Հանրային կապեր (Public Relation) մասնագիտություն, որի հիմնական նպատակը հասարակության կողմից կառույցի նկատմամբ վստահության ձեռք բերման, հետևաբար նաև լավ հեղինակության ձևավորման տեխնոլոգիաների մշակումն ու իրականացումն է։ Գիտական աշխատանքներում տեխնոլոգիան սահմանվում է այսպես. Տեխնոլոգիան (հունարեն texne-մշակույթ, հմտություն և logos-գիտություն) նպատակաուղղված, հաջորդական, ի սկզբանե էֆեկտիվ գործողությունների ամբողջություն է, որոնք կոչված են հասնելու առաջադրված դրական արդյունքներին։ Հանրային կապերի ոլորտում ևս տեխնոլոգիան առաջադրված նպատակին հասնելու համար իրականացվող որոշակի գործողությունների ամբողջություն։ Այդ գործողությունները հիմնականում բաղկացած են 4 տարբեր, բայց իրար հետ փոխկապակցված մասերից.
վերլուծություն, հետազոտություն, խնդրի գիտակցում
ծրագրերի մշակում
հաղորդակցություն և ծրագրերի իրականացում
արդյունքների հետազոտում, գնահատական և հնարավոր վերամշակումներ։
Այս 4 մասերը հաճախ անվանում են RACE, որը հետևյալ բառերի հապավումն է՝ Research (հետազոտում), Action (գործողություն), Communication (հաղորդակցություն), Evaluation (գնահատական) ։
Հանրային կապեր (PR) երևույթն ուղղակիորեն կապված է ժողովրդավարության հետ։ Այն երկրները, որտեղ դեմոկրատիան ավելի բարձր մակարդակի վրա է, հանրության հետ փոխադարձ կապի անհրաժեշտությունն ավելի շատ է կարևորվում։ Պատճառն այն է, որ այդպիսի պայմաններում բոլոր կառույցները՝ պետական, մասնավոր, ստիպված են հարգելու հանրության իրավունքները, պայքարելու նրանց վստահության համար, քանի որ իրենց գործունեության հաջողությունը պայմանավորված է հանրային կարծիքով։ Ժողովրդավարական երկրներում հանրային կարծիքն ազդում է երկրի քաղաքականության, օրենսդրական, տնտեսական գործընթացների, քաղաքական կուսակցությունների վարքագծի, անգամ մշակութային միջոցառումների կազմակերպման և անցկացման վրա։ Շուկայական հարաբերությունների հաստատումը ևս նպաստեց, որպեսզի կարևորվի հանրային կապերի դերը։ Մրցակցության պայմաններում ընկերություններից յուրաքանչյուրը ձգտում է դեպի իրեն գրավել սպառողներին, ձեռք բերել նրանց վստահությունը, դրական իմիջ ձևավորել։ Թեև Հայաստանում հանրային կապերը դեռևս կարճ պատմություն ունի, սակայն, որպես գործունեության ինքնուրույն ճյուղ, այն վերաբերում է 20-րդ դարի սկզբին։
PR-ի առաջին բյուրոն ստեղծվել է 1912 թ.-ին ամերիկյան հեռախոսահեռագրային միավորմանն առընթեր։ 1918 թ.-ին PR-ի դասընթացներն առաջին անգամ ընդգրկվեցին Իլլինոյս նահանգի ուսումնական ծրագրում։
1923 թ.-ին Է. Բերնեյսը հրատարակեց PR-ի մասին առաջին գիրքը՝ «Բյուրեղացնելով հասարակական կարծիքը» ։ Արդեն 1930 թ.-ին ԱՄՆ-ում հանրային կապերը ձևավորվեցին որպես կառավարման հատուկ գործառույթ։