Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սատանան մարդկանց նյութական վնասներ է հասցրել, որպեսզի պատժի գործած մեղքերի համար

22:15, երկուշաբթի, 01 ապրիլի, 2019 թ.
Սատանան մարդկանց նյութական վնասներ է հասցրել, որպեսզի պատժի գործած մեղքերի համար

1533 թվականին կործանվում է Գերմանիայի Շիլտախ քաղաքը: Դեպքը տեղի է ունենում հինգշաբթի օրը` Չարչարանաց շաբաթին: Սկսվում է նրանից, որ սատանան բարձրանում է տներից մեկի կտուրը և սկսում է սուլել: Մարդիկ բարձրանում են տան կտուրը, որպեսզի այնտեղից իջեցնեն սուլողին, բայց այնտեղ ոչ ոքի չեն գտնում, իսկ երբ կտուրից իջնում են, սուլոցը վերսկսվում է, և այս բանը կրկնվում է մի քանի անգամ: Մարդիկ, ի վերջո, հասկանում են, որ այս չար կատակն անողը սատանան է: Նրանք հավաքվում են տան մոտ ու երկու հոգևորականի են կանչում, որոնք սկսում են դիվահալած աղոթքներ կարդալ: Այն հարցին, թե ով ես դու և ինչու ես եկել, սատանան անմիջապես ու հաճույքով պատասխանում է, թե եկել է որպեսզի ամբողջ քաղաքն այրի: Երբ հոգևորականները սկսում են նրան սպառնալ ու նզովել, սատանան բացականչում է.

-Ձեզանից շա~տ վախեցա: Ձեզ թվում է՝ չգիտե՞մ, որ դուք երկուսդ էլ գող եք ու մեկդ մյուսից ավելի այլասերված:

Դրանից հետո սատանայի կողքին մի կին է հայտնվում, որի հետ, ինչպես հետո է պարզվում, սատանան 14 տարի կենակցելիս է եղել, չնայած այդ ամբողջ ընթացքում կինը կանոնավորապես եկեղեցի է հաճախել ու հաղորդություն է ընդունել: Սատանան այդ կնոջը կրակ պարունակող մի աման է տալի և հրամայում է ամեն տեղ շաղ տալ այդ կրակը: Կինը կրակը դեսուդեն է նետում, և նույն րոպեին ամբողջ քաղաքը հրի ճարակ է դառնում ու ամբողջովին այրվում է: Շիլտախի այս հրդեհը նկարագրել են 16 և 17-րդ դարերի շատ հեղինակներ: Նրանցից մեկն ասում է, թե կրակը քաղաքի վրա էր ընկնում հրե գնդերի կամ ռումբերի տեսքով և, ընդ որում, միանգամից: Քաղաքի այլ բնակիչներ օգնության են շտապում հարևաններին, բայց հաջորդ պահին բռնկվում են նաև իրենց տները: Այդ նկարագրության հեղինակը լսել է հրդեհի ականատես հոգևորականի վկայությունը: Նա հավատացրել է, թե սատանան հայտնվել է հրդեհից անմիջապես առաջ և իր ներկայությունը հավաստել է բարձր սուլուցով ու տարբեր թռչունների ու գազանների ձայներով: Սատանան այդ հոգևորականի վրա է նետում տակառի մետաղյա օղակը, և այն պսակի նման ընկնում է նրա ուսերին: Հետո սատանան բարձրաձայն հարցնում է հավաքվածներին, թե լսե՞լ են ինչպես է կռկռում ագռավը, ու անմիջապես սկսել է ինքը կռկռալ, բայց այնքան ուժգին ու սարսափազդու, որ բոլոր ներկաները վախից դողացել են: Դրանից հետո սատանան ներկաներից շատերին հիշեցրել է իրենց գաղտնի պահած բազմաթիվ մեղքերը՝ աներևակայելի շփոթմունքի մատնելով նրանց:

894 թվականին սատանան քիչ է մնում կրակի ճարակ դարձնի Ֆրանսիայի թագավորների թագադրման քաղաքը` Ռեյմսը: Նա իր նպատակին հաստատ հասնելու էր, եթե չլիներ քաղաքի հզոր պաշտպանը` բարեշնորհ արքեպիսկոպոս Ռեմին: Ռեյմսի տարեգիրն այդ իրադարձության մասին հետևյալն է գրել:

Արքեպիսկոպոսն աղոթելիս է լինում քաղաքի եկեղեցիներից մեկում. նա շնորհակալություն էր հայտնում Բարձրյալին, որ իրեն հնարավորություն է շնորհել սատանայի որոգայթներից փրկել մի քանի անմեղ հոգի, և հենց այդ պահին նրան տեղեկացնում են, թե ամբողջ քաղաքը բոցերի մեջ է: Փորձառու դիվահալածն անմիջապես գլխի է ընկնում, որ դա սատանայի ձեռքի գործն է: Արդար զայրույթով համակված հոգևորականը ոտքը գետնին է խփում ու բացականչում.

«Ճանաչո'ւմ եմ քեզ, սատանա': Նշանակում է, ես դեռ չեմ կարողացել քո չարության վերջը տալ»:

Ռեյմսի եկեղեցիներից մեկում այսօր էլ ցույց են տալիս հատակի այն սալիկը, որին ոտքով զայրացած խփել է սուրբ Ռեմին: Այս սալիկի վրա մնացել է սուրբ մարդու ոտնաթաթի «դաջվածքը»:

Ձեռքն առնելով իր հովվական գավազանը` հոգևորականը դուրս է գալիս փողոց: Հենց նրա դիմաց կրակը խժռում էր ծղոտե տանիքներով փայտե տնակների մի ամբողջ շարք: Սուրբ Ռեմին համարձակորեն դեպի կրակն է գնում` շարունակ խաչակնքվելով, և կրակն անմիջապես սկսում է նահանջել: Սուրբը շարունակում է առաջ ընթանալ` խաչի նշանով պաշտպանվելով, ու կրակն ավելի ու ավելի է նահանջում` ասես սուրբ մարդուց բխող անտեսանելի ուժից հալածված: Մեկ ուրիշ անգամ էլ թվացել է, թե կրակը շրջապատում է սրբին` ասես ցանկանալով նրա խժռել, բայց սուր Ռեմին իր զորավոր խաչով հաղթում է սատանային: Ի վերջո, նահանջելով «մարտադաշտի ամբողջ երկարությամբ», ստիպված լինելով լքել բոլոր զավթած կառույցները, կրակը, ինչպես պարտված գազան, շունչը փչում է արքեպիսկոպոսի ոտքերի մոտ: Սրբի կամքով նա հեռանում է քաղաքից ու ընկնում է քաղաքը շրջապատող խանդակը: Արքեպիսկոպոսն հենց այդտեղ բացում է գետնի տակ տանող դուռը, այնտեղ է նետում կրակը` ինչպես չարագործին են անդունդը նետում, կարգադրում է զմռսել դուռը և մարմնի ու հոգու կործանման սպառնալիքով արգելում է որևէ մեկին երբևէ բացել այդ դուռը: Այնպես է պատահում, որ մի անգամ մի հետաքրքրասեր, գուցե թե անհավատ մեկը, բացում է այդ դուռը, և գետնի տակից նրա վրա է նետվում կրակի բոցը, որը նրան մոխրացնում է, հետո կրակը հետ է քաշվում ու թաքնվում է ստորգետնյա խավարում, որտեղ նրան դարձյալ շղթայում է արքեպիսկոպոսը ու շղթայված պահելու է մինչև ժամանակների վերջը:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4056 | 0 | 0
Facebook