Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ստրուկների առուծախը Հռոմի Օկտավիանոս Օգոստոս կայսեր ժամանակ

12:22, ուրբաթ, 05 ապրիլի, 2019 թ.
Ստրուկների առուծախը Հռոմի Օկտավիանոս Օգոստոս կայսեր ժամանակ

«Ես գնացի ֆորում, երբ Կաստորի տաճարի դիմացի կրպակների մոտ հավաքված մեծ բազմություն նկատեցի: Մոտենալով` ենթահարթակներին տղամարդիկ, կանայք, երիտասարդ տղաների ու աղջիկների տեսա: Նրանք բոլորը գրեթե ամբողջովին մերկ էին և բոլորի պարանոցներին գրություններով փոքրիկ տախտակներ էին կախված: Նրանցից ոմանց գլխին բրդյա սպիտակ թասակներ էին, մյուսների գլխին` դափնեպսակներ, մեծ մասի ոտքերը կավիճապատ կամ գիպսապատ էին:

Արտաքինից շատ անդուր, կոշտ ու կոպիտ մի մարդ նրանց առջևով ճեմում էր ու, բազմությանը դիմելով, ասում.

«Հապա նայե՛ք այս երիտասարդին, տեսե՛ք ինչքան ճերմակ է` ոտքից գլուխ: Հիացեք նրա սև աչքերով ու սև վարսերով: Նրա երկու ականջն էլ լավ են լսում, ու նրա երկու աչքն էլ շատ լավ են տեսնում, առողջ են նրա և' մարմինը, և' հոգին: Ես պատասխանատու եմ նրա զսպվածության, ազնվության ու խոնարհության համար, նա հնազանդ է ամենաաննշան ակնարկին, ու նրա հետ կարելի է անել ինչ որ մտքներովդ անցնի: Նա մի քիչ հունարեն գիտի, երգում է, կարող է խնջույքի ժամանակ զվարճացնել: Սա Նեղոսի ափերի զավակ է»: Այնուհետև թեթևակի թփթփացնելով նրա այտերին` նա շարունակեց. «Տեսնո՞ւմ եք ինչ պինդ մարմին ունի: Հիվանդությունը երբեք ի զորու չի լինի նրան վնասել: Ութ հազար սեստեցիով դուք կարող եք նրան գնել որպես լիակատար ու անբաժանելի սեփականություն»:

Հետո անցավ սևամորթ երեխային. «Հապա ցույց տուր քո շնորհները աշխարհի տիրակալներին»: Եվ երեխան սկսեց ցատկել, պտույտներ անել. Տախտակներով ոստնել ու տարբեր տեսակի այլ կատակներ անել: «Ինչպիսի՜ ճարպկություն: Ինչպիսի՜ գեղեցկություն: Ինչպիսի՜ նրբագեղություն, - բացականչեց վաճառողը, - քաղաքացինե՛ր, մտե՛ք նաև իմ կրպակը, դուք այնտեղ էլ ավելի լավ ապրանք կտեսնեք: Այստեղ ընդամենը ապրանքիս ցուցադրությունն է, այն ամենը, որ ես ունեմ՝ ամենահազվագյուտը, ամենագեղեցիկը, ամենանուրբը, ամենագայթակղիչն ու ամենազարմանալին ներսում են»:

Շատերը գայթակղվեցին այդ հրավերով, իսկ առևտրականն այդ ժամանակ ձեռնամուխ եղավ վաճառքին: Երիտասարդ ստրուկը, ձեռնածություն անելով, մի քանի գնորդի գայթակղեց: Տղային ամբողջովին մերկացրին, որպեսզի տեսնեն, թե նա որևէ չերևացող թերություն ունի՞ արդյոք, հարցրեցին նրա տարիքը, ծննդյան վայրը: Եվ սկսվեց աճուրդը: Հայտարարվեց գինը` 4000 սեստերցի, հետո այն բարձրացավ մինչև 6000-ի և, ի վերջո, կանգ առավ 8000-ի վրա: Գնորդն ամբոխի միջից դուրս եկավ, և ձեռքին պահած փոքրիկ մետաղադրամը, հետևյալ բանաձևն արտասանեց. «Ես հայտարարում եմ, որ այս տղան, քվիրիտների կանոններով, ինձ է պատկանում, և որ ես նրան գնել եմ այս դրամով և այս կշեռքով»: Նա դրամով թակեց կշեռքին, հաշվեց պայմանավորված գումարը և ստրուկին իր հետ տարավ:

Առևտրականը պարտավոր է ազդարարել վաճառվող ստրուկի թերությունները. եթե նա խաբի իր ապրանքի որակի առումով, ապա մարմնական պատժի կենթարկվի ու կտուգանվի, իսկ տուգանքի չափը կարող է հասնել վաճառված ստրուկի գնի կրկնակիին: Բացի այդ գործարքը չեղյալ է հայտարարվում: Չնայած օրենքով նախատեսված այս կանխարգելումներին, գնորդի ու վաճառողի միջև այս առթիվ վեճերը շատ հաճախակի են: Դրանց մեծ մասը հաշտությամբ է ավարտվում` նախնական գինը նվազեցնելով: Երբ առևտրականն ուզում է խույս տալ որևէ պատասխանատվությունից, նա ստրուկին սպիտակ բրդի գործվածքից ծածկոց է հագցնում, և այդ դեպքում գնորդն արդեն գիտե, որ պետք է ուշադիր լինի: Հակառակ դեպքում, առևտրականը պարտավոր է բոլոր անհրաժեշը ցուցումները ստրուկի պարանոցից կախված տախտակին գրել: Դափնեպսակը նշանակել է, որ վաճառվողը ռազմագերի է, եթե վաճառվող ստրուկի ոտներին կավիճ է քսված եղել, դա նշանակել է, որ նրան ծովով են բերել:

Քանի որ գեղեցիկ ստրուկներին թանկ են գնահատում, առևտրականներն ամեն տեսակ խորամանկությունների են դիմում, ստրուկներին աշխատում են ավելի երիտասարդ տեսք տալ, նրանց մարմինը շփում են բևեկնախեժով, մազերը փետում են, գանգրացնում, հնարավորինս լավ են հագցնում, ի ցույց են դնում նրանց բոլոր արժանիքները, նրանց նույնիսկ վերագրում են այնպիսի արժանիքներ, որոնք նրանք չունեն. մի խոսքով, գործի են դնում անասնավաճառի բոլոր մեթոդները: Ոմն Տորանիուս, որը ճարպիկ ստրկավաճառի համբավ ուներ, մի անգամ եռապետներից Անտոնիոսին հազվագյուտ գեղեցկության երկու երեխա վաճառեց: Այդ երեխաններն այնքան էին իրար նման, որ առևտրականը, առանց երկար-բարակ մատածելու, նրանց երկվորյակներ հայտարարեց, թեպետ նրանցից մեկն Ասիայում էր ծնվել, իսկ մյուսը` Ալպերից այն կողմ: Երբ երեխաները բացարձակաապես տարբեր լեզուներով խոսեցին, խաբեությունը բացահայտվեց: Անտոնիոսը կատաղեց և, կանչելով առևտարականին, սկսեց անպատվել նրան, թե ինչպես է համարձակվել իրեն հիմարացնել: «Ինչո՞ւ եք անհանգստանում, - պատասխանել է Տորանիուսը, - այս երեխաները ձեզ արդեն դուր չեն գալիս, ես նրանց հետ կվերցնեմ: Այն, ինչից դժգոհում եք` «թերություն» ավանելով, ըստ էության, նրանց գլխավոր արժանիքն է: Երկվորյակների նմանության մեջ ոչ մի զարմանալի բան չկա, բայց տարբեր երկրներում ծնված երկու երեխաների լիակատար նմանությունն այնպիսի եզակի բան է, որ գին չունի: Ես պետք է ձեզանից շատ ավելի մեծ գումար պահանջեի: Բայց դուք չեք ուզում նրանց ձեզ մոտ պահել. գերազա՛նց է: Մեկ ուրիշը նրանց համար ինձ ավելի շատ կվճարի»: Այս պատասխանն այնպես է ազդում Անտոնիոսի վրա, որ նա ստրուկներին պահում է իր մոտ»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4369 | 0 | 0
Facebook