Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.

Հոդվածներ

Ժոզեֆ դը Տուրնըֆոր. «Հայերն աշխարհի լավագույն մարդիկն են»

15:24, հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ.
Ժոզեֆ դը Տուրնըֆոր. «Հայերն աշխարհի լավագույն մարդիկն են»

Ֆրանսիացի բուսաբան, Փարզի դեղաբույսերի թագավորական այգու բուսաբանության պրոֆեսոր, Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ Ժոզեֆ դը Տուրնըֆորը (1656 – 1708 թթ.), Լյուդովիկոս 14-րդի հանձնարարությամբ, 1700 – 1702 թվականներին ճանապարհորդել է Հունաստանում, Թուրքիայում, Պաղեստինում, Հայաստանում և Վրաստանում և այդ ճանապարհարդության ընթացքում քաղած հարուստ տեղեկություններն ամփոփել է «Ուղևորություն Լևանտի երկրներ» (Relation d'un voyage du Levant) գրքում: Այստեղ հարուստ նյութ կա մեր հայրենիքի ու մեր ազգի տարբեր խավերի մասին: Ձեր ընթերցանությանն եմ ներկայացնում հայ վաճառականների մասին անդրադարձից մի հատված:


     «Հայերն աշխարհի լավագույն մարդիկն են` քաղաքավարի, անչափ բարեհոգի ու անչափ պարկեշտ: Ես նրանց երջանիկ կհամարեի զենքեր գործածելը չիմանալու համար, եթե անհրաժեշտ չլիներ երբեմն զենք գործածել, մարդկանց բնույթին հարիր դաժանությունից փրկվելու համար: Ինչ էլ որ լինի, հայերը միայն իրենց վաճառականությամբ են զբաղվում և իրենց ամբողջ կարողությունը դրա մեջ են ներդնում: Նրանք ոչ միայն ամբողջ Լեվանտի առևտրի տերն են, այլև մեծ մասնաբաժին ունեն Եվրոպայի մեծ քաղաքների առևտրում: Նրանք գալիս են Պարսկաստանի խորքերից, ու վաղուց չէ, որ հաստատվել են Մարսելում: Իսկ նրանցից քանի~սն են Հոլանդիայում և Անգլիայում: Նրանք առևտուր են անում մոնղոլների երկրում, Սիամում, ճավայում, Ֆիլիպիններում, ամբողջ Արևելքում` բացի Չինաստանից:

Հայ առևտրականների կենտրոնը Հայաստանում չէ, այլ` Ջուլֆայում` Սպահանի հռչակավոր արվարձանում, որի մասին բոլոր ճանապարհորդները գրել են: Այս արվարձանը, որ արժանիորեն քաղաքի համարում ունի, քանի որ ներառում է 30 հազարից ավելի բնակիչ, հայերի մի գաղթավայր է. Պարսկաստանի ամենամեծ արքա Շահ Աբբասը նրանց սկզբում տեղաբաշխեց Սպահանում, և որոշ ժամանակ անց նրանց տեղափոխեց Զանդերուդ (Զայանդե ռուդ) գետի մյուս ափը, որպեսզի նրանց բաժանի մահմեդականներից, որոնք նրանց ատում էին նրանց կրոնի պատճառով:

…Շահ Աբբասը երկու լավ բան է անում թագավորության համար. նա սահմանափակում է թուրքերի ազդեցությունը և զարկ է տալիս առևտրին: Երկրի խորքերը թուրքերի, որոնց պարսիկներն «օսմանլի» են անվանում, առաջընթացը խոչընդոտելու համար, նա կարծում է, որ անհրաժեշտ է նրանց զրկել սահմանում մեծ բանակ պահելու հնարավորությունից, և քանի որ հայերը այն հիմնական ազգն էին, որի վրա թուրքերը սովորաբար հարձակվում էին, նա որոշում է նրանց տեղահանել: Վիճակն ընկնում է Ջուլֆայի` երկրի ամենամեծ ու ամենահզոր քաղաքի վրա, որի ավերակները դեռ նկատելի են Արաքսից` Երևանի ու Թավրիզի միջև: Ջուլֆայի բնակիչներին հրաման է տրվում անցնել Սպահան, և այդ ժամանակից ի վեր այդ քաղաքը, որ նրանք լքեցին, կոչվում է Հին Ջուլֆա: Նախիջևանի և Երևանի շրջակայքի բնակչությանը ցրում են թագավորության տարբեր վայրեր: Պնդում են, թե արքայազնն ավելի քան քսան հազար հայ ընտանիք է տեղափոխել տվել Գիլանի նահանգ, որտեղից ծագում են Պարսկաստանի լավագույն օջախները:

Քանի որ Շահ Աբբասի միակ ցանկությունն է եղել հարստացնել իր երկրամասերը, և նա, համոզված լինելով, որ դա միայն առևտրի շնորհիվ կարող է անել, աչքը գցում է ամենահարուստ հայ առևտրականների վրա` որպես առևտրի յուրահատուկ հանճար ունեցող մարդիկ: Հայերի ճարպկությունը, տնտեսվարությունը, ազնվությունը, ձեռնարկումներում խստապահանջությունը, հեռավոր ճանապարհորդություններին դիմանալու կարողությունը նա բարձր է գնահատում: : Քրիստոնեական կրոնը, որ հեշտացնում էր նրանց հաղորդակցությունը Եվրոպայի պետությունների հետ, նրան պատկերանում էին ևս մեկ առավելություն` իր նպատակին հասնելու համար: Մի խոսքով, այն աշխատասիրությունը, որ ունեին հայերը, նրանց դարձնում էին ամբողջ աշխարհի ամենահռչակավոր առևտրականները:

Ի վերջո, այս արքայազնը, որի հանճարը մեծ էր պատերազմական գործերում ու քաղաքականության մեջ, պիտի օգտվեր այս ժողովրդի տաղանդից` իր թագավորության այս հասած ապրանքից: Առևտրի հիմքերն ամրապնդելու համար նա նա հայերին է հանձնում Նոր Ջուլֆան …օտար երկրների և Եվրոպայի միջև առևտուր ծավալելու համար` այն պայմանով, որ նրանք անձամբ կուղեկցեն քարավաններին և վերադառնալիս կվճարեն այն հարկը, որ նրանցից պահանջվել էր մեկնելուց առաջ դատավորների կողմից: Նրանց քաջալերելու համար, որպեսզի օգտվեն այդ առևտրից, նրանց էր հանձնվում այն ամենը, ինչ նրանք կարող էին շահել սահմանված գնից վեր: Հաջողությունները գերազանցեցին հույսերը: Քանի որ մետաքսն այսօր էլ Պարսկաստանի լավագույն ապրանքն է, այն այժմ էլ ամենապահնջվածներից է: Եվրոպայից իրենց վերադարձին հայերն Անգլիայից ու Հոլլանդիայից բերում էին կտավներ, Վենետիկից` ապակի, ժամացույց և այն ամենը, որ նրանց կարծիքով պահանջարկ ուներ իրենց երկրում ու Հնդկաստանում: Կարելի է տեսնել, թե նրանք որքան հաստատությունների, որքան մանուֆակտուրաների ծնունդ են տվել Եվրոպայում ու Ասիայում: Աբբաս Մեծն ամբողջ երկրի դիմագիծը փոխել է տալիս. Արևելքի բոլոր ապրանքները հայտնի են դարձվում Արևմուտքում և Արևմուտքի ապրանքներն էլ Արևելքին նոր դիմագիծ են տալիս:

Նոր Ջուլֆան շուտով տարածվում է Զանդերու գետի ափին: Տների հոյակերտությունից ու պարտեզների գեղեցկությունից երևում է, որ բնակիչները ճաշակել են Եվրոպայի լավագույն քաղաքների համը…Թագավորն այլևս դրանց չի խառնվում. Ջուլֆայի քաղաքացիներն իրենց գործակալների և դատախազների միջոցով աջակցում են այս մեծ առևտրին և օժանդակում են աշխարհի մնացյալ մասից ձեռք բերել այն ամենը, ինչը հետաքրքրում է Արևելքին: Այդ դատախազները հայեր են, որոնք որոշ օգուտի դիմաց ստանձնում են ապրանքներով բեռնված քարավանն ուղեկցելու գործը և մեծ առավելությամբ են օժտում նրանց, ովքեր նրանց վստահում են:

Նրանք ուղևորությունների ընթացքում չեն հոգնում և արհամարհում են տարվա եղանակների խստությունները: Մենք տեսանք շատերին, և նույնիսկ շատ հարուստների՝ մեծ գետերը ոտքով անցնելիս՝ մինչը կոկորդը ջրի մեջ, որպեսզի ձիերին հանեն և փրկեն իրենց կամ իրենց բարեկամների ապրանքը, որովհետև թուրք ուղեկցորդները չեն մտահոգվում այն ապրանքների ճակատագրով, որոնց ուղեկցում են:

Գետակներն անցնելիս հայերն իրենց ձիերի կողքով են քայլում և ամբողջ ճանապարհորդության ժամանակ օգնում են ոչ միայն իրենց ազգակիցներին, այլև այլազգիներին: Այս բարեմիտ մարդիկ իրենց սովորություններից ամենևին չեն շեղվում, միշտ նույնն են, չափազանց խռովարար օտարներից խույս են տալիս և հարգում են խաղաղասերներին, որոնց ամենայն սիրով հյուրընկալում են ու կերակրում: Երբ խնամում էինք իրենց հիվանդներից մեկին, ամբողջ քարավանն էր մեզ շնորհակալություն հայտնում: Երբ նրանց հաղորդում էին, որ մի քարավան պետք է անցնի, նրանք մեկ կամ երկու օր ընդառաջ էին գնում իրենց գործընկերներին, նրանց համար թարմացնող բաներ էին տանում, լավագույն գինի` ոչ միայն առաջարկում էին ֆրանսիացիներին, այլև անկեղծ սրտով խմում էին նրանց կենացը: Նրանց մեղադրում են, թե նրանք գինի շատ են սիրում, բայց երբեք չզգացինք, որ նրանք գինին չարաշահեն, ընդհակառակը, պետք է ասել, որ բոլոր ճանապարհորդներից հայերն են ամենաժուժկալը, ամենախնայողը և ամենաքիչ փառամոլը: Եթե նրանք իրենց տնից դուրս գալիս երկարատև ճանապարհորդության համար բավականին մեծ քանակության պարենամթերք են վերցնում. նրանք հույս են ունենում, թե այդ պարենամթերքը տեղափոխելն իրենց վրա թանկ չի նստի, որովհետև, սովորաբար, երբ նրանք վարձում են վեց ուղտ, շուկայում նրանց տալիս են յոթերորդը, որպեսզի դրան բարձեն իրենց ուղեբեռը:

Ճանապարի համար բարձված պարենամթերքն ալյուր է, կարկանդակ, ծխեցված միս, յուղ, գինի, օղի, չոր մրգեր:

Երբ նրանք կայանում են մի քաղաքում, էժան սենյակ են վարձում և բոլորով այդ սենյակում են գիշերում: Նրանք առանց ձկնորսական ցանցի ճամփա չեն գնում. ճանապարհին ձուկ են որսում ու մեզ հաճախ հիանալի ձուկ են հյուրասիրել: Նրանք ճանապարհին համեմունքը փոխանակում են թարմ մսի կամ իրենց հաճելի այլ սննդամթերքի հետ: Ասիայում նրանք վաճառում են Վենետիկի, Ֆրանսիայի, Գերմանիայի արտադրանքները: Փոքր հայելիները, մատանիները, կախազարդերը, էմալը, փոքր դանակները, մկրատները, ասեղները գյուղերում շատ են պահանջված: Իսկ Եվրոպա նրանք տանում են համեմունքներ ու մուշկ:

Միակ բանը, որի համար կարելի է հանդիմանել առևտուր անող հայերին, դա այն է, որ երբ նրանց գործերն օտար երկրներում վատ են լինում, նրանք այլևս իրենց երկիր չեն վերադառնում. Նրանք ասում են, թե պատճառն այն է, որ իրենք երես չունեն իրենց պարտապաններին տեսնելու:

Բայց դա սնանկացածին չի արդարացնում: Միակ արդարացուցիչ հանգամանքն այն է, որ հայ վաճառականների մեջ շատ հազվադեպ էին լինում սնանկացածներ»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3300 | 0 | 0
Facebook