Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ.

Հոդվածներ

Սեռական հանցագործությունները նախահեղափոխական Ռուսաստանում. հարսնապղծություն

12:19, կիրակի, 10 մարտի, 2019 թ.
Սեռական հանցագործությունները նախահեղափոխական Ռուսաստանում. հարսնապղծություն

Սեռական պահանջների բավարարման այս եղանակի գոյության պատճառը գյուղացիական կենցաղում է թաքնված եղել: Պատճառներից մեկը՝ վաղ ամուսնություն: 19-րդ դարի կեսերին Տամբովի նահանգի շրջաններից մեկում ընդունված է եղել 12-13 տարեկան տղաներին 16-17 տարեկան աղջիկների հետ ամուսնացնելը: Հարսնապղծության հակում ունեցող հայրերն իրենց պատանի որդիներին դիտմամբ ամուսնացրել են, որպեսզի օգուտ քաղեն նրանց անփորձությունից: Հարսնապղծության մյուս պատճառը գյուղաբնակ երիտասարդ տղամարդկանց արտագնա աշխատանքն է եղել: «Երբեմն երիտասարդ ամուսինը տանը մեկ տարի էլ չի ապրում, երբ հայրը նրան դեպի Վոլգա կամ մեկ ուրիշ տեղ է ուղարկում աշխատանքի: Կինը մենակ մնում է տանը՝ սկեսուրի թույլ հսկողության ներքո»: Օրյոլի մարզի շրջաններից մեկի ինֆորմատորը 1899 թվականին հաղորդել է. «Այստեղ հարսնապղծությունն այն պատճառով է տարածված, որովհետև ամուսինները գնում են փող վաստակելու, իրենց կանանց հետ տարվա ընթացքում երկու անգամ են հանդիպում, սկեսրայրը մնում է տանը և վարվում է այնպես, ինչպես ուզում է»: Յարոսլավլի նահանգի շրջաններից մեկից ուղարկված թղթակցության հեղինակը նշել է. «Հաճախակի են այն դեպքերն ընտանիքներում, երբ երիտասարդ ամուսինը, աշխատելով ֆաբրիկայում, տարիներով բացակայում է կամ զինծառայություն է կատարում, և նրա հայրն սկսում է ամենակոպիտ եղանակներով պղծել հարսին»:

Օգտվելով որդու բացակայությունից, իսկ երբեմն էլ նրա առկայությամբ, սկեսրայրը հարսին ստիպել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ: Գործի են դրվել բոլոր միջոցները՝ համոզելը, նվերները և այլն: Սովորաբար, այդպիսի նպատակասլաց պաշարումը արդյունավետ է եղել: Եթե հարսը չի զիջել, նրան ուժից վեր աշխատանքների են լծել, անդադար հանդիմանել են, հայհոյել ու հաճախ էլ ծեծել են: Այն կինը, որը չի զիջել սկեսրայրի սեռական ցանկությանը, Կալուգայի նահանգի գյուղական թղթակցի հաղորդման համաձայն, անտանելի, տանջալի կյանք է ունեցել: Սկեսրայրի հետապնդումներին ենթարկված գեղջկուհին պատմել է, թե ինչպես է սկեսրայրը վրեժխնդիր եղել իր մերժման պատճառով. նա որդու մոտ չարախոսել է հարսից, թե նա ամուսնու բացակայության ժամանակ սեռական հարաբերություններ է ունեցել օտար տղամարդկանց հետ: Նախահեղափոխական տարիների հետազոտող Ե. Սոլովևը գրել է. «Երբ հարսը չի ցանկացել սկեսրայրի հետ կենակցել, նա նրան դաժանորեն ծեծել ու բանտարկել է սառն ամբարում կամ նկուղում»:

Սկեսրայրի կողմից հարսին սեռական հարաբերության դրդելու տիպական օրինակ է բերված Օրյոլի նահանգի գյուղերից մեկին վերաբերող թղթակցությունում (1899 թ.): «Հարուստ գյուղացի Սյոմինը, 46 տարեկան, ունենալով հիվանդ կին, իր երկու որդիներին ուղարկում է հանքահորում աշխատելու, իսկ ինքը մնում է երկու հարսների հետ: Սկզբում նա սկսում է հետամտել ավագ որդու՝ Գրիգորիի կնոջը, ու քանի որ գյուղացիական կանայք մեծ թուլություն ունեն զուգս ու զարդի նկատմամբ ու ոգելից խմիչքների հակում ունեն, ապա հասկանալի է, սկեսրայրը շատ հեշտությամբ համոզում է այս հարսին: Այնուհետև նա սկսում է սիրատածել կրտսեր հարսին: Երկար ժամանակ նա չի հանձնվել, բայց, ի վերջո, ճնշումների ու նվերների արդյունքում, համաձայնել է: Փոքր հարսը, նկատելով սկեսրայրի սիրախաղերը ավագ հարսի հետ, նրանց սեռական մերձեցման պահին սկեսուրին բերում է նկուղ: Գործը փակվում է թեթև նվերներով. պառավին ամուսինը կապույտ գույնի սարաֆան է գնում, իսկ հարսներին մեկական գլխաշոր է նվիրում»:

Ընտանեկան սիրային բախումները, սակայն, միշտ բարեհաջող վախճան չեն ունեցել: Անբնական սեռական կապը գյուղացիական ընտանիքում հաճախ նաև ողբերգական ավարտ է ունեցել: «Դոնի մարզային տեղեկատու» -ի 1873 թվականի համարը տեղեկացնում է, որ կինը սպանել է ամուսնուն՝ բռնելով նրան հարսնապղծության մեջ: Տամբովի նահանգի մեկ այլ գյուղի բնակիչ՝ Ֆիլիմոն Վոլկով անունով, սպանել է իր կնոջը իր հոր հետ կենակցելու պատճառով: Պսկովի նահանգի գյուղերից մեկի բնակիչը սպանում է իր հորը՝ իր կնոջ հետ կենակցելու պատճառով: 20-րդ դարի սկզբում դատաքննություն է տեղի ունենում որդեսպանության փաստով: Երեսունամյա մեղադրյալ կինը խոստովանում է, որ վեց տարի շարունակ, հնազանդվելով սկեսրայրի պահանջին, նրա հետ սեռական կապի մեջ է եղել, նրանից երեխա է ծնել, որն այդ պահին հինգ տարեկան է եղել: Սկեսրայրից նա երկրորդ անգամ է հղիացել: Բայց այս անգամ 59-ամյա սկեսրայրն իր նորածին զավակին ողջ-ողջ թաղել է իրենց խորդանոցում: Կոստրոմայի նահանգի գյուղերից մեկի բնակչի մայրը՝ լինելով նրա հետ սիրային կապի մեջ, թունավորում է իր հարսին: Թունավորման պատճառը խանդն է լինում: Մոր և որդու սիրային կապը դատի ժամանակ հաստատել են նրանց ազգականները:

Երիտասարդ կանայք շատ հազվադեպ տեղական դատարանների օգնությանն են դիմել սկեսրայրի ոտնձգություններից պաշտպանվելու համար, բայց, որպես կանոն, այդ դատարաններն աշխատել են խույս տալ նման բողոքներ քննարկելուց: Եթե սկեսրայրի հանցավոր կապը հարսի հետ բացահայտվել է, մեղավորը, որպես կանոն, համարվել է հարսը, որի հետ նրա ամուսինը դաժան դատաստան է տեսել: Ահա մի բնորոշ օրինակ. «Կնոջը ծեծել է այնքան, որ կիսամեռ վիճակի է հասցրել… Մազերը կիսով չափ պոկոտվել են, ամբողջ դեմքը կապտուկներով է պատված, մարմինն արնաշաղախ է, հագուստը պատառ-պատառ է արված…կինը դրսում ամբողջովին մերկ էր հայտնվել»:

Հարկ է նշել, որ ռուս մուժիկը լավ է հասկացել այդ կապի ամբողջ մեղսալիությունը: Օրինակ` Օրյոլի նահանգում արնապղծությունը համարվել է մեծ հանցագործություն, որն Աստված այն աշխարհում չի ների: Յարոսլավլի գյուղացիները հարսնապղծությունը հավասարեցրել են հարազատ աղջկա հետ կենակցությանը: «Ամուսինն ու կինը մեկ մարմին են ու մեկ հոգի: Որդու կնոջ հետ կենակցելը նույնն է, թե հայրը կենակցում է իր որդու կամ դստեր հետ»:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
4926 | 1 | 0
Facebook