Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միջնադարում սատանային նաև դաստիարակի դեր է հատկացվել

23:18, շաբաթ, 30 մարտի, 2019 թ.
Միջնադարում սատանային նաև դաստիարակի դեր է հատկացվել

Լիովին արդարացնելու համար «մարդկային ցեղի թշնամի» տպավորիչ մականունը, որը սովորաբար տրվել է սատանային, ժողովուրդները նրան վերագրել են բազում չարամիտ, նենգ և ուխտադրուժ արարքներ մարդկանց նկատմամբ, ընդ որում ոչ միայն նրանց նկատմամբ, ովքեր նրանից վախեցել են ու խուսափել են նրա հետ հանդիպելուց, այլև նրանց նկատմամբ, ովքեր նրա իշխանությանը կամավոր են տրվել և ցանկացել են նրա դաշնակիցը լինել: Ի դեպ, այս առումով դժվար է պարզել, թե նրանցից ով է առավել նենգ եղել ու անգթորեն հիմարացրել` սատանան մարդո՞ւն, թե՞ մարդը սատանային, քանի որ սատանային հիմարացնելը, ծանակելը, խայտառակելը, ինքնին հասկանալի է, ամեն մի ճշմարիտ քրիստոնյայի մեծագույն սխրանքն է համարվել:

Սատանան հատկապես ջանացել է ծանակել մարդկային ընչաքաղցությունն ու որկրամոլությունը: Սատանայի ձեռքից ստացված փողը միշտ անհուսալի է եղել, և այդպիսի սատանայական առատաձեռնությունը հիմնականում հանգեցրել է «աչքին թոզ փչելուն»: Սատանայի այս կարգի խարդավանքների մասին անհամար պատմություններ կան հին գրքերում:

Ամենից հաճախ պատահել է, «սատանայից մեկ ամբողջ պարկ ոսկի ստացած մարդը հետո տեսել է, որ պարկի պարունակությունը քարածուխ է կամ թրիք: Օրինակ` ճանապարհով գնում է երիտասարդը և անծանոթի է հանդիպում: Անծանոթը կանգնեցնում է նրան ու հարցնում, թե կուզենա՞ր հարստանալ: Երիտասարդը, բնականաբար, պատասխանում է, թե ուզում է: Անծանոթը նրան կոլոլված թուղթ է տալիս ու ասում է, թե այդ թուղթը նրան տալու է այնքան ոսկի, որքան նա է ցանկանում: Նա ընդամենը պետք է որոշակի գումար ունենալու ցանկություն հայտնի, և այդ գումարն անմիջապես կհայտնվի: Բայց անծանոթը մի պայման է դնում` երիտասարդը ոչ մի դեպքում կոլոլված թուղթը չպիտի բացի: Եթե մարդը կարողանա դիմանալ գայթակղությանը և կատարել պայմանը, ապա շատ շուտով կիմանա, թե ով է իր բարեկենդանը: Անասելի երջանկության զգացումով համակված երիտասարդը տուն է վազում, փակվում է իր սենյակում ու թափ է տալիս խորհրդավոր թուղթը: Թղթից ոսկու անձրև է տեղում: Բայց հետաքրքրասիրությունը հաղթում է շահախնդրությանը. երիտասարդը բացում է թուղթը և տեսնում է արջի մագիլներ, դոդոշի թաթեր և այլ գարշելի ու սարսափելի բաներ: Նա սատանայական թուղթն անմիջապես կրակն է նետում, բայց այն չի այրվում, իսկ այդ ընթացքում հատակին թափված ոսկին անհետանում է: Եվ անբախտ երիտասարդը, ի վերջո, համոզվում է, որ ինքը սատանայի սարքած օյիններից մեկի զոհն է դարձել:

Մի վաճառական մահվանից առաջ կանչում է կնոջը և հանձնարարում է իր մոտ բերել ամբողջ կյանքում հավաքած փողով լի պարկը: Կինը կատարում է հանձնարարությունը: Մահացողը պարկը քնքշորեն կրծքին է սեղմում, չի ուզում այն ձեռքից բաց թողնել և կնոջը խնդրում է, որ պարկն իր հետ թաղեն: Շատ չանցած նա մահանում է` պարկը ձեռքին: : Մահվանից հետո տնեցիները մեծ դժվարությամբ են կարողանում նրա փայտացած ձեռքերի միջից պոկել պարկը: Բայց երբ դուրս են թափում պարկի պարունակությունը, ոսկու կույտի փոխարեն ընդամենը երկու գորտ են տեսնում: Այդ ագահ մարդու մահվան պահին սատանան հայտնվել էր, որ նրա հոգին հափշտակի, և հընթացս նաև ոսկին էլ է հափշտակում ու պարկի մեջ գորտեր է դնում:

Սուրբ Գրիգոր Տուրացին հրաշքների մասին իր գրքում այսպիսի դեպք է պատմում: Մի աղքատ մարդ որոշում է առևտուր անելով արագ հարստանալ ու սկսում է անցորդներին գինի վաճառել` դրան ջուր խառնելով: Այսպիսի խարդախությամբ նա կարողանում է բավականին գումար շահել: Նա այդ գումարը կաշվե քսակի մեջ է դնում ու գնում է նորից գինի առնելու` որպեսզի շարունակի իր եկամտաբեր առևտուրը: Երբ հասնում է մի գետի, մտքով անցնում է քսակը բանալ. նա քսակի բերանն արձակում է, և հենց միջից մի մետաղադրամ է հանում, որտեղից որտեղ հանկարծ մի մեծ թռչուն է հայտնվում, որը նրա ձեռքից հափշտակում է քսակն ու գետը գցում: Խեղճի ձեռքին մնում է միայն մեկ հատիկ մետաղադրամ, որը ներառում էր ճիշտ այն նախնական գումարը, որով սկսել էր իր առևտուրը: Ձախողված գինեվաճառը խելքի է գալիս, այդ դեպքը համարում է նախազգուշացում բարձրյալից ու այլևս խարդախություն չի անում:

1606 թվականին Ֆրանսիայի Ֆրանշ Կոնտե երկրամասի գյուղերից մեկով շատ լավ հագուկապով մի անծանոթ է անցնում: Հանդիպելով տեղի բնակիչներից մեկին, որը ձի էր տանում, սկսում է նրան խնդրել, որ նա այդ ձին իրեն վաճառի: Գյուղացին համաձայնում է տասնութ դուկատով վաճառել: Բայց անծանոթն ընդամենը տասներկու դուկատ է ունենում, և այդ իսկ պատճառով, որպես գրավ, գյուղացուն է տալիս իր ոսկե շղթան` խոստանալով հետ դառնալիս մնացած գումարը վճարել: Հաջորդ օրը ձիու տերը բացում է թուղթը, որի մեջ փաթաթված էր ոսկե շղթան և, ոսկու փոխարեն, արճճի կտորներ է տեսնում:

17-րդ դարի աստվածաբան Կալմեի գրքում այսպիսի դեպք է պատմվում: Բարեկեցիկ ընտանիքի զավակն սկզբում ուղարկվում է զինվորական ծառայության, հետո, քանի որ նա իրեն լավ չի դրսևորում, ծնողները տուն են բերում, որպեսզի ուսումնառության տան: Բայց տղան արդեն լրիվ ծուլացել ու սանձարձակ էր դարձել. սովորել չէր ուզում ու փախչում է հայրական տնից` մտադրված լինելով նորից զինվորական ծառայության անցնել: Ճանապարհին նա հանդիպում է թանկ հագուկապով, բայց չար դեմքով մի մարդու: Անծանոթը տղային հարցնում է, թե ուր է գնում և ինչու է այդքան տխուր` հավելելով, որ ինքը կարող է նրան լավ գործի տեղավորել, եթ ցանկանա իրեն ծառայել: Երիտասարդն առաջին պահին մտածում է, թե անծանոթն իրեն ուզում է ծառա դարձնի, և մտածելու ժամանակ է խնդրում: Բայց անծանոթի շռայլ խոստումները երիտասարդին կասկածելի են թվում: Նա ավելի ուշադիր է նայում անծանոթին ու նկատում է, որ նրա ձախ ոտնաթաթը երկատված է` ինչպես ցուլի ոտնաթաթը: Երիտասարդը սարսափահար է լինում, խաչակնքվում է ու աղոթում, և անծանոթն անմիջապես անհետանում է: Բայց երեք օր անց այդ նույն անծանոթը նորից հայտնվում է երիտասարդին ու հարցնում է, թե նա ինչ որոշում է կայացրել և համաձայն է արդյոք իրեն ծառայել: Երիտասարդը մերժում է առաջարկը: Անծանոթը հարցնում է, թե ուր է գնում երիտասարդը, և նա պատասխանում է, թե ուր է գնում: Այդժամ անծանոթը նրա առաջ է գցում մի ծանրաբեռ քսակ, որը գետնին խփվելիս շատ ախորժելի ձայն է արձակում: Այդ քսակում շատ ոսկեդրամ կար, որոնք այնպես էին փայլատակում ասես հենց նոր հատված լինեին: Զրուցասեր անծանոթը երիտասարդին բազում չար խորհուրդներ է տալիս, իսկ գլխավորը` համառորեն համոզում է հրաժարվել սուրբ ջուր օգտագործելուց ու հաղորդության նշխարից: Այդ առաջարկներից սարսափած երիտասարդը խաչակնքվում է, և ց այդ ակնթարթին մի ուժ նրան այնպես ուժեղ է զարկում, որ նա մի ամբողջ ժամ գիտակցությունը կորցրած պառկած է մնում: Իսկ ոսկին, որ նրան առաջարկել էր անծանոթը, ընդամենը սովորական մեղր է լինում:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4376 | 0 | 0
Facebook