Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հին հույների դիցարանի Պերսեփոնե աստվածուհու մասին գեղեցիկ առասպելը

19:14, չորեքշաբթի, 06 մարտի, 2019 թ.
Հին հույների դիցարանի Պերսեփոնե աստվածուհու մասին գեղեցիկ առասպելը

Հունական դիցաբանությունը նրան համարել է ստորգետնյա թագավորության տիրուհի, հացաբույսերի աճման և երկրային պտղաբերության աստվածուհի, որի պաշտամունքը Պիլոսում գոյություն է ունեցել դեռևս միկենյան ժամանակաշրջանում: Պերսեփոնեն եղել է տեղական հին աստվածուհի, որի պաշտամունքը տարածված է եղել նախքան հույների ներխուժումը Բալկանյան թերակղզի: Նվաճող հելլենները Պերսեփոնեի պաշտամունքը միաձուլում են կույս աստվածուհի Կորայի պաշտամունքին: Կորան փառաբանվել է որպես պտղաբերության աստվածուհի, և, հնարավոր է, սկզբնապես նույնացվել է մայր աստվածուհի Դեմետրայի հետ: Հունական կրոնի հետագա զարգացմանը զուգահեռ` Պերսեփոնեն Կորային վերածում է Դեմետրայի աղջկա, բայց այդ աստվածուհիների պաշտամունքի ընդհանրությունը պահպանվում է հին Հունաստանի ամբողջ պատմության ընթացքում:

Օլիմպոսյան կրոնում Պերսեփոնեն Զևսի ու Դեմետրայի դուստրն է:

Պտղաբերության ու երկրագործության աստվածուհի Դեմետրան շատ է սիրել իր միակ դստերը՝ գեղեցկուհի Պերսեփոնեին և նրա համար Հելլադայի մարգագետիններում սքանչելի ու բուրումնավետ ծաղիկներ է աճեցրել, թիթեռնիկներին ու ճպուռներին թույլ է տվել դրանց մեջ թռկոտել, իսկ երգող թռչուններին հրամայել է մարգագետիններն ու պուրակները լցնել անուշ մեղեդիներով: Երիտասարդ Պերսեփոնեն շատ է սիրել քեռի Հելիոսի՝ Արևի աստծու լուսավոր աշխարհն ու մայրիկի կանաչ մարգագետինները, փարթամ ծառերը, վառվռուն ծաղիկները, քչքչան գետակներն ու դրանց ջրերում խայտող արևի ճաճանչները: Ե'վ նա, և' նրա մայրը չգիտեին, որ Զևսը խոստացել է երիտասարդ գեղեցկուհուն կնության տալ իր մռայլ եղբորը՝ Հադեսին՝ ստորգետնյա թագավորության տիրակալ աստծուն:

Մի անգամ Դեմետրան և Պերսեփոնեն զբոսնելիս են լինում կանաչ մարգագետնում: Պերսեփոնեն ընկերուհիների հետ չարաճճիություններ է անում՝ հրճվելով արեգակի լույսով ու ջերմությամբ, ըմբոշխնելով մարգագետնի ծաղիկների բույրերը: Հանկարծ նա խոտերի մեջ տեսնում է աներևակայելի գեղեցկության մի ծաղիկ, որը թմրեցնող բուրմունք էր արձակում: Այդ ծաղիկը, Հադեսի խնդրանքով, Գեան էր աճեցրել, որպեսզի Պերսեփոնեի ուշադրությունը գրավի: Հենց որ աղջիկը ձեռքն հպում է զարմանահրաշ ծաղկին, երկիրը բացվում է, ու գետնի տակից չորս սևաթույր ձի լծված ոսկե կառք է դուրս գալիս: Կառքը վարում էր Հադեսը, որը հափշտակում է Պերսեփոնեին ու տանում է ստորգետնյա թագավորության իր պալատը: Պերսեփոնեն հասցնում է միայն ճչալ: Լսելով դստեր ճիչը` մայրը շտապ գալիս է այն վայրը, որտեղ թողել էր նրան, բայց Պերսեփոնեին չի գտնում: Վշտահար Դեմետրան սև է հագնում և ինը օր շարունակ, խելակորույս վիճակում, դառն արցունք հեղելով` դստերն է փնտրում: Ոչ ոք չի կարողանում նրան օգնել: Տասներորդ օրը նա գալիս է Հելիոս աստծո մոտ և աղաչում է ասել, թե որտեղ է դուստրը:

«Մեծ աստվածուհի, - պատասխանում էՀելիոսը, - դու գիտես, որ ես քեզ շատ եմ հարգում…Իմացիր, որ ամենազոր Զևսը քո դստերը կնության է տվել Ստվերների թագավորության տիրակալին…Հաղթահարի'ր վիշտդ, չէ՞ որ քո դստեր ամուսինը զորավոր տղամարդ է»:

Էլ ավելի է հեծեծում աստվածուհի Դեմետրան ու լքում է Օլիմպոսը: Հասարակ մահկանացուի կերպարանք առնելով` նա երկար ժամանակ թափառում է մահկանացուների միջավայրում` շարունակելով արցունք հեղել: Առանց նրա բարեբեր ուժի երկրի վրա ամեն տեսակ բույսի աճը կանգ է առնում. ծառերը տերևաթափ են լինում, մարգագետինների ծաղիկները թառամում են, հացաբույսերը բերք չեն տալիս: Բերք չեն տալիս ո՛չ դաշտերը, ո՛չ այգիները: Սով է սկսվում: Մարդկային ցեղին կործանում է սպառնում:

Ի վերջո Դեմետրան մոտենում է Էլևսին քաղաքին: Քաղաքի պատերի մոտ նա նստում է ձիթենու ստվեում: Նրան նկատում է Էլևսինի թագավորի դուստրը` Քելեան, ու բերում է իր մոր` Մատենեյրայի մոտ: Հենց որ աստվածուհու գլուխը հպվում է դռանը` ամբողջ տունն աստվածային լույսով է ողողվում: Մատենեյրան անմիջապես հասկանում է, որ իր տան դռանը աստվածուհի է կանգնած:

Դեմետրան մնում է Քելեայի մոտ: Շուտով նա կարգադրում է Էլևսինում տաճար կառուցել ու ինքն էլ սահմանում է, որ այս տաճարում ամենամյա տոնակատարություններ պիտի անցկացվեն:
     Բայց վիշտը չի լքում Դեմետրային, և դրա հետևանքով հողն անպտուղ էր, ու սովն էլ ավելի էր ուժգնանում: Բոլոր կենդանի արարածներին կործանում էր սպառնում: Այդժամ Զևսը Դեմետրայի մոտ է ուղարկում աստվածների պատգամաբերուհուն` ծիածանի աստվածուհի, աստվածների ու մարդկանց միջև միջնորդ Իրիսին, որն իր ծիածանի թևերով հասնում է Էլևսին` Դեմետրայի կառուցած տաճար ու աստվածուհուն խնդրում է վերադառնալ Օլիմպոս: Դեմետրան մերժում է նրա խնդրանքը:

Զևսն ստիպված է լինում Հերմեսին ուղարկել Հադեսի մոտ՝ պահանջելով, որ նա ժամանակ առ ժամանակ կնոջը թույլ տա երկիր վերադառնալ, որպեսզի մայրը տեսնի նրան: Հադեսը, բնականաբար, չի համարձակվում հակառակվել եղբոր խնդրանքին, բայց կնոջն ազատություն տալուց առաջ նրան նռան յոթ (կամ երեք) հատիկ է տալիս: Այդ հատիկները գոյացել էին Դիոնիսոսի արյան կաթիլներից: Հադեսի պալատում գտնվելու ամբողջ ընթացքում ուտելիքից հրաժարված Պերսեփոնեն կուլ է տալիս նռան հատիկներն ու դրանով իսկ ակամա դատապարվում է վերադառնալ Հադեսի թագավորություն:

Տեսնելով դստերը՝ Դեմետրան ցնծում է, նրա աչքերում ուրախության արցունքներ են շողշողում: Այդ արցունքներով ոռոգվում է երկիրը, և մարգագետինները դալար խոտով են պատվում, ծաղիկները նորից ծաղկում են, ցորենի սմքած հասկերը նորից լցվում են: Բնությունը նոր կյանք է առնում:

Դեմետրային սփոփելու համար Զևսը որոշում է, որ (ըստ հոմերոսյան հիմնի) Պերսեփոնեն պետք է տարվա երկու երրորդն անցկացնի Օլիմպոսում, իսկ մեկ երրորդը` Հադեսի թագավորությունում, կամ (ըստ Օվիդիոսի) տարվա կեսը (գարուն, ամառ)` Օլիմպոսում, իսկ մյուս կեսը (աշուն, ձմեռ)` Հադեսի թագավորությունում:

Ահա այսպես է ծնունդ առնում տարվա եղանակների հերթագայությունը: Երբ Պերսեփոնեն ամուսնու թագավորությունում է լինում, Դեմետրան վշտանում է, ու երկրի վրա ձմեռ է սկսվում: Բայց դստեր ամեն վերադարձը մոր մոտ, քեռի Հելիոսի թագավորություն, ամբողջ բուսական աշխարհը նոր կենսահյութով է լցվում ու իր հետ գարուն է բերում իր բոլոր գեղեցկություններով: Ահա թե ինչու Պերսեփոնեին միշտ պատկերում են ծաղիկների փունջը ձեռքին գեղեցիկ աղջիկ ու նրան համարում են գարնանային ծաղիկների ու բույսերի թագավորության աստվածուհի Ֆլորայի քույր:

Որոշ աղբյուրների համաձայն` Օլիմպոսում գտնվելու ժամանակաշրջանում Պերսեփոնեն ամեն առավոտ երկինք է բարձրանում ու դառնում է Կույսի համաստեղություն, որպեսզի մայրն ամեն տեղից իրեն տեսնի և չկարոտի: Կույսի համաստեղության ամենավառ աստղի անունը Սպիկա է, որ հասկ է նշանակում:

Պերսեփոնեի ամենամյա վերադարձը մեռելների թագավորությունից, մեռնող և հարություն առնող աստվածության մասին (Օսիրիս, Ադոնիս և ուրիշներ) հնում տարածված առասպելների տարբերակներից մեկն է: Առասպելը խորհրդանշում է բուսականության մահանալն ու զարթոնքը, հողի մեջ նետված` անկենդան թվացող ցորենի հատիկի ծլարձակումը: Հողի պաշտամունքի հետ կապված մյուս աստվածությունների նման, Պերսեփոնեն ևս ոչ միայն կարգավորում է երկրի պտղաբերությունը, այլև իշխում է հողին հանձնված մեռյալների վրա: Մեռյալների տիրուհի Պերսեփոնեի մասին առասպելները նրան ստոգետնյա թագավորությունում ավելի մեծ դեր էին հատկացնում, քան Հադեսին: Նա էր կառավարում ստորգետնյա թագավորության ճիվաղներին, կտրում էր մեռնողների վերջին կապը ողջերի հետ: Այս ահեղ ու մռայլ տիրուհու տարբերությունը բուսական աշխարհը վերածնող բերկրալի աստավածուհուց, ստիպում է հետագա առասպելագիրներին մահվան աստվածուհու համար հորինել նոր տոհմագրություն: Որոշ առասպելներ Պերսեփոնեին համարում են ոչ թե Դեմետրայի, այլ ստորգետնյա Ստիքս գետի դուստրը: Որպես ստորերկրյա աստվածուհի` Պերսեփոնեն առաջվա նման սերտորեն կապված է Դեմետրայի հետ: Էլևսիսում Դեմետրայի և Պերսեփոնեի ընդհանուր պաշտամունքը միստերիաների բնույթ է ստացել: Կրոնական պատկերացումների հետագա զարգացմամբ` բերքի աստվածուհին դիտվում է որպես երկրագործության հետ անքակտելիորեն կապված նստակյաց կյանքի հաստատող և օրենսդիր: Աթենքում Դեմետրային և Պերսեփոնեին անվանել են «թեսմոփորաներ» (օրենքի կրողներ) և ենթադրում էին, որ նրանք հովանավորում են ամուսնությունը և ընտանեկան հարաբերությունները: Աշնանը նրանց պատվին կատարվել է «Թեսմոփորիա» տոնը

Պերսեփոնեն ինքնուրույն նշանակություն է ստանում օրփեոսականների խորհրդապաշտական ուսմունքում: Պերսեփոնեն դառնում է Զևսի կինը և Զագրեոսի (Դիոնիսոսի) մայրը, այսինքն` բնության մեջ ստեղծարար սկզբունքի աստվածություն: Ավելի ուշ շրջանի կրոնական համակարգերում Պերսեփոնեն նույնացվում է ստորգետնյա թագավորության այլ աստվածությունների` Գեայի, Հռեայի, Հեկատեի, Իսիսի հետ:

Հռոմում Պերսեփոնեին Պրեզերպինա են անվանել ու նույնացրել են բուսականության աստվածուհի Լիբերայի հետ: Պերսեփոնեի պաշտամունքը հռոմեացիները փոխ են առել Հարավային Իտալիայի և Սիկիլիայի հույներից: Հռոմեացիները Պերսեփոնեի հետ կապված բոլոր առասպելները վերագրել են Պրոզերպինային: :

Անտիկ արվեստում Պերսեփոնեի պատկերումներն արտացոլում են աստվածուհու երկակի բնույթը: Որպես ստորերկրյա թագավորության աստվածուհի` Պերսեփոնեին պատկերել են Հադեսի կողքին` մի ձեռքին ջահ, մյուս ձեռքին` նուռ: Որպես պտղաբերության աստվածուհի` Պերսեփոնեին պատկերել են մարգագետնում ծաղիկներ քաղող կամ հասկերով զարդարված երիտասարդ աղջկա տեսքով:


     Պերսեփոնեի կերպարը ներշնչել է Ռեմբրանդտին, Ռուբենսին, Բեռնինիին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
8385 | 0 | 0
Facebook