետ մասնակցեցին եկեղեցու «դռնաբացեքի» արարողությանը: Սրբազան Հայրը հավատացյալների հետ միասին երգեցին «Բաց մեզ Տէր» հոգեթով շարականը, հետո բացվեցին եկեղեցու փակ դռները և հավատացեալները Սրբազան Հոր և Տէր Արմէն քահանայի առաջնորդությամբ ներս մտան` կտրելով մուտքի ժապավենը: Տաճարը տևական դադարից հետո կրկին վերակենդանացավ: Սուրբ Պատարագը իր մեջ ներառեց մի քանի արարողակարգեր` մանուկների օրհնության կարգ, մեղքերի թողություն, դպրության կարգ` որով Հայ Առաքելական Եկեղեցին համալրվեց Աստծո ծառաներով, օրհնանքի խոսք` Գերաշնորհ Խաժակ Պարսամյանի կողմից, բուն Ծաղկազարդը մանուկների օր, Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ` որպես Թագավոր, օրհնված ձիթենու և ուռենու ոստերի բաժանում ժողովրդին և հաղորդակցություն: Պատարագն ուղեկցվում էր Արհնեմի երգչախմբի հոգեթով երաժշտական կատարումներով:
Պատարագի ավարտից հետո Սրբազան հայրը զրույց ունեցավ իրեն այցելած Դեն Բոսի Կաթոլիկ թեմի եպիսկոպոս Antonius Lambertus Maria Hurkmans-ին ու իր երախտագիտական խոսքն ասաց հայ համայնքին օգնելու նրա պատրաստակամության համար: Հայրապետական Պատվիրակը փոխադարձ համագործութեան համար բարձրաստիճան հոգևորականին հրավիրեց Վատիկան:
    
     Այսպիսով պատմական բազմաթիվ անցքերին հաղորդ Դեն Բոսի Սուրբ Կատարինա եկեկեղեցում առաջին` և հույսով ենք էլի բազմաթիվ անգամներ ու ընդմիշտ կհնչեն հայկական պատարագներ, տեղի կունենան ծիսակատարություններ: Հերթականը` ապրիլի 21-ին, Սուրբ Զատիկի կապակցությամբ և հնարավոր է արդեն Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի պատվավոր ներկայությամբ: Ինչպես սրբազանն է ասում` հավատով, հույսով, որ այն շուտով որպես հայկական եկեղեցի օծվելու ու ընդմիշտ ծառայելու է հավատացյալ մեր ժողովրդին:

     Hay Azian
     Նիդերլանդական օրագիր
    
    

's-Hertogenbosch

13/14 April 2019


    

Նիդերլանդների Դեն Բոսի և շրջակա բնակավայրերի հայ համայնքը հնարավոր է ունենա իր սեփական աղոթատեղին

Ծաղկազարդ Նիդերլանդների Դեն Բոս քաղաքի հայկական եկեղեցում
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2670 | 0 | 0
Facebook