Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լիտվական Հանրապետությանը ԽՍՀՄ-ի վերջնագրի մասին ՏԱՍՍ-ի հաղորդագրությունը

15:39, երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ.
Լիտվական Հանրապետությանը ԽՍՀՄ-ի վերջնագրի մասին ՏԱՍՍ-ի հաղորդագրությունը

Հունիսի 14-ին ԽՍՀՄ Ժողկոմխորհի նախագահ Բ.Մ. Մոլոտովը կառավարության անունից հետևյալը ներկայացրեց Մոսկվայում գտնվող Լիտվայի արտաքին գործերի նախարար պրն. Ուրբշիսին՝ Լիտվայի կառավարությանը փոխանցելու համար.

«ԽՍՀՄ Ժողկոմխորհի նախագահ Վ. Մ. Մոլոտովի և Լիտվայի Նախարարաների խորհրդի նախագահ պրն. Մերկիսի, ինչպես նաև Լիտվայի արտաքին գործերի նախարար պրն. Ուրբշիսի միջև վերջին ժամանակներս Մոսկվայում տեղի ունեցած մտքերի փոխանակության արդյունքում՝ Խորհրդային կառավարությունը հաստատված է համարում հետևյալ փաստերը.

1.Վերջին ամիսների ընթացքում Լիտվայում տեղի է ունեցել սովետա-լիտվական փոխօգնության պայմանագրի համաձայն Լիտվայի տարածքում գտնվող խորհրդային զորամասերի զինծառայողների առևանգման ու կտտանքների ենթարկելու մի շարք դեպքեր՝ Խորհրդային պետության ռազմական գաղտնիքները կորզելու նպատակով: Ընդ որում հաստատվել է, որ զինծառայող Բուգաևը ոչ միայն առևանգվել է, այլև լիտվական ոստիկանության կողմից սպանվել է այն բանից հետո, երբ ԽՍՀՄ Կառավարությունը պահանջել է հանձնել զինծառայող Բուգարևին: Առևանգված երկու խորհրդային զինծառայողներին՝ Պիսարևին և Շմավգոնեցին հաջողվել է փախչել իրենց առևանգած և կտտանքների ենթարկած լիտվական ոստիկանների ձեռքից (Լիտվայում ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչը Մոսկվային հաղորդում է, որ ապրիլի 24-ին և մայիսի 18-ին Լիտվայում տեղակայված խորհրդային զորամասերից երկու կարմիրբանակային է փախել): Լիտվայում առևանգված զինծառայող Շուտովն առ այսօր չի գտնվել: Լիտվայում տեղաբաշխված զորամասերի զինվորականների նկատմամբ այսպիսի գործողություներով լիտվական իշխանությունները ձգտում են անհնարին դարձնել խորհրդային զորամասերի գտնվելը Լիտվայում:

Այդ մասին են վկայում նաև հատկապես վերջին ժամանակներն հաճախակի դարձած այնպիսի փաստեր, ինչպիսիք են խորհրդային զորամասն սպասարակող անձնակազմի լիտվացի քաղաքացիների (ճաշարանի աշխատակիցներ, լվացարարներ և այլն) բազմաթիվ ձերբակալություններն ու համակենտրոնացման ճամբար աքսորելը, ինչպես նաև խորհրդային զորամասերի համար զորանոցների կառուցման աշխատանքներում ընդգրկված՝ Լիտվայի քաղաքացի բանվորների ու տեխնիկների զանգվածային ձերբակալությունները: Այսպիսի՝ ոչնչով չհրահրված և անսանձ բռնաճնշումները խորհրդային զորամասերի կարիքներն սպասարկող Լիտվայի քաղաքացիների նկատմամբ՝ միտված են նրան, որ ոչ միայն անհնարին դարձվի խորհրդային զորամասերի գտնվելը Լիտվայում, այլև Լիտվայում թշնամական վերաբերմունք ձևավորվի խորհրդային զինծառայողների նկատմամբ ու այդ զորամասերի վրա հարձակում նախապատրաստվի: Այս բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ Լիտվայի կառավարությունը կոպտորեն խախտում է Խորհրդային Միության հետ կնքած փոխօգնության պայմանագիրը և հարձակում է նախապատրաստում այդ պայմանագրի հիման վրա Լիտվայում տեղակայված խորհրդային կայազորի վրա:

2.Փոխօգնության մասին Լիտվայի և ԽՍՀՄ-ի միջև պայմանագրի կնքումից շատ չանցած Լիտվայի կառավարությունը դաշինք կնքեց Լատվիայի ու Էստոնիայի հետ՝ այդպիսով վերածվելով, այսպես ասած, Բալթիական Անտանտայի, որտեղ նախկինում ռազմական դաշինքով կապված էին միայն Լատվիան ու Էստոնիան: Խորհրդային կառավարությունը հաստատված է համարում, որ այդ ռազմական դաշինքն ուղղված է Խորհրդային Միության դեմ: Այդ ռազմական դաշինքի մեջ Լիտվայի մտնելով՝ ուժեղացավ Լիտվայի Լատվիայի ու Էստոնիայի գլխավոր շտաբների կապը, որն իրականացվում է ԽՍՀՄ-ից ծածուկ: Հայտնի է նաև, որ 1940 թվականի փետրվարից հիմնվել է այդ ռազմական Անտանտայի տպագիր օրգան «Ռեվյու Բալտիկ» -ը, որը հրատարակվում է անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով:

Այս բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ Լիտվայի կառավարությունը կոպտորեն խախտել է փոխօգնության մասին պայմանագիրը, որը կողմերին արգելում է «որևէ դաշինք կնքել և այնպիսի կոալիցիայի մեջ մտնել, որն ուղղված է պայմանավորված կողմերից մեկի դեմ» (Պայմանագրի 6-րդ հոդված):

Պայմանագրի այս բոլոր խախտումները և Լիտվայի կառավարության թշնամական գործողությունները ԽՍՀՄ-ի նկատմամբ տեղի են ունեցել՝ չնայած ԽՍՀՄ-ի բացառիկ բարյացկամ քաղաքականությանը Լիտվայի հանդեպ, որին Խորհրդային Միությունը, ինչպես հայտնի է, սեփական նախաձեռնությամբ հանձնել է Վիլնո քաղաքն ու Վիլնոյի մարզը:

Խորհրդային կառավարությունը համարում է, որ այս վիճակն այլևս շարունակվել չի կարող:

Խորհրդային կառավարությունը բացարձակ անհրաժեշտ ու անհետաձգելի է համարում.

1.որ անհապաղ դատի տրվեն ներքին գործերի նախարար պրն. Սկուչասն ու քաղաքական ոստիկանության դեպարտամենտի պետ պրն. Պովելայտիսը՝ որպես Լիտվայում գտնվող խորհրդային կայազորի դեմ հրահրիչ գործողությունների ուղղակի մեղավորներ,

2. որ Լիտվայում անհապաղ կազմավորվի այնպիսի կառավարություն, որն ի վիճակի ու պատրաստ լինի ազնվորեն կյանքի կոչելՓոխօգնության մասին սովետա-լիտվական պայմանագիրը և վճռականորեն սանձել Պայմանագրի թշնամիներին,

3. որ անհապաղ ապահովվի խորհրդային զորամասերի ազատ մուտքը Լիտվայի տարածք՝ դրանք Լիտվայի կարևորագույն կենտրոններում տեղաբաշխելու համար՝ բավարար քանակությամբ, որպեսզի ապահովվի փոխօգնության պայմանագրի իրականացման հնարավորությունը և կանխվի Լիտվայում գտնվող խորհրդային կայազորի դեմ ուղղված սադրիչ գործողությունները:

Խորհրդային կառավարությունն այս պահանջների բավարարումը համարում է այն տարրական պայմանը, առանց որի անհնարին է հասնել նրան, որ Փոխոօգնության մասին սովետա-լիտվական պայմանագիրը կատարվի ազնվորեն և բարեխղճորեն:

Խորհրդային կառավարությունը Լիտվայի կառավարության պատասխանին սպասում է մինչև հունիսի 15-ի ժամը 10-ը: Այդ ժամկետում պատասխան չլինելու դեպքում կհամարվի, որ Լիտվայի կառավարությունը հրաժարվում է կատարել Խորհրդային Միության պահանջները»:

Հունիսի 15-ին, առավոտյան ժամը 9-ին պրն. Ուրբշիսը Վ. Մ. Մոլոտովին հանձնեց Լիտվայի կառավարության պատասխանը ՝ Խորհրդային կառավարության պահանջներին համաձայնություն տալու վերաբերյալ:

«Իզվեստիա» թերթ, 1940 թ. հունիսի 16


     Հունիսի 17-ին խորհրդային զորքերը ներխուժում են Լիտվա, հունիսի 20-ին դավաճան լիտվացիներից կազմավորվում է «ժողովրդական կառավարություն», երկու շաբաթ անց տեղի են ունենում «ընտրությունները», մի քանի օր անց երկիրը հռչակվում է «սովետական», էլի մի քանի օր անց սոցիալիստական կառավարությունը դիմում է Մոսկվային` ԽՍՀՄ կազմի մեջ մտնելու խնդրանքով, և օգոստոսի 3-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը որոշում է ընդունում ընդառաջել Լիտվայի խնդրանքին, և անկախ Լիտվան դադարում է գոյություն ունենալ:


     Ահա թե ինչպես է գիշատիչ սովետը (իմա՝ Ռուսաստանը) պատրվակ հորինում այս կամ այն երկիրը զավթելու համար: Այնպես որ մեր պետականության գլխին կախված դամոկլյան սուրը ցանկացած պահի կարող է պոկվել ու ընկնել, մանավանդ եթե նկատի առնենք, որ մեր երկիրն հեղեղված է Ռուսաստանի նվաճողական քաղաքականությանն անձնվիրաբար ծառայող ռուսասեր հայերով:


     Նկարում՝
խորհրդային զորքերը մտնում են Կաունաս:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3902 | 0 | 0
Facebook